20 ապրիլի, 2025թ.
Տրված ի՝ Սրբոց Նահատակաց Կաթողիկէ Աթոռանիստ Տաճար
Տօն Սուրբ Յարութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի
Սիրելի՜ հավատաբորբ կաթողիկէ հայ ժողովուրդ՝ ի Հայաստան, Վրաստան, Ռուսաստան և Արևելյան Եվրոպա,
Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց,
Օրհնեա՜լ է Յարութիւնը Քրիստոսի.
ինչպիսի՜ մեծ Հույս եւ անհուն բերկրանք է ճառագում այս հարութենական ողջունատրության բառերից, որով մեր հայ հայրերը և մայրերը, մեր քույրերն ու եղբայրները դարեր շարունակ ողջույն են տվել միմյանց՝ իրենց ազգային կյանքում մշտապես հոգու թրթիռով եւ մեծ սպասումով ապրելով Տիրոջ կյանքի վերջին Շաբաթվա յուրաքանչյուր կենսաբեր իրադարձությունը, Նրա մատուցած Սուրբ Զոհաբերությունը Խաչափայտի վրա և, ի վերջո, Սուրբ Հարությունը:
Նախ, եկե՛ք միասին ամփոփենք նախորդ յոթ շաբաթների ընթացքում Տիրոջ հետ միասին մեր անցած ճանապարհը՝ ավելի լավ հասկանալու համար Սուրբ Հարության իմաստը: Սուրբ Գրքի ընթերցումները, որ լսեցիք անցած շաբաթների ընթացքում, մեզ տալիս են մի քանի մարդկային կերպարների օրինակներ՝ առ ի խորհրդածություն, որպեսզի խղճի քննություն կատարենք և սրբագրենք մեր սխալները:
Առաջին կերպարը Ադամն էր, որ վայելում էր ամեն ինչ, որ Աստված Իր առատաձեռնությամբ շնորհել էր նրան, և ամենակարևորը, հավիտենական կյանքը՝ Եդեմի դրախտավայրում, լիակատար ներդաշնակության մեջ՝ Աստծո հետ, ինքն իր հետ, կնոջ և արարչագործության հետ միասին:
Ադամն ու իր կինը հանցանք գործեցին և զրկվեցին այդ բարիքներից. սա երկրորդ կերպարն է՝ անկյալ մարդու կերպարը: Անկում, որը տեղի ունեցավ մարդկային եսասիրության, իշխանասիրության, ազատության պատրանքային պատկերացման և հպարտության պատճառով: Սա անհնազանդ և ինքնագլուխ մարդու կերպարն է:
Երրորդ կերպարը անառակ որդին է՝ այն զավակը, որ հայրական տան բարիքները վայելելով հանդերձ՝ մտածում էր, թե կար մի ավելի գերազանց վիճակ, որն ինքը գնաց փնտրելու և ըմբոշխնելու: Բայց միթե՞ նա կարող էր ապերախտությամբ, չարությամբ վայելել մի ավելի գերազանց վիճակ: Փողը վերջանալուն պես նա հասկացավ իր ոչնչությունը՝ առանց հոր տան:
Չորրորդ կերպարը անիրավ տնտեսն է, որ Աստծո շնորհով ստացավ մատակարարի նուրբ պաշտոնը, բայց սովորեց զեղծարարություններ անել՝ ի վնաս գործատիրոջ և հօգուտ իրեն: Սա խորամանկ և իր հարմարավետությունը սիրող, իր շահը լավ իմացող մարդու կերպար է:
Հինգերորդ կերպարն անիրավ դատավորն է, որ կտրուկ հակադրության մեջ է արդար, անաչառ դատավորի կերպարի հետ: Դարձյալ մի անձ, ով պատրաստ է զրկել այրի կնոջը, բայց ինքն իրեն նեղություն չի ուզում տալ:
Մեր աչքի առջև եկան նաև փարիսեցու և մաքսավորի կերպարները: Փարիսեցին դերասան էր՝ գերազանց մի դերասան, ով բոլորին համոզում էր, թե գործադրում էր օրենքները, որոնք սովորեցնում և նույնիսկ պարտադրում էր ուրիշներին, բայց այնքա՜ն հեռու էր օրենքից իր կյանքով, ինչպես բացատրում է Տերը: Իսկ մաքսավորը, որ մեղքեր ուներ, ներկայանում էր Աստծո առաջ՝ աչքերը խոնարհած, ծնկաչոք, և չէր համարձակվում նայել Աստծուն, հասկանում էր, թե ինչ էր արել և զղջալով՝ խնդրում էր Աստծո ողորմությունը:
Ծաղկազարդի տոնին մեր առջև գտանք երկու տեսակ մարդկային կերպարներ, առաջին տեսակը մանուկներն են, որ ոստերը բռնած աղաղակում էին՝ կրկնելով իրենց հայրերի և մայրերի խոսքերը՝ «Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»: Ո՞վ է գալիս, մի համեստ մարդ՝ նստած էշի վրա: Երեխաները պարզապես վստահում էին իրենց ծնողներին և կրկնում նրա՛նց բառերը: Տերն Ավետարանում ասում է. «Եթե չդառնաք մանուկների նման, երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մտթ. ԺԸ, 3): Երկրորդ կերպարն այդ մանուկների ծնողներն էին, ովքեր ցնծությամբ ընդունեցին Հիսուսին Երուսաղեմում՝ Նրա դիմաց փռելով իրենց հագուստները:
Երկու օր անց մեր աչքի առջև ցցվում են մարդկային կերպարներ, ովքեր ի տես Հիսուսի գործած բոլոր նշանների, եսասիրաբար և նենգությամբ ասում են. «Բա՜վ է այլևս. կույրերի տեսողությունը բացեց՝ լռեցինք, կաղերին քայլեցրեց՝ լռեցինք, հիմա էլ մտնում է թագավորի պես, հերի՜ք է: Սրանց սրտերում մանուկը մեռած էր: Սրանք հանգստավետ կյանքով էին ապրում՝ ունեին իշխանություն, փող, դիրք և մտածում էին, թե Հիսուսը եկել է իրենց ունեցածը խլելու: Լուծում գտնել է պետք, հավաքվենք, որոշե՛նք, մտածում էին սրանք: Եվ որոշեցին Հիսուսի կյանքին վերջ դնել, բայց, հասկանում էին, որ առանց ժողովրդին ոտքի հանելու ընդդեմ Հիսուսի, երբեք չէին կարողանալու դա անել: Այդ կեղծավոր և հանդուգն անձինք այդպիսով կազմակեպեցին, հրահրեցին ժողովրդի ըմբոստությունը Հիսուսի դեմ, հեղինակեցին և բնաբանը. «Խա՛չը հանեք, խա՛չը հանեք…»: Ո՞վ էր պահանջում դա. ո՛չ իրենք, այլ՝ ժողովու՛րդը, ո՞վ էր խաչ հանողը. հռոմեացինե՛րը, որովհետև խաչ բարձրացողը ինքն իրեն թագավորի տեղ էր դնում: Գտա՛նք մեղադրանքը: Ահա՛ և պատրաստ է դատավճիռը: Ավելի լավ է ավազակ Բարաբբան, քան՝ ճշմարտախոս Հիսուսը: Ճշմարտությունը լռեցված է, մենք հաղթեցինք, սուտը հաղթեց. մտածում էին այս հրեշավոր կերպարները:
Ահա՛ մարդ արարածի այսպիսի կերպարներ, որոնք ներկայացվեցին մեր խղճի դատին. ի դեմս այդ կերպարների, մենք ինքնե՛րս ենք դատի առջև կանգնած՝ մե՛ր իսկ խղճի առաջ: Եկե՛ք կատարենք խղճի խորքային մի քննություն. ի՞նչ տեսակ մարդ արարած եմ ես: Մարդ եմ, ով վայելում է Աստծո շնորհնե՞րը, գուցե, ապերախտի մե՞կն եմ, որ դժվարանում եմ հնազանդվել Աստծո ամենափոքր պատվիրանին անգամ, գուցե, կասկածում եմ Աստծո սիրու՞ն, կամ մեկն ե՞մ, ով հայրական տան մեջ վայելում է ամեն ինչ, բայց գայթակղվում եմ այն մտքով, թե պատուհանից այն կողմ կա մի այլ իրականություն, որը հայրս չի ուզում, որ ես տեսնեմ, կամ վայելեմ: Արդյո՞ք ես մանկան նման հնազանդ եմ Հորս, կարո՞ղ եմ ասել՝ Քո կա՛մքը թող լինի, թե՞ գուցե, մի մարդ եմ, ում մեջ մանուկը չկա այլևս, և գուցե, նմա՞ն եմ այն փարիսեցիներին, օրենսգետներին, ովքեր միայն իրենք իրենց մասին էին մտածում և գիտեին, ինչպես շահագործել ուրիշներին, և ճշմարտախոսն ինձ տագնապի է մատնում, և ուրեմն, ուզում եմ դավադրություններ նյութել նրա դեմ, որպեսզի մեջտեղից վերացնե՞մ: Սրանք շատ կարևոր հարցադրումներ են. այսօր ի՞նչ տեսակի մարդ եմ ես, ո՞րն է իմ վերաբերմունքը Տիրոջ նկատմամբ, որ Իր կյանքն է տվել ինձ համար:
Ավագ Շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մարդկության համար փրկարար և քավչարար առանցքային իրադարձություններ՝ Խորհրդավոր Ընթրիքը՝ Սուրբ Հաղորդության հաստատմամբ և ոտնլվայի արարողությամբ, Տիրոջ Չարչարանքները, Մահը և Հարությունը: Ինչու՞ է միայն այս շաբաթը կոչվում «Ավագ», միթե՞ մյուս շաբաթները կարևոր չեն:
Շաբաթվա յոթ օրերը մեզ հիշեցնում են աստվածային արարչագործության յոթ օրերը. Աստված ամեն ինչ ստեղծելուց հետո վեցերորդ օրը ստեղծեց նաև մարդուն՝ Իր պատկերով և նմանությամբ: Միթե՞ դա փոքր գործ է, իհարկե, ո՛չ: Բայց մա՛րդը փոքր դարձրեց և չհարգեց Աստծո արարչագործությունը՝ իր մեղքով և ապերախտությամբ: Այսպես Աստված ստեղծեց ավելի մեծ մի շաբաթ՝ Ավագ Շաբաթը՝ իր փրկագործության ծրագրով, որն ավելի մեծ է քան Իր արարչագործության ծրագիրը, ինչպես ասում է սրբերից մեկը: Այս շաբաթվա ընթացում, ուրեմն, սիրելինե՛րս, մենք կանչված էինք վերականգնելու աստվածային արարչագործության արժանապատվությունը, մարդու՛ արժանապատվությունը՝ որպես իր Արարչի պատկերակիրը, հնազանդ զավակը՝ ճիշտ Քրիստոսի՝ կատարյալ հնազանդ Որդու, նոր Ադամի պատկերով և նմանությամբ:
Երբեք չկասկածե՛ք երկնային Հոր սիրո անսահմանությանը, որ բացահայտվեց Իր Որդու Չարչարանքների և Հարության միասնական խորհրդի մեջ:
Տիրոջ Հարությունը մեզ հստակ ճշմարտություններ է փոխանցում. չարը հաղթված է Տիրոջ կողմից, վերջին խոսքը Տիրո՛ջն է պատկանում, եթե հավատում ենք, թե Տերը հարություն է առել, ուրեմն պետք է վստահ լինենք, որ չկա մահ, այլ կա մի նոր Սկիզբ հավիտենական երջանիկ կյանքի, պետք է վստահ լինենք, որ չի՛ կարող ճշմարտությունը խեղաթյուրված մնալ, չի՛ կարող արդարը բռնադատված մնալ, այլ անպայման Տերն արդարին արդարի վարձ է տալու:
Ուրեմն, օ՜ն, առա՜ջ, սիրելիներս: Սովորեցրե՛ք ձեր մանուկներին՝ ասելով. «Մի՜ վախեցեք»: Դուք էլ քաջալերվե՛ք և սովորե՛ք մանուկներից, որ իրենց անմեղությամբ և ուրախությամբ, իրենց մանկական ժպիտով կարող են մեզ համար լինել Հույսի մի դպրոց: Նրանց ուրախությա՛մբ ընդունենք հրեշտակների ավետիսը, որ տվեցին յուղաբեր կանանց՝ հռչակելով. «Այստեղ չէ՜, այլ հարությու՜ն առավ»:
Հիրավի՛, Հարությունը մի նոր Սկիզբ է, Հույսի մի դպրոց, մի նոր Դուռ, որից մտնողը փրկվում է և «առատ ճարակելու բան է գտնում» (Հվհ. Ժ,9)՝ հասնում է «հանգիստ ջրերի և դալագեղ վայրերի», ինչպես երգում է սաղմոսերգուն ասելով. «Տե՜րն է իմ հովիվը, և ինձ ոչինչ չի պակասելու» (Սղմ. ԻԲ,1): Այս Դռնից մտնողը գտնում է ապրելու նոր իմաստ, նրա առջև նոր հորիզոններ են բացվում, հին մարդը մնում է դռան հետին կողմում, և դռան սեմից այն կողմ անցնում է նորացած մարդը՝ Հուսակի՛ր մարդը, մարդկային նո՛ր կերպարը՝ քրիստոսանման կերպարը, Քրիստոսի իսկական եղբայրը կամ քույրը, նոր հայի՛ կերպարը, իր ազգային և քրիստոնեական դիմագիծը Քրիստոսի Հարության Հույսով նորոգող հայի՛ կերպարը, իր հոգևոր-ազգային արմատներն առավել խոր մխրճած և այդ առողջ արմատներից միշտ առատորեն սնվող կաթողիկէ հայի՛ կերպարը, որը միշտ «ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է» (Ա Կրնթ. ԺԳ, 7):
Թշնամին, ինչքան էլ «առյուծի նման մռնչալով՝ փնտրում է, թե ում կարող է կուլ տալ» (Ա Պետ. Ե, 8), երբեք էլ չի կարողանալու կոտրել հայ քրիստոնյայի կամքը, որը սնվել ու աճել է բազմահազար նահատակների ու սրբերի արյամբ և խլել նրանից այն Հույսը, որը տնկել է մեր ժողովրդի մեջ Ի՛նքը՝ Տե՛րը, կամ իմաստազրկել այն հավատքը, որը մեզ ավանդեցին մեր սուրբ հայրերը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ, կամ այն վսեմ սերը, որը մեր ժողովուրդը տածել է Բազումողորմ Աստծո և մարդկության հանդեպ՝ անցնելով իր սեփական Գողգոթայի ճանապարհը՝ դարերի հոլովույթի մեջ, կրել գերմարդկային զրկանքներ ու հալածանքներ, որոնք, ցավոք, այսօր էլ շարունակվում են նոր թափով:
Սիրելի՛ Կաթողիկէ Հայ Եկեղեցու հավատացյալ զավակներ, չնայած այն բոլոր դժվարակիր բեռներին, որոնք բաժին են հասել ձեզ բոլորիդ, շարունակե՛ք հուսալ՝ ձեր հայացքը միշտ սևեռելով Խաչված և, մանավանդ, Հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսին, ով նախապես զգուշացրեց իր սիրելի աշակերտներին, թե ինչ նեղություններ են իրենց սպասվում հավատքի դժվարին ճանապարհին, բայց միաժամանակ ասաց նրանց. «Քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հվհ. ԺԶ, 33):
Թո՛ղ Ամենակալ Տերը զորացնի ձեր սրտերը և ամրացնի ձեր հավատքը, որպեսզի մշտապես հույսով լցված լինեք և չվախենաք ոչ մի դժվարությունից, որ սպասվում է դեռ շարունակվող Գողգոթայի ճանապարհին, որով արիաբար քայլում է մեր ժողովուրդը, մանավանդ, Հայոց աշխարհում: Միշտ հիշե՛ք, որ Գողգոթայի վերջում շողշողում է Տիրոջ Հրաշափառ Հարության հուսավառ լույսը:
Ընդ հովանեաւ պաշտպանութեան քո ապաւինիմք, Սուրբ Աստուածամայր, մի՛ անտես առներ զկարիս մեր. Ամէն:
✠ ԳԷՈՐԳ ԱՐՔԵՊՍ. ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց