«Հայկական Կարիտասը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը հիմնել և առաջնորդում է Հայ Կաթողիկէ Եկեղեցին ՝ աշխարհականների մասնագիտացած անձնակազմի և նվիրյալ կամավորականների միջոցով:
Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ արքեպիսկոպոսը (2011թ.-ից՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը):
«Հայկական Կարիտասը» Հայ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելության արտահայտությունն է.այլ խոսքով, «Հայկական Կարիտասը» համակարգում և իրականացնում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական աջակցությունը՝ ֆինանսական, սոցիալական աշխատանքի, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվության, կրթադաստիարակչական, առողջապահական, համայնքների զարգացման և այլ ծրագրերի միջոցով:
Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքո, «Հայկական Կարիտասն» իր սոցիալական առաքելությունն իրականացնում է մասնագիտական բարձր որակավորմամբ աշխարհական մասնագետների միջոցով, ովքեր աշխատում են Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի, Կաթողիկէ Եկեղեցու վարդապետության սկզբունքների, ինչպես նաև սոցիալական ծառայության, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի դրույթների և ՀՀ օրենսդրության նորմերի համաձայն:
Հայկական Կարիտասը թե իր անձնակազմում և թե իր գործունեության տիրույթում հավասարապես ընդգրկում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև՝ ՀՀ-ում ապաստանած ազգությամբ հայ և օտար այլ երկրների քաղաքացիներին՝ առանց դավանական, լեզվական, սոցիալական, ազգային կամ այլ խտրականության:
«Հայկական Կարիտասը» Միջազգային Կարիտաս (Caritas Internationalis) կոնֆեդերացիայի 160 անդամ կազմակերպություններից մեկն է: Միջազգային Կարիտաս կոնֆեդերացիան և դրա մեջ մտնող, աշխարհի տարբեր երկրներում գործող անդամ կազմակերպությունները հիմնվել են և ղեկավարվում են Կաթողիկէ Եկեղեցու կողմից՝ ի դեմս Հռոմի Սրբազան Քահանայապետի և նրա հետ միության մեջ գտնվող կաթողիկէ եպիսկոպոսների:
Միջազգային Կարիտասի կանոնադրություն, Հոդված 1, 3
«Միջազգային Կարիտասին վստահված յուրահատուկ խնդիրը օժանդակելն է Սրբազան Քահանայապետին և եպիսկոպոսներին՝ բարեգործության մեջ: Միջազգային Կարիտասը այս խնդիրն իրականացնում է՝ հոգ տանելով ամենաաղքատների, կարիքավորների մասին, օժանդակելով մարդասիրությանը և աշխարհում եղբայրասիրության և արդարության տարածմանը՝ Ավետարանի և Կաթողիկէ Եկեղեցու վարդապետության լույսի ներքո»:
Միջազգային Կարիտասի կանոնադրություն, Հոդված 6, ա
«Կոնֆեդերացիայի անդամ կազմակերպություններն իրենց բոլոր գործողություններում՝ ներառյալ նրանք, որոնք առընչվում են միջազգային համագործակցությանը, հետևում են Կաթողիկէ վարդապետությանը, կանոնական իրավունքին և իրավասու եկեղեցական իշխանությունների պահանջներին»:
«Կարիտասը Եկեղեցու կարևոր մի մասն է, այն Եկեղեցում սիրո ինստիտուցիոնալ արտահայտությունն է և ունի երկու կողմ՝ գործեր և աստվածայինը և, ըստ այդմ, Կարիտասը Եկեղեցու հենց սրտում է…Կարիտասը Եկեղեցու խնամքն է՝ մարդկանց նկատմամբ».
