• Առաջնորդության Հովվական խորհրդի և Ֆինանսական հանձնախմբի առաջին ժողովները

    Աշխատանքային մոտեցման փոփոխություններ


     

    2026թ. մայիսի 23-ին Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում տեղի ունեցան երկու ժողովներ՝ Առաջնորդության Հովվական ընդհանուր խորհրդի առաջին ժողովը և Ֆինանսական հանձնախմբի առաջին ժողովը:

     

    Ֆինանսակա հանձնախմբի հիմնադիր ժողովը տեղի ունեցավ առավոտյան 11:00-ին՝ նախագահությամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի: Հանձնախմբին անդամակցում են Առաջնորդության Ընդհանուր Մատակարարը, Դիվանապետը, Գլխավոր Հաշվապահը, տնտեսագետներ, ֆինանսիստներ և իրավաբան: Հանձնախմբի լրիվ անվանումն է՝ «Ֆինանսների և նյութական ռեսուրսների կառավարման վերահսկողության հանձնախումբ», որի ստեծման նպատակն է՝ աջակցել Առաջնորդության ֆինանսա-տնտեսական համակարգի առողջացմանը, կայունացմանը, օրենքին համապատասխան, թափանցիկ, հաշվետվողական, նպատակային, հասցեական, արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը՝ ի նպաստ հայ կաթողիկէ հավատացյալների համապարփակ զարգացման: Հանձնախումբը խորհրդակցական մարմին է, որն աջակցելու է Առաջնորդին՝ առավել արդյունավետ, արհեստավարժ և ժամանակակից ձևով իրականացնելու և վարելու եկեղեցական հովվական առաքելության ֆինանսատնտեսական համակարգը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր՝ 1. Հանձնախմբի կանոնադրության նախնական տեքստը, 2. ֆինանսատնտեսական և գույքային կառավարման ընդհանուր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, 3. գնումների քաղաքականության ուղեցույցի մշակումը, 4. մարդկային ռեսուրսների կառավարման ուղեցույցի մշակումը: Այս կարևոր փասաթղթերը մշակվելու են՝ հաշվի առնելով միջազգային փորձը, Արևելյան Եկեղեցիների կանոնագքի պահանջները, ՀՀ օրենսդրությունը և Առաջնորդության տեղական կարիքները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ հարաբերությունների տրամաբանությունը:

     

    Հովվական ընդհանուր խորհրդի ստեղծման նպատակն է՝ առավել արդյունավետ իրականացնել Առաջնորդության ընդհանուր հովվական առաքելությունը՝ սինոդական ոգով՝ ապահովելով Առաջնորդության տարածքում հովվական առաքելության մեջ ներգրավված անձանց և հաստատությունների առավել լայն և գործնական խորհրդակցական մասնակցությունը՝ Առաջնորդության առաքելության համար առաջնային կարևորություն ունեցող հարցերի քննարկման և որոշումների ընդունման մակարդակներում:

    Խորհրդի ստեղծումը համահունչ է Կաթողիկէ Եկեղեցու որդեգրած սինոդական ճանապարհի սկզբունքներին. սինոդականությունը Եկեղեցու միասնականության արտահայտությունն է, որտեղ բոլորը՝ եպիսկոպոսները, քահանաները, վանականները, միանձնուհիները, աշխարհականները միասին են կատարում Քրիստոսի կողմից ավանդված առաքելությունը՝ հռչակելու Ավետարանը, քայլելու Քրիստոսի և միմյանց հետ հաղորդության և սիրո մեջ, սրբության ճանապարհով՝ դեպի փրկություն:

     

    Հանդիպման ընթացքում քննարկվեցին Առաջնորդության Հովվական առաքելության մարտահրավերները և խնդիրները, որոնց լուծման գործընթացում շատ կարևոր է աշխարհական նվիրյալ հավատացյալների խորհրդատվությունը և մասնակցությունը՝ օրինակ հավատացյալների առավել ակտիվ մասնակցությունը համայնքների պաշտամունքային և աղոթական կյանքին, ծխական հովվական խորհուրդների ձևավորումը և կանոնավոր աշխատանքը, ավետարանելու առաքելությունը՝ մասնավորապես, քրիստոնեականի կանոնավոր դասավանդումը, աշխարհականների տարբեր տարիքային միավորումների, շարժումների զարգացումը և այլ հարցեր:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    3 հունիսի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց