• Ամուսնական կողակցի ընտրություն

    «Ապագա ամուսինների ծանոթության և փոխադարձ համակրանքի ակունքներում Տերն է»:


    Ի՞նչ են նշանակում Հիսուսի հետևյալ խոսքերը. «Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»: Արդյո՞ք նշանակում է, որ ամուսնական կողակցի ընտրությունը կատարում է Աստվա՞ծ, այլ ոչ թե՞ մարդը:

     

    Այդ հարցին պատասխանելու համար՝ մենք նախ պիտի տարբերակենք առաջնային և երկրորդական պատճառները: Ամեն մի արարչագործության և արարքի առաջնային պատճառը Աստվածն է, իսկ մարդիկ՝ երկրորդական պատճառն են: Անկասկած, երկու մարդու հանդիպման առաջնային պատճառը Աստվածն է, այն իմատով, որ աշխարհում ամեն ինչ վերահսկվում է Նրա կողմից, և մարդկանց միջև հանդիպումները նույնպես Նրա ծրագրի մասն են կազմում: Սակայն Աստված մարդկային միություններն այնպես չի կառավարում, կարծես նրանք պարզապես խամաճիկներ լինեն Իր ձեռքում: Աստված ամեն մի մարդու տալիս է ազատություն և անձնական նախաձեռնություն, և իրար հանդիպած մարդիկ՝ միմյանց ճանաչելու, շարունակաբար հանդիպելու, ընկերությունը խորացնելու ազատ ընտրության իրավունք ունեն: Նրանք կարող են նաև միմյանց չընտրել որպես կյանքի կողակիցներ: Տերը մարդուն կարող է տալ բազմաթիվ հնարավորություններ այդ ընտրության համար, սակայն ամեն ոք ինքն է ամուսնանալու և կյանքի կողակցի ընտրության որոշումը կայացնում:

     

    Սակայն երբ երկուսը ամուսնանալու որոշում են կայացնում, ապա Աստված ամրացնում է այդ միությունը, այնպես որ երկուսը դառնում են մեկ մարմին, չնայած որ ամուսիններից յուրաքանչյուրը պահպանում է ինքնուրույնությունն ու էությունը: Տղամարդու և կնոջ միջև ամուսնական համաձայնության պահին այնպիսի ամուր կապեր են հաստատվում, որ նրանք պատկանում են մեկը մյուսին:

     

    Անշուշտ, կարելի է ասել, որ ապագա ամուսինների ծանոթության և փոխադարձ համակրանքի ակունքներում Տերն է, այդ իմաստով Նա ամուսնական զույգերի ստեղծման սկզնաղբյուրն է: Սակայն Նրա ծրագիրը կարող է ներառել շատ մարդկանց, որոնց հետ կարելի կլիներ ամուսնանալ: Սխալ չի լինի, եթե պնդենք, որ որոշ հանդիպումներ Աստծո ծրագրում արտոնյալ են: Ահա թե ինչու է այս կամ այն ծրագիրը ավելի համապատասխան ու համահունչ լինում Տիրոջ կամքին:

     

    Անկասկած, Աստված մարդկանց է թողնում երկրորդական պատճառը, այսինքն՝ սխալվելու և այնպիսի ամուսնական կապ հաստատելու հնարավորությունը, որը չի ամրագրվի Աստծո կողմից: Նման դեպքերը քննարկում է Եկեղեցին և կատարում մանրակրկիտ կանոնական հետազոտություն, որի արդյունքում պարզվում է, որ ամուսնությունն անհիմն է եղել, այսինքն՝ իրականում գոյություն չի ունեցել։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց