• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի առաջին հանդիպումը Հայկական Կարիտասի անձնակազմի հետ՝ որպես նորընտիր Նախագահ

    «Առանց ինձ ոչինչ չեք կարող անել», Հվհ. 15:5


    2026թ. մայիսի 25-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության Գյումրիի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Հայկական Կարիտասի» նորընտիր Նախագահ, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի առաջին հանդիպումը կազմակերպության վարչական անձնակազմի հետ: Առաջնորդ Հորն ուղեկցում էին Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը, Առաջնորդության Դիվանապետ Արժ. Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, Անարատ Հղության հայ քույրերի միաբանության Ընդհանուր Մեծավորուհի Մայր Արուսյակ Սաճոնյանը, միաբանության Հայաստանի կենտրոնների պատասխանատու Քույր Նարինե Սիմոնյանը և փաստաբան պրն. Էդուարդ Խաչատրյանը: Հայկական Կարիտասի անձնակազմից ներկա էին Գործադիր Տնօրեն պրն. Գագիկ Տարասյանը, Ծրագրերի Ղեկավար տկն. Անահիտ Գևորգյանը, հաշվապահության պատասխանատուները, հանրային կապերի պատասխանատուն, ծրագրերի ղեկավարներ և այլ վարչական աշխատակիցներ:

     

    Գործադիր Տնօրենը նախ անձնակազմի անունից շնորհավորեց նորընտիր Նախագահ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանին՝ պաշտոնի ստանձնման առիթով և մաղթեց աշխատանքային բարի ընթացք: Առաջնորդ Հայրը հանդես եկավ ներածական խոսքով՝ ներկայացնելով իր տեսլականը Հայկական Կարիտասի զարգացման վերաբերյալ և ներկա ճգնաժամային իրավիճակի հաղթահարման ուղիները, որոնք, նրա խոսքով, պետք է անպայմանորեն կատարվեն համաձայն Հայ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելության բնութագրի և նպատակների, Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների Կանոնագրքի դրույթների, ՀՀ օրենսդրության և միջազգային գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների: Նա կարևորեց հավատարմությունը Հայկական Կարիտասի որդեգրած սկզբնական առաքելությանն ու կանոնադրությանը, միասնականության կամ սինոդականության ոգուն, թափանցիկ և օրենքի տառին կատարելապես համապատասխան աշխատանքը: Սրանք այն սկզբունքներն են, որոնք բխում են Հայկական Կարիտասի՝ Ավետարանի ոգուն հավատարիմ բնութագրից և տեսլականից, որն ի սկզբանե որդեգրվել է այս բարեսիրական կազմակերպության հիմնադրման պահին՝ 1995-ին, մի խումբ նվիրյալ աշխարհականների կողմից՝ Կաթողիկէ Հայոց Արքեպիսկոպոսի բարոյական և հոգևոր առաջնորդությամբ:

    «Հարկավոր է վերանայել մտահոգիչ որոշ իրողություններ և սրբագրել միասնական ուժերով՝ հստակեցնելով միասնական նպատակները»,- շեշտեց Սրբազան Հայրը:

     

    Կազմակերպության զարգացման և սեփական ինքնությանը հավատարիմ նկարագիրը վերադարձնելու բարդ աշխատանքում նոր Նախագահին աջակցելու պատրաստակամության մասին հայտնել են նաև Կարիտասի միջազգային ընտանիքի գործընկերները, որոնք արդեն իսկ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ:

     

    Անձնակազմը ևս հայտնեց իր լիարժեք պատրաստակամությունը՝ աշխատելու Սրբազան Հոր հետ միասին և նույն սկզբունքներով՝ կազմակերպության արդյունավետ աշխատանքի համար՝ հանուն Աստծո ժողովրդի լավագույն շահի:

     

    Սրբազանը խնդրեց աշխատանքը մշտապես համեմել աղոթքով և հիշել Տիրոջ խոսքերը. «Ե՛ս եմ որթատունկը և դուք՝ ճյուղերը: Եթե մնաք իմ մեջ, և ես ձեր մեջ, շատ պտուղ կտաք, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել», Հվհ. 15:5:

     

    «Հայկական Կարիտաս»-ն ունի սոցիալական ծառայությունների մատուցման 31 տարվա պատմություն և ներկայում իրականացնում է 50-ից ավելի տարաբնույթ ծրագրեր՝ Հայաստանի տարբեր մարզերի բնակչության խոցելի խմբերի և երիտասարդների համար՝ առանց որևէ խտրականության, սիրո և հավասարության, առավել արդար հասարակություն կառուցելու տրամաբանությամբ:

     

    Գյումրի, 25 մայիսի, 2026թ.

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

    Դիվանապետ Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

Օրացույց

Օրացույց