«Հիսուսը սիրում է ձեզ Իր Սուրբ Խորանից, երբ գալիս է ձեր սրտերի մեջ»
Հետևելով Հույսի հոբելյանական տարվա համար նախապես կազմված ծրագրին՝ Ծաղկազարդի տոնի և Երիտասարդական համաշխարհային օրվա առթիվ, 2025թ. ապրիլի 12-ին Հայ Կաթողիկէ Առաջնորդությունը և Անարատ Հղության հայ միաբան քույրերը կազմակերպեցին երիտասարդական ընդհանուր ուխտանագնացություն՝ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճար և ապա՝ միասնական հանդիպում քույրերի Տիրամայր Հայաստանի կենտրոնում: Մասնակցեցին շուրջ 300 երիտասարդներ՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից՝ իրենց հոգևոր հովիվների հետ միասին: Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում ի կատար ածվեց Սուրբ Դռան բացման հոգեպարար արարողությունը՝ հանդիսապետությամբ Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի: Ընթերցվեցին հատվածներ Ավետարանից և Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղղված նամակից, որտեղից Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապը վերցրել է իր կոնդակի բնաբանը՝ «Հույսը երբեք չի ամաչեցնում…», Հռմ. 5:5: Տաճարի ներսում հնչեց ապաշխարության միասնական աղոթքը, ապա՝ «Հրաշափառ» շարականով սկսվեց հանդիսավոր Սուրբ Պատարագը, որը մատուցանեց Առաջնորդ Հայրը՝ առընթերակայությամբ՝ Հայաստանի Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի և Հեշտիայի ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնյանի, համապատարագությամբ մյուս արժանապատիվ քահանաների, ովքեր առաջնորդում էին իրենց երիտասարդական խմբերի ուխտագնացությունը: Սրբազան արարողության ընթացքում երիտասարդները նաև առիթն ունեցան ընդունելու Ապաշխարության Սուրբ Խորհուրդը:
Իր հայրական քարոզում Սրբազանը երիտասարդների ուշադրությունը հրավիրեց Տիրոջ երկու ավետարանական պատմությունների վրա՝ Ղազարոսի հարությունը և Հիսուսի երկխոսությունը մի հարուստ երիտասարդի հետ, որոնք Սրբազանը նկատեց իմաստային փոխկապակցվածության մեջ: Մեռած Ղազարոսը հարություն առավ Հիսուսի խոսքերով. երբ Տերը մոտեցավ նրա գերեզմանին, Ղազարոսն արդեն չորս օրվա մեռած էր, բայց Տերը նրան ձայն տվեց այնպես, կարծես ողջ լիներ. «Դու՛րս արի», և Ղազարոսը լսեց նրան ու վերակենդանացավ: Իսկ հարուստ երիտասարդը չկարողացավ իր հոգևոր մեռած վիճակից դուրս գալ և առավել վատ վիճակում հայտնվեց, երբ Տերը նրան խնդրեց վաճառել իր ունեցածը և հետևել Իրեն: Նա չկարողացավ հասնել այն իդեալին, որը դրեց նրա առջև Տերը. չկարողացավ հրաժարվել իր ունեցածից՝ հանուն Հիսուսի, այլ կառչած մնաց իր սեփականություններից: Սրբազանը հարց ուղղեց, թե ինչպե՞ս կվարվեր այսօրվա երիտասարդը, եթե Տերը նույն հարցն իրեն ուղղեր իր կյանքի պարագաների մեջ. Ղազարոսի նման դուրս կգա՞ր իր մեռած վիճակից, թե կմնանվեր այն մեկին, որ չուզեց հրաժարվել իր կապվածություններից: Թերևս, այսօր շատ են այդ հարուստի նման երիտասարդները:
«Բայց Հիսուսը սիրում է ձեզ Իր Սուրբ Խորանից, երբ գալիս է ձեր սրտերի մեջ: Երբ Տերը նայում է ձեր աչքերի մեջ, ինչպես նայեց այն երիտասարդին, դա աշխարհի մեծագու՛յն երջանկությունն է, մեծագույն ուրախությունն է, մեծագույն հաջողությունն է: Գուցե, ինչ-որ բան պակասում է ձեր կյանքում, ուրեմն, մի՛ վախեցեք ամբողջացնել ձեր կյանքը՝ ինչպես ուզում է Տերը». ասաց Սրբազանը:
Պետրոս առաքյալին էլ այդ հարցը հուզում էր. ի՞նչ կստանանք մենք, որ ամեն ինչ թողեցինք ու եկանք քո ետևից: Հիսուսը նրան պատասխանում է, թե ով թողել է ամեն ինչ, կունենա հարյուրապատիկը՝ արդեն այս կյանքում և հավիտենական կյանքը՝ ապագայում: Սրբազանը կոչ արեց երիտասարդներին չվախենալ հետևել Քրիստոսի կանչին և համարձակ քայլեր անել:
Սուրբ Պատարագից հետո բոլոր ուխտավորները ժողովվեցին Տիրամայր Հայաստանի կենտրոնում, որտեղ նախ բաժանվեցին խմբերի՝ պատրաստելու համար իրենց հուզող հարցերը, որոնք պետք է ուղղեին Սրբազան Հորը: Խմբային աշխատանքից հետո քույրերը հյուրասիրեցին ուխտավորներին իրենց խոհարարական դպրոցի սաների պատրաստած կերակուրներով և ըմպելիքներով, որից հետո օրակարգը շարունակվեց Սրբազան Հոր և երիտասարդների միջև տեղի ունեցող հարցուպատասխանով: Երիտասարդներին հուզող հարցերից էին, օրինակ՝
-տառապանքի իմաստը, մանավանդ, երբ առերեսվում ես անմեղ մանուկների տառապանքին, ինչպե՞ս հասկանալ,
-ինչպե՞ս կողմնորոշվել արդի աշխարհում, որտեղ արժեքները անընդհատ փոփոխվում են, ո՞րն է կողմնորիչը և այլն:
Երիտասարդներին հետաքրքրում էր նաև Սրբազան Հոր քահանայական կոչման պատմությունը: Սրբազանը ջանաց բավարարել բոլորին հուզող հարցերին, որից հետո հավատքի վկայության համար խոսք տրվեց Գյումրիի երիտասարդական միության անդամ, պարալիմպիկ ծանրորդ, մասնագիտությամբ հոգեբան և Հայկական Կարիտասի աշխատակից Արթուր Գալստյանին: Այս երիտասարդը, չնայած ի ծնե հաշմանդամությանը, կարողացել է հաղթահարել բազմաթիվ սոցիալական, հոգեբանական և կրթական դժվարություններ՝ ի հզոր կամքի և, հատկապես, հավատքի շնորհիվ: Նա պատմեց իր հավատքի ճանապարհի մասին, որ սկսել է նախ «Հավատ և լույս» կազմակերպության կամավորների շնորհիվ և Հայ Կաթողիկէ Եկեղեցում իր մկրտությամբ, և անցել է Տիրոջ հետ միասին՝ նույն Եկեղեցում, հասել լուրջ հաջողությունների կրթության մեջ, սպորտում և այսօր արդեն աշխատանքում՝ դառնալով մի մասը Եկեղեցու սոցիալական առաքելության, և ոգևորում է հարյուրավոր երիտասարդների՝ երբեք չհուսալքվել և միշտ վստահել Տիրոջը, քանի որ, ինչպես ինքն է ասում, Տերը գիտի հնարավոր միլիարդարվոր տարբերակներից ընտրել յուրաքանչյուրիս եզակի անձի համար միակ լավագույն վիճակն ու ապագան: Արթուրի ելույթը խորապես քաջալերող էր և հուզիչ:
Արթուր Գալստյանից հետո, ըստ ծրագրի, երիտասարդները հանդես եկան իրենց խոսքով՝ պատմելով իրենց համայնքներում իրականացրած երիտասարդական գործունեության մասին, մանավանդ, այն տրամաբանությամբ, թե ինչպես է Հույսը արտահայտվում իրենց առաքելության մեջ և թե ինչպես են իրե՛նք ընկալում Հույսի մասին պապական կոնդակը: Երիտասարդները նաև հանդես եկան համերգային և պարային տպավորիչ ելույթներով: Հագեցած օրն ավարտվեց շնորհակալական խոսքերով, որոնք հնչեցին միջոցառումը վարող Գրպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի, Անարատ Հղության Հայաստանի քույրերի մեծավորուհի ք. Նարինե Սիմոնյանի և, իհարկե, Առաջնորդ Հոր շուրթերից, ում օրհնությամբ իր եզրափակմանը հասավ Հույսին նվիրված այս միասնական ուխտագնացությունը և 2025-ի առաջին մեծ երիտասարդական հանդիպումը:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
14 ապրիլի, 2025թ.