
Արքեպիսկոպոսի հովվական այցելությունները
2026թ. օգոստոսի 2-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ներկա գտնվեց Ջավախքի Ախալքալակի շրջանի Թորիա գյուղի 196 ամյակին նվիրված տոնին: Սրբազան Հայրը գյուղի եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց առընթերակայությամբ գյուղի ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնյանի և Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանի, որ ևս ներկա էր տոնական միջոցառումներին: Սրբազանն իր քարոզի ժամանակ շնորհավորեց Թորիայի ողջ բնակչությանը գյուղի տոնի առթիվ, իր հայրական երախտիքի խոսքը հայտնեց գյուղի երկարամյա հոգևոր պատմության, հայ կաթողիկէ ինքնության պահպանության և զարգացման ուղղությամբ գործադրված ջանքերի, հայ կաթողիկէ հոգևորականների կողքին լինելու համար: Սրբազան Հայրն իր օրհնության խոսքով հանդես եկավ նաև Պատարագից հետո գյուղում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ:
Նույն օրը պաշտոնապես կայացավ գյուղի նորակառույց մարզադպրոցի հանդիսավոր բացման արարողությունը։ Մարզադպրոցի կառուցման նախագիծը կյանքի է կոչվել «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում՝ տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ և ջանքերով: Այս կառույցը կոչված է նպաստելու գյուղում մարզական ակտիվ կյանքի զարգացմանը և մեծ ուրախություն է հատկապես երիտասարդների համար: Նորակառույց մարզադպրոցի բացման խորհրդանշական ժապավենը կտրեցին Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս. Նորատունկյանը, Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը և Նինոծմինդայի քաղաքապետ Անի Մոսոյանը: Տոնական միջոցառումը շարունակվեց գեղեցիկ համերգային ելույթներով:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
2 օգոստոսի, 2026թ.