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ
«Կարիտասը և Եկեղեցու հետ առնչվող բոլոր բարեսիրական գործերը փաստացի
հավատքի և ավետարանացման դպրոցներ են»,
Նորին Սրբություն Բենեդիկտոս XVI Սրբազան Քահանայապետ
Հայկական Կարիտասի գործունեությունը Հայաստանում
Պատմություն
1995թ. մայիսին Հայ Կաթողիկե Եկեղեցին Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ներսէս արքեպս. Տէր-Ներսէսեանի` նախաձեռնությամբ Գյումրիում հիմնեց Հայկական Կարիտասի գրասենյակը, որը նախապես գործում էր հայ կաթողիկէ առաջնորդարանի շենքում, իսկ հետագայում տեղափոխվեց նոր շենք և հիմնեց նաև այլ կենտրոններ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
1996թ. ստեղծվեց վեց անդամներից և նախագահից կազմված վարչական խորհուրդը, որի խնդիրն էր՝ մշակել կազմակերպության ռազմավարությունը և վերահսկել ծրագրերի իրականացումը:
Հայկական Կարիտասը՝ որպես հասարակական կազմակերպություն, ՀՀ Արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գրանցվեց 1997 թ.: 1999 թ.-ից կազմակերպությունը անդամակցում է Միջազգային Կարիտասին: Այն անդամ է նաև Եվրոպական Կարիտասին և ICMC կազմակերպությանը (Միջազգային կաթողիկե միգրացիոն հանձնախումբ):
2004 թ. մայիսին` Հ. Ներսէս Արքպ. Տէր-Ներսէսեանի հրաժարականից հետո, Հայկական Կարիտասի նոր նախագահ դարձավ Արհ. Տ. Նշան Արքպ. Գարաքեհեյանը, ով եղել է Հայկական Կարիտասի հիմնաքարերը դնողներից մեկը և ստեղծման առաջին տարիներին մեծապես նպաստել է կազմակերպության կայացմանը և զարգացմանը:
Հայկական Կարիտասի ձեռնարկած առաջին քայլերը միայն հումանիտար օգնության բնույթ ունեին: 1998 թ. հունվարին Հայկական Կարիտասի վարչական խորհուրդը որոշեց սկսել համայնքային հենք ունեցող զարգացման ծրագրերի իրագործումը: Որպեսզի Հայկական Կարիտասի ծրագրային բազան բազմակողմանի դառնար, կազմակերպությունը ուներ ինստիտուցիոնալ կարողությունների մեծացման և հզորացման կարիք: Այդ հարցում Հայկական Կարիտասին աջակցեցին ԱՄՆ Կաթողիկէ Օգնության Ծառայության Հայաստանի գրասենյակը և Նիդերլանդների Քորդեիդ կազմակերպությունը:
Երկամյա «ՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը (1998-1999թթ) Կարիտասին օգնեց հաստատել նոր գրասենյակ, այն նաև ծածկում էր ադմինիստրատիվ և կառավարման բոլոր ծախսերը, անձնակազմին օժանդակության և դասընթացների հնարավորություն էր ընձեռում: Այն օգնեց որդեգրել համայնքային զարգացման և ներգրավվման սկզբունքը՝ «Ջրամատակարարում և Սանիտարիա» և «Ծնող-դպրոց համագործակցություն» ծրագրերի միջոցով: Այն Կարիտասին թույլ տվեց հզորանալ, առավել զինված լինել տեղի բնակչության կարիքներին արձագանքելիս և ավելի պատրաստ լինել հետագա խնդիրներին դիմակայելու համար:
Ժամանակի ընթացքում, Հայկական Կարիտասը հումանիտար և զարգացման գործունեությունը նշանակալիորեն ընդլայնեց նաև երկրի այլ շրջաններում` Շիրակի մարզից բացի գործունեություն ծավալելով Լոռու, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:
Այսօր Հայկական Կարիտասը ամուր հոգևոր և մասնագիտական հիմքեր ունեցող կազմակերպություն է` հստակ սահմանված առաքելությամբ և ռազմավարական ուղղություններով, որը առաջիկայում զարգանալու և իր շահառուներին ծառայելու ուժեղ պոտենցիալ ունի:
Ամեն տարի Հայկական Կարիտասը Հայաստանում ծառայում է մոտ 150.000 մարդու (ՀՀ բնակչության ավելի քան 5 %)՝ 40 ծրագրերով, որոնք իրականացվում են ՀՀ 5 մարզերում գործող 9 ծրագրային կենտրոնների միջոցով: Հայկական Կարիտասն իր ծրագրերն իրականացնում է 200 հոգանոց անձնակազմով և 80 հոգանոց կամավորականների թիմով:
Հայկական Կարիտասի գործունեությունն ունի հետևյալ 6 ռազմավարական ուղղությունները.
1.սոցիալական պաշտպանություն՝ խոցելի խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք),
2.համայնքային զարգացում,
3.առողջապահություն,
4.արտագաղթի, մարդավաճառության երևույթների կանխարգելում, օգնության տրամադրում,
5.շահերի պաշտպանություն, ցանցային համագործակցություն եւ լոբբինգ,
6.պատրաստվածություն եւ արձագանք արտակարգ իրավիճակներին:
Հայկական Կարիտասի գործադիր տնօրենը ներկայում պրն. Գագիկ Տարասյանն է, ծրագրերի ղեկավարն է՝ տկն. Անահիտ Գևորգյանը: