• Հայաստանում է Գերմանիայի Կաթողիկէ Եկեղեցու պատվիրակությունը

    Համագործակցություն՝ հանուն մեր քույրերի և եղբայրների լավագույն շահի


    2026թ. հունիսի 9-ին Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության Նախագահ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Տաճարում հյուրընկալեց Գերմանիայի Կաթողիկէ Եպիսկոպոսների Խորհրդաժողովի Բարեսիրական հանձնախմբի պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրայբուրգի Արքեպիսկոպոս Ստեֆան Բուրգերը, ոբ գլխավորում էր պատվիրակությունը, Բամբերգի Արքեպիսկոպոս Հերվիգ Գոսսելը, Ֆրայբուրգի օգնական եպիսկոպոս Դկտ. Քրիստիան Վուրցը, Կարիտաս Գերմանիա Ասոցացիայի Նախագահ Եվա Մարի Ուելսքոփ-Դեֆաան, սոցիալական ոլորտի մասնագետներ, փորձագետներ, Կարիտաս Գերմանիայի աշխատակիցներ՝ աստվածաբանության դոկտոր Հարություն Հարությունյանի հետ միասին, ով սիրով օգնում էր նաև թարգմանության հարցում:

     

    Գյումրիի Աթոռանիստ տաճարում պատվիրակությունը՝ Հայկական Կարիտասի անձնակազմի հետ միասին մասնակցեց Սուրբ Պատարագի, որը մատուցվեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի ձեռամբ և համապատարագությամբ գերմանացի երեք եպիսկոպոսների, Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների ավագերեց Գերհ. Հ. Ներես Ծ. Վրդ. Գալստյանի, Փանիկի ժողովրդապետ Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի: Իր քարոզում Սրբազանը խոսեց այն մասին, որ շատ գեղեցիկ է, երբ Կարիտասի աշխատակիցներն իրենք իրենց որպես հարազատներ են զգում Եկեղեցում՝ հասկանալով, որ իրենք տանն են՝ հարմարավետ միջավայրում, հոգևորականների հետ միասին աղոթելով: Նա խոսեց օրվա տոնելի սրբեր Նունե և Մանե կույսերի առաքելության մասին՝ հայ և վրաց ժողովուրդների մոտ, օրվա ավետարանական հատվածի ուղերձի մասին, որ Տիրոջ խոսքերն են՝ մեռնող և հարություն առնող ցորենի հատիկի մասին և բնութագրում են քրիստոնեական ծառայությունը՝ որպես մահ՝ հանուն ուրիշի, մահ, որը վերափոխվում է հարության:

     

    Առաջնորդը հիշեց, որ Հայկական Կարիտասը Գերմանիայի Կաթողիկէ Եկեղեցու հետ սերտորեն գործակցում է արդեն երեսուն տարուց ավելի, որի համար խորապես երախտապարտ է և գոհություն է մատուցում Բարձրյալին: Սրբազանը՝ որպես իր երախտագիտության արտահայտություն, Սուրբ Պատարագից հետո երեք եպիսկոպոսներին նվիրեց Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի հեղինակած յուղանկար և մանրանկար սրբապատկերները, իսկ պատվիրակության մյուս անդամներին՝ հայերեն Նոր Կտակարանի նորատիպ օրինակներ:

     

    Ի պատասխան, Ֆրայբուրգի Արքեպիսկոպոս Ստեֆան Բուրգերը Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանին նվիրեց, իր բառերով, սրտից սիրտ հեղվող աստվածային սիրո գեղեցիկ արտահայտություններ հանդիսացող Կաթողիկէ Եկեղեցու սրբեր Սբ. Բոնիֆացիոս Քահանայապետի (8-րդ դար) և միանձնուհի, աստվածաբան, փիլիսոփա Էդիթ Շտայնի (20-րդ դար) դիմանկարներով գեղազարդված մի մեդալ:

     

    Սբ. Պատարագից հետո պատվիրակության անդամներն առանձին զրույց ունեցան Առաջնորդ Հոր հետ՝ Առաջնորդության հյուրասենյակում, որտեղ Սրբազանը պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

     

    Նախքան Գյումրի այցելելը, պատվիրակությունը նույն օրը հանդիպել էր Հայկական Կարիտասի Երևանի գրասենյակի անձնակազմի հետ, տեղում ծանոթացել իրականացվող ծրագրերին, կատարել տնայցեր: Հաջորդ օրը՝ հունիսի 10-ին, պատվիրակությունը հանդիպում և ժողով ունեցավ նաև Հայկական Կարիտասի Գյումրիի կենտրոնական գրասենյակի անձնակազմի հետ, լսեց իրականացվող ծրագրերի մասին և կատարեց կազմակերպության շահառուների տնայցեր՝ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և Հայկական Կարիտասի աշխատակիցների ուղեկցությամբ:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    10 հունիսի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց