• Ավարտվեց Արևելյան Եկեղեցիների Առաջնորդների խորհրդաժողովը՝ նվիրված «Amoris laetitia» նամակի 10-ամյակին

    Առաջնորդների համընդհանուր համաձայնության ամենահստակ կետերից մեկը, նրա խոսքով, «փոփոխությունների արագացված տեմպն է», որն ազդում է ընտանիքների, ամուսնության և դրա հետ կապված սովորույթների վրա աշխարհի տարբեր երկրներում վերջին տասը տարիների ընթացքում։


    2026թ. հոկտեմբերի 14-ին ավարտվեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Պապի «Amoris laetitia» նամակին 10-ամյակին նվիրված Արևելյան Եկեղեցիների Առաջնորդների խորհրդաժողովը, որին, ինչպես նախապես տեղեկացրել էինք, մասնակցեց նաև Արհի. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը՝ ֆրանսախոս խմբի եպիսկոպոսների և մասնագետների հետ միասին, դիտորդի կարգավիճակով:

     

    Հոկտեմբերի 14-ի առավոտյան Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցվեց խորհրդաժողովը եզրափակող Սուրբ Պատարագը՝ ձեռամբ Կարդինալների Ժողովի Դեկան Վսեմաշուք Կարդինալ Լուիս Անտոնիո Թագլեի՝ Ն. Ս. Լևոն ԺԴ Պապի փոխարեն, ով հոկտեմբերի 13-ին ստիպված եղավ անցնել անհապաղ վիրահատություն և այժմ գտնվում է բուժման ընթացքում: Սուրբ Պատարագի ընթացքում Կարդինալ Թագլեն ընթերցեց Սրբազան Պապի պատրաստած քարոզը, որի սկզբում Պապը, դիմելով խորհրդաժողովի մասնակիցներին, ասում էր.

     

    «Այն ուրախությունը, որն ընտանիքներն ապրում են սիրո մեջ, նաև Եկեղեցու ուրախությունն է» (Ֆրանցիսկոս Պապ, Առաքելական հորդոր «Amoris Laetitia», 19 մարտի 2016 թ․, 1)։ Այս խոսքերով տասը տարի առաջ Ֆրանցիսկոս Պապը սկսեց իր «Amoris Laetitia» Առաքելական հորդորը։ Այսօր, երբ մենք տոնակատարում ենք Սուրբ Պատարագը, Տիրոջն ենք ընծայում այս փաստաթղթի շուրջ մեր կատարած աշխատանքի պտուղները և ձգտում ենք ի սրտե ընդունել այդ նամակի հարստությունը ու գործնականում կիրառել դրա հովվական առաջնորդությունը»։

     

    Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ ամփոփելու համար խորհրդաժողովի բանախոսությունների և քննարկումների արդյունքները: Մամլո ասուլիսի բանախոսներն էին՝ Էկվադորի Գուայակիլի Արքեպիսկոպոս, Կարդինալ Լուիս Հերարդո Կաբրերա Հերերան (O.F.M.), Մալթայի Արքեպիսկոպոս Չարլզ Ջուդ Սիկլունան, Չիկագոյի ԴեՓոլ համալսարանի պրոֆեսոր Ստանիսլաուս Չու Իլոն, Սինոդի Գլխավոր քարտուղարության խորհրդական, մեթոդաբանության պատասխանատու Հայր Ջակոմո Կոստան (S.J.), Ամուսնության և ընտանիքի գիտությունների Պապական Հովհաննես Պողոս Բ աստվածաբանական ինստիտուտի դեկան և փորձագետների համակարգող Հայր Ֆիլիպ Բորդեյնը, ինչպես նաև ամուսնական մի զույգ Բրազիլիայից՝ Սոլանժ Գրեգորի Շիլան և Ալիսոն Ռոբերտո Շիլան։

     

    Անդրադառնալով տաս տարի առաջ հրապարակված Առաքելական խրատականին՝ արքեպիսկոպոս Սիկլունան նշեց, որ «Amoris laetitia»-ն առաջ բերեց «հովվական դարձի հրավեր, դատելուց առաջ ընտանիքներին լսելու կեցվածք, ինչպես նաև բաց սրտով իրավիճակները կշռադատելու ունակություն»։ Նա նշեց, որ «Սիրո բերկրանքը» նաև նպաստեց «Աստծո կամքը փնտրելու, Աստծո ողորմության հետ հանդիպմանը նպաստելու, մարդկանց գրկախառնվելու, նրանց գտնելու այնտեղ, որտեղ նրանք կան, և նրանց դեպի Հիսուսը որպես Փրկիչ առաջնորդելու» մոտեցման ձևավորմանը։ Սիկլունան դա անվանեց «այն գանձը», որը «Amoris laetitia»-ն բերեց Եկեղեցուն՝ հավելելով, որ տասը տարի անց այն մնում է թարմ մի փաստաթուղթ, որը կարիք ունի վերաբացահայտման։ «Կարծում եմ՝ մի աշխարհում, որտեղ տիրում են ռոբոտները, անանունությունն ու մենությունը, – ընդգծեց արքեպիսկոպոս Սկիկլունան, – ընտանիքն ունի մարգարեական դեր՝ ոչ միայն հասարակության, այլև մարդկության ապագայի համար»։

     

    Հայր Ջակոմո Կոստան նկարագրեց քննարկումների անցած օրերի մթնոլորտը, որոնք ընթանում էին Պապի հետ հոգևոր մտերմության մեջ, նաև՝ նրա վիրահատությունից հետո։ Քահանան հանդիպման աշխատանքը բնութագրեց որպես ինտենսիվ և կառուցողական, հատկապես տարբեր տեսակետների փոխանակման առումով։

     

    Նա նշեց, որ արծարծված թեմաների թվում էր ընտանեկան բռնության և չարաշահման իրավիճակներում հոգևոր և գործնական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, և հիշեցրեց, որ մասնակիցները պնդում էին, որ նման օգնությունը պետք է լինի «ժամանակին» և հատուկ ուշադրություն դարձնի երեխաների և խոցելի մարդկանց պաշտպանությանը։

     

    Մասնակիցները, նրա խոսքով, ընդգծել են նաև դժվար պահերին օգնության դիմելուն ուղեկցող պիտակավորումը (ստիգման) նվազեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ուշադրություն են հրավիրել այն կարևոր դերի վրա, որ ընտանիքները պետք է ունենան քահանաների կազմավորման գործում։

     

    Այնուհետև Հայր Կոստան պարզաբանեց, որ հանդիպման եզրափակիչ մասը նվիրված էր ամփոփիչ զեկույցի ներկայացմանը, որին հաջորդեցին քննարկումները՝ նախ փոքր խմբերում, ապա լիագումար նիստում։ Նա նկատեց, որ զեկույցը ճանաչվել է որպես քննարկումների հավատարիմ արտացոլում, թեև արվել են որոշ կառուցողական դիտողություններ՝ դրա «առաքելական չափումը» ավելի ընդգծելու համար։

     

    Աշխարհականների, ընտանիքի և կյանքի Վերատեսչության Նախագահ կարդինալ Քևին Ֆարելը եզրափակել է հանդիպումը՝ ընդգծելով «Amoris laetitia»-ի ուսմունքի գնահատման և ընդունման կարևորությունը։

     

    Առաջնորդների համընդհանուր համաձայնության ամենահստակ կետերից մեկը, նրա խոսքով, «փոփոխությունների արագացված տեմպն է», որն ազդում է ընտանիքների, ամուսնության և դրա հետ կապված սովորույթների վրա աշխարհի տարբեր երկրներում վերջին տասը տարիների ընթացքում։

     

    Քննարկումները ծավալվել են այն գիտակցմամբ, որ Եկեղեցին կոչված է ներգրավվելու մարդկային փոփոխությունների և զարգացումների մեջ, այդ թվում՝ ամուսնական կյանքի հարցերում։ Սա, նշեց նա, պահանջում է իրականության «հստակ տեսողություն», որը, չնայած ընթացող ձևափոխությունների մարտահրավերներին, մնում է հույսով լեցուն։

     

    Հենվելով Վատիկանում վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների վրա՝ Կարդինալ Լուիս Հերարդո Կաբրերա Հերերան առանձնացրեց ընտանեկան կյանքի չորս բնութագրիչ՝ աղոթք, հաղորդություն, կազմավորում և առաքելություն։

     

    Գուայակիլի կարդինալ արքեպիսկոպոսն ընդգծեց, որ ընդհանուր թելը ուղեկցումն է, որը պետք է խթանվի ոչ միայն այն միջավայրերում, որտեղ անհատներն իրականացնում են իրենց աշխատանքը, այլև ի նպաստ ամբողջ Եկեղեցու։

     

    Այս միտքն արտացոլվեց Սոլանժ Գրեգորի Շիլայի և Ալիսոն Ռոբերտո Շիլայի վկայություններում, որոնք պատմեցին, թե ինչպես է հովվական ուշադիր մոտեցումը՝ ոչ միայն ընտանիքների թույլ, այլև նրանց ներուժի և ուժեղ կողմերի նկատմամբ խորացրել իրենց՝ որպես զույգի, «Եկեղեցուն պատկանելու զգացողությունը»։

     

    Հարցին, թե ինչպես կարելի է իրականացնել ուղեկցման այս աշխատանքը, պրոֆեսոր Չու Իլոն մի քանի առաջարկություններ ներկայացրեց։ «Նախևառաջ, յուրաքանչյուր ծուխ և յուրաքանչյուր թեմ պետք է ունենա ամուսնության և ընտանեկան կյանքի ծառայություն։ Ֆիլիպիններից եկած եպիսկոպոսը մեզ պատմեց առաքելության կայանների մասին։ Գիտե՞ք, երբեմն Եկեղեցում սպասում են, որ մարդիկ գան։ Բայց հիմա Եկեղեցի՛ն է գնում ընտանիքների մոտ, Եկեղեցին է գնում կյանքի գոյաբանական ծայրամասերը, փոխանակ սպասելու, որ մարդիկ ճգնաժամի մեջ հայտնվեն և հետո գան Եկեղեցի լուծման համար։ Սա ուղեկցող Եկեղեցի է: Եվ ուղեկցումը, – հավելեց նա, – պահանջում է կողք կողքի աշխատել մարդկանց հետ նրանց կյանքի յուրաքանչյուր փուլում։ Ահա՛ թե ինչ խնդրեց մեզնից Լևոն Պապը այս հավաքի սկզբում»։

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    15 հոկտեմբերի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց