«Սերը զգացմունք չէ, սերը որոշում է»
Մոսկվայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ ժողովրդապետության երիտասարդների համար Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի առաջնորդությամբ՝ անցկացվել են Մեծի Պահոց հոգևոր կրթության օրեր՝ «Սրտից դեպի սիրտ» բնաբանով: Հոգևոր կրթությունը տեղի է ունեցել երկու փուլով. աղջիկների համար՝ մարտի 11-13-ը և տղաների համար՝ մարտի 28-31-ը, Մոսկվայի Ֆրանցիսկյան միաբանության վանքում:
Հոգևոր կրթության հիմնական թեման էր՝ նվիրումը Հիսուսի Սուրբ Սրտին, հիմնվելով Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Պապի «Սիրեց մեզ»՝ «Dilexit nos» վերտառությամբ շրջաբերական նամակի բովանդակության վրա, որ հրապարակվեց 2024թ. հոկտեմբերի 24-ին: Երիտասարդներն ամեն օր մասնակցել են Սուրբ Պատարագի, լսել իրենց հոգևոր հովվի մեկնությունները՝ Սուրբ Գրքի և պապական շրջաբերականի տարբեր հատվածների վերաբերյալ, ունեցել լուռ խորհրդածության պահեր՝ Հիսուսի կատարյալ սիրո մասին, որի խտացված արտահայտությունն է Նրա խոցված Ամենասուրբ Սիրտը և մարդու պատասխանն այդ սիրուն:
Հոգևոր կրթությունն օգնում է կարճ ժամանակով կտրվել առօրյա աշխարհի զբաղմունքներից և մտածել սեփական հոգու սրբության մասին, սխալների և դրանց սրբագրման մասին: Այդ օրերին երիտասարդները շատ քիչ են օգտագործել իրենց հեռախոսները և մեծ մասամբ լուռ են եղել, աղոթել են, ինչը օգնել է իրենց ամրանալ հավատքի մեջ, հանգիստ վերլուծել իրենց հարաբերությունն Աստծո հետ, լցվել հույսով և ստանալ իրենց հուզող որոշ հարցերի պատասխանները: Երիտասարդներից մեկը կիսվել է իր տպավորություններով.
«Ամեն օր մենք բացում ենք մեր սիրտը մարդկանց համար, մեր ցանկությունների համար, բայց մենք խնդիր ունենք չմոռանալ Աստծո մասին, Նրա մասին, Ով Իր կյանքը տվեց մեզ համար, Ով Ճշմարտությունն է, Լույսը և Փրկիչը: Վերջիվերջո, շատերն են հավատացյալի դեր խաղում, բայց միայն Աստվա՛ծ է տեսնում մեր սիրտը… Այս երկու օրերին մենք տնկում ենք ցորենի սերմը, որը կաճի ավելի ուշ, կարևորը բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Գլխումս մի միտք է տպվել. «Սերը զգացմունք չէ, սերը որոշում է»»:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
16 ապրիլի, 2025թ.