• Բարեգործություն՝ Մայր Թերեզայի Գթության քույրերի տների և Անարատ Հղության Հայ Միաբանության քույրերի դաստիարակության կենտրոնի երեխաներին

    Բարեգործություն՝ հանուն երեխաների բարօրության


    2026թ. նոյեմբերի 2-ին Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանի միջնորդությամբ և սիրված երգիչ, ծնունդով Տաշիրի հայ կաթողիկէ համայնքից պրն. Արկադի Դումիկյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ, ինչպես նաև սիրված ամերիկաբնակ երգիչ պրն. Արմեն Գոնդրաչյանի (Արմենչիկ), պրն. Դավիթ Դավթյանի ու պրն. Լևոն Չախոյանի սիրահոժար մասնակցությամբ մեծածավալ բարեգործական աջակցություն ցուցաբերվեց նախ Մայր Թերեզայի Գթության քույրերի Երևանի և Սպիտակի գթության տներում ապրող երեխաներին, ապա՝ Անարատ Հղության հայ միաբանության քույրերի Տաշիրի Տիրամայր Հայաստանի դաստիարակության կենտրոնի երեխաներին: Բարերարները, Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանի ուղեկցությամբ, նախ այցելեցին Մայր Թերեզայի Երևանի «Բեթլեհեմ» տուն, որտեղ քույրերը խնամում են մանկահասակ տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող երեխաների և ապա՝ Սպիտակի Գթության տուն, որտեղ 1988-ի երկրաշարժից ի վեր ապրում և խնամք են ստանում ավելի բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող երեխաներ և չափահասներ: Նրանց տրամադրվեց մեծ քանակությամբ սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ: Իսկ Տաշիրի Անարատ Հղության միաբանության Տաշիրի դաստիարակության կենտրոնի դպրոցահասակ երեխաներին բարերարները տրամադրեցին ձմեռային հագուստ: Երեխաներն ու երիտասարդները նաև հնարավորություն ունեցան մտերմիկ զրույց ունենալու բարերարների հետ և վայելելու սիրված երգիչների կողմից իրենց նվիրված գեղեցիկ կատարումներ: Բարերարները մտադիր են շարունակական դարձնել իրենց մեծածավալ նվիրատվությունները միաբան քույրերի կենտրոններին:

     

    Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը բարերարներին հայտնեց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի երախտագիտությունը և գնահատանքը աստվածահաճո այդ նախաձեռնության համար՝ նրանց համար հայցելով աստվածային առատ օրհնություններ:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    4 նոյեմբերի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց