• Սիրո և ծառայության ևս մեկ օրրան. բացվեց Տիրամայր Հայաստանի Երիտասարդական կենտրոնը

    «Այս կենտրոնի բացումով մենք բացառեցինք շատ դյուրաբեկ ընտանիք ունենալու վտանգը»:


    2025թ. հոկտեմբերի 22-ին Գյումրիում տեղի ունեցավ Անարատ Հղության հայ քույրերի միաբանության նորակառույց Երիտասարդական տան մատռան Սուրբ Սեղանի օծման արարողությունը՝ յընթացս Սուրբ Պատարագի, ձեռամբ Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և իմ առընթերակայությամբ: Իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ Երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին նաև Առաջնորդության մեջ և սփյուռքում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականներ, Հայաստանում Կանադայի դեսպանը, Երիտասարդական կենտրոնի բարերարներ և այլ հյուրեր:

     

    Բացման արարողության ժամանակ միաբանության մեծավորուհի Մայր Արուսյակ Սաճոնյանը պատմեց, թե աստվածային նախախնամությամբ և հրաշքով է իրականացվել այս նոր կենտրոնի կառուցումը. Ժաքլին Գալուստյան անունով մի բարեպաշտ կին ժառանգություն է կտակել այս տան կառուցման համար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարել Ամերիկյան Եպիսկոպոսների Խորհուրդը, Հռոմի Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների Վերատեսչությունը և բազմաթիվ այլ անհատ բարերարներ, ովքեր մշտապես աջակցել են Անարատ Հղության հայ միաբան քույրերի բարեգործական, դաստիարակչական և սոցիալական բազմաթիվ ձեռնարկներին: Երիտասարդական նոր տունը նաև հագեցած է բոլոր հարմարություններով, որոնք հնարավորություն կտան պատանի և երիտասարդ հայ աղջիկներին բնակվել այստեղ՝ բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ, ստանալ քրիստոնեական, բարոյական բարձր դաստիարակություն և խորհրդատվություն, ուղեկցություն՝ կենսական կարողությունների զարգացման նպատակով, նաև մասնագիտական հմտություններ, որոնք պահանջում է ժամանակակից աշխատանքային միջավայրը: Այս տունը կոչված է նաև մշակելու հոգևոր կոչումներ՝ Անարատ Հղության հայ քույրերի միաբանությանը անդամակցելու վսեմ դիտավորությամբ:

     

    Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը դահլիճում ներկաներին դիմելով շեշտեց այս նոր տան հատկապես սոցիալական առաքելությունը՝ Ավետարանական ոգով.

     

    «Այս կենտրոնի բացումով մենք բացառեցինք շատ դյուրաբեկ ընտանիք ունենալու վտանգը: Այս կենտրոնից անցնող երիտասարդները պետք է թրծվեն, հարստանան, սնվեն, ճոխանան քրիստոնեական արժեքներով, որպեսզի հետո նետվեն աշխարհ և կազմեն սուրբ ընտանիքներ… Եկեղեցին որպես մայր և դաստիարակ, ի շարս իր բոլոր կառույցների, պետք է ունենա նաև այսպիսի կենտրոններ, որտեղ պատրաստվեն ապագայի մայրերը և դաստիարակները, նաև բացառված չէ, որ այս տան մեջ որոշ երիտասարդուհիներ պատրաստվեն նվիրյալ կուսական կյանքին»:

     

     

    Բացման արարողության հոգեզմայլ զարդը եղավ Տիրամայր Հայաստանի երգչախմբի համերգը՝ Ռոբերտ Մլքեյանի գեղվարվեստական ղեկավարությամբ, որ գեղագիտական, հոգևոր և հայրենասիրական խոր տպավորություններ թողոց բոլորիս սրտերում:

     

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    27 հոկտեմբերի, 2025թ.

Օրացույց

Օրացույց