
Մեծ նպատակներ, մեր երազանքներ ունեցե՛ք
2025թ. նոյեմբերի 22-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն առաջին անգամ հովվական այցելություն կատարեց Ղազանչի հայ կաթողիկէ համայնք և մատուցեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում 5 մանուկներ առաջին անգամ ընդունեցին Սուրբ Հաղորդությունը` Տիրոջ Մարմինն ու Արյունը: Ներկա էին նաև Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի տնօրեն Հ. Մարիո Կուկարոլլոն և փոխտնօրեն Հասմիկ Համբարյանը:
5 երեխաները նախապես պատրաստվել էին կրոնի կամավոր ուսուցիչներ Անահիտ Պետրոսյանի և Քրիստինե Սարգսյանի առաջնորդությամբ, ովքեր Ավետարանման ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են առցանց դասընթացի միջոցով և սկսել են գյուղում կրոնի կանոնավոր դասեր անցկացնել 2024 թվականից: Նրանք նաև Մարիամի Լեգեոն առաքելագործ շարժման եռանդուն անդամներ են: Սուրբ Պատարագի ժամանակ Սրբազան Հայրն իր քարոզի մեջ նախ խոսեց Առաջին Սուրբ Հաղորդության մասին.
«Առաջին անգամ Հիսուսի Մարմինն ու Արյունը ընդունելը մարդու կյանքի այն կարևորագույն դեպքերից է, որ պատմական օր է, որովհետև մնում է ամբողջ կյանքի համար… Այսօրվա նկարները կպահեք ձեր աչքի առջև, որպեսզի հիշեք, որ այս օրը Հիսուսը առաջին անգամ մտավ սրտիս մեջ և ես հրաժարվեցի սատանայից ու մեղքից»:
Սրբազանը խոսեց հոգևոր Հացի` Կենաց Հացի մասին, որ Մարմին եղավ և մեզ համար եղավ սնունդ և մեզ ընծայվում է Սուրբ Պատարագի մեջ: Ապա խոսեց Ղազանչի համայնքի հավատքի զարթոնքի մասին, որը նշանավորվեց նոր` Սուրբ Հովսեփ եկեղեցու կառուցմամբ և հանդիսավոր օծմամբ, որը տեղի ունեցավ 2022-ի սեպտեմբերին.
«Ղազանչի համայնքը բերիի հոգևոր արգանդ է, որը շարունակում է փոխանցել հավատքը` մատղաշ սերնդին: Ահավասիկ, այս մանուկները կնքված են, այս մյուս մանուկներն առաջին Սուրբ Հաղորդությունն են ստանում, տեսնում եմ երիտասարդներ` երգչախմբում, Խորանի սպասավորության մեջ: Տեսնում եմ նաև չափահասներ. սա առողջ հոգևոր համայնքի ապացույցն է, եթե այս ամենից մեկը պակասի, համայնքը կլինի հիվանդ… Մի՜ թերագնահատեք ձեր գյուղի փոքրությունը, ձգտե՜ք բարձր պահել ձեր գյուղի պատիվը, մեծ ձգտումներ, մեծ երազանքներ ունեցեք, բարձունքների հասեք»:
5 մանուկները վերջում որպես նվերներ ստացան մանուկների Աստվածաշունչ և Սուրբ Հաղորդության մասին Սբ. Ժոզեմարիա Էսքրիվայի գրքույկը:
Սբ. Պատարագից հետո համայնքի ժողովրդապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը` զբաղված առօրյայում ժամանակ գտնելու և հովվական այցելություն կատարելու, Առաջին Սուրբ Հաղորդության բերկրանքը կիսելու համար:
Ղազանչիի ժողովրդապետական կենտրոնում տեղի ունեցավ նաև տոնական կարկանդակի կտրումը` ջերմ զրույցի և հյուրասիրության մթնոլորտում:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
22 նոյեմբերի, 2025թ.





