• Հույսի թեմայով հոգևոր կրթության օրեր՝ հայ կաթողիկէ համայնքներում

    «…Աստծո սերը սփռված է մեր սրտերում, որ տրվեց մեզ Սուրբ Հոգով», Հռմ. 5:5


    Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի կողմից հռչակված «Հույսի» հոբելյանական տարվա խորհրդով ներշնված՝ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն այս տարվա սկզբին հայրական կոչ ուղղեց Առաջնորդության համայնքներում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականներին և հավատավոր ժողովրդին՝ հոգևոր ձեռնարկներ կազմակերպել՝ Հույսի առաքինության քրիստոնեական ապրումը խթանելու նպատակով: Յուրաքանչյուր հայ կաթողիկէ ժողովրդապետություն կազմել է իր ձեռնարկների մանրամասն ծրագիրը, որով առաջնորդվելով՝ համայնքներում կազմակերպվում են տարբեր աղոթական և խորհրդածական միջոցառումներ: Մեծի Պահոց օրերին համայնքներում հոգևոր հայրերը կազմակերպել են Հույսի թեմայով հոգևոր կրթության օրեր կամ խորհրդածության պահեր՝ Ճանապարհ Խաչի ջերմեռանդական աղոթքներից հետո, ինչպես օրինակ՝ Երևանում, Աշոցքի համայնքներում, Գյումրիում, Լանջիկում, Ռուսաստանի Վենյովում և այլուր: Ընթերցվել են հատվածներ Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապի «Հույսը երբեք չի ամաչեցնում» խորագրով պապական կոնդակից, տրվել են մեկնաբանություններ, տեղի են ունեցել քննարկումներ:

     

    Հիշեցնեմ, որ «Հույսը երբեք չի ամաչեցնում» կոնդակով Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը հռչակեց Հույսի հոբելյանական տարին: Այդ կոնդակում Քահանայապետը կոչ է անում կաթողիկէ բոլոր հավատացյալներին ի սփյուռս ամբողջ աշխարհի այս տարի հատուկ ուշադրություն դարձնել Հույսի մասին խորհրդածությանը և ամենուր կազմակերպել հոգևոր ձեռնարկներ՝ Հույսի ընկալումը և ապրումը խորացնելու համար, մանավանդ, այն վայրերում, որտեղ պատերազմի, աղքատության և մարդու իրավունքների խախտման հետևանքով տարածված է հուսալքությունը, անտարբերությունը՝ միմյանց կարիքների հանդեպ, երազանքների բացակայությունը երիտասարդների մոտ, ապագայի հանդեպ լավատեսության և վստահության անկումը: Պապն իր նամակով կոչ է անում բոլորիս վերստին հաստատվել հույսի մեջ, որովհետև, ինչպես Սուրբ Պողոսն է գրում հռոմեացիներին ուղղված իր նամակում. «…Աստծո սերը սփռված է մեր սրտերում, որ տրվեց մեզ Սուրբ Հոգով», Հռմ. 5:5:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    9 ապրիլի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց