• Կարո՞ղ է արդյոք Նիկեական Հավատո Հանգանակը միավորել բոլոր քրիստոնյաներին

    Այս տարի լրանում է Նիկեայի տիեզերաժողովի 1700-ամյակը. Նիկեական Հանգանակը՝ որպես միասնության արտահայտություն


    Սուրբ Աթոռի Հավատքի Վարդապետության Վարչության Միջազգային Աստվածաբանական Հանձնաժողովը հրապարակել է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, Փրկիչ. Նիկեայի Տիեզերաժողովի 1700 ամյակը», որը նվիրված է այդ առաջին ժողովին, որը հաստատեց առաջին համաեկեղեցական Հավատո Հանգանակը:

     

    Նիկեայի տիեզերաժողովի 1700 ամյակը լրանում է այս տարվա մայիսի 20-ին: Այն գումարվեց 325թ. Բյուզանդական կայսրության Նիկեա քաղաքում՝ Կոստանդին Ա Կայսեր հովանու ներքո և աշխարհի տարբեր վայրերում հիմնված եկեղեցական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիկեայի ժողովը պատմության մեջ առավել հայտնի դարձավ հրապարակած Հավատո Հանգանակի շնորհիվ, որտեղ առաջին անգամ ամփոփ և հստակ ձևով շարադրվեց քրիստոնեական Եկեղեցու ուղղադավան հավատամքը, որի առանցքը փրկությունն է Հիսուս Քրիստոսով և հավատքը Սուրբ Երրորդության հանդեպ: Հետագայում՝ 381թ., Կոստնադնուպոլսի ժողովում Հանգանակը ստացավ իր վերջնական տեսքը և դարձավ քրիստոեական ողջ Եկեղեցու ինքնության վկայականը՝ ընդդեմ աղանդավորների: Նիկեայի ժողովի կարևորության պատճառով Միջազգային Աստվածաբանական Հանձնաժողովը պատրաստել է մոտ 70 էջանոց մի աստվածաբանական փաստաթուղթ՝ վերստին խորհրդածության նյութ դարձնելու համար Ժողովի հիմնարար նշանակությունը և Հավատամքի բացառիկ ներուժը, որը կարևոր է Եկեղեցու ավետարանի քարոզության այս նոր ժամանակահատվածում: Այս նոր փաստաթուղթը հատուկ կարևորություն է ստանում՝ համընկնելով Հույսի Հոբելյանական տարվա հետ, երբ բացառիկ կերպով բոլոր քրիստոնյաները Սուրբ Հարության տոնը նշում են նույն օրը:

     

    Հանձնաժողովի այդ փաստաթուղթը, որը հրապարակվեց այսօր՝ ապրիլի 3-ին, ոչ միայն գիտական մի փաստաթուղթ է, այլև պարզ հավատացյալին ևս կարող է օգնել ավելի խորությամբ հասկանալու քրիստոնեական հավատքի հիմքերը:

     

    Նիկեայի ժողովը նաև առաջին անգամ արտահայտիչ ձևով փաստեց Եկեղեցու միությունը՝ հավատքի և ընդհանուր առաքելության հարցում՝ ժողովական կամ սինոդական ձևով, այն էլ՝ տիեզերական ժողովի ձևով: Հետևաբար, առաջին տիեզերաժողովը կարող է նաև հիմնակետ հանդիսանալ այն սինոդական ժանապարհի համար, որի վրա այժմ առաջ է շարժվում Կաթողիկէ Եկեղեցին:

     

    Պետք է ասել, որ այդ փաստաթղթի վրա աշխատել են հեղինակավոր աստվածաբաններ՝ թե՛ հոգևորականներ և թե՛ աշխարհականներ, որոնք ընդգրկված են Սուրբ Աթոռի Հավատքի Վարդապետության Վարչության Միջազգային Աստվածաբանական Հանձնաժողովի մեջ:

     

    Փաստաթուղթը հատուկ ուշադրություն է դարձնում, թե ինչպես կարող է Հանգանակը նպաստել քրիստոնեական միությանը մեր ժամանակներում: Այս իմաստով փաստաթղթում հույս է հայտնվում, որ առաջիկայում գուցե հնարավոր լինի համաձայնության հասնել Սուրբ Հարության տոնը միասին նույն օրը նշելու վերաբերյալ, ինչպես արդեն բազմիցս առաջարկել է Ֆրանցիսկոս Քահանայապետը: Պարագրաֆ 43-ում գրված է, թե 2025 թվականը բոլոր քրիստոնյաների համար ներկայացնում է «մի մեծարժեք հնարավորություն` շեշտելու, որ բոլորիս ունեցած ընդհանրություններն ավելին են, քան այն, ինչ բաժանում է մեզ. Միասնաբար հավատում ենք եռամիասնական Աստծուն, Քրիստոս` ճշմարիտ Մարդուն և ճշմարիտ Աստծուն, Հիսուս Քրիստոսով փրկությանը, ըստ Սուրբ Գրքի … և Սուրբ Հոգու ներգործությամբ: Միասին հավատում ենք Եկեղեցուն, մկրտությանը, մեռելների հարությանը և հավիտենական կյանքին»:

     

    Փաստաթղթի հեղինակները խոսում են Զատկի տոնակատարության օրվա տարբերությունների հետևանքների մասին` հովվական տեսանկյունից. «Այն առաջացնում է անհարմարություններ` ժողովրդի մեջ, նույնիսկ ընտանիքները բաժանելու աստիճան և գայթակղության քար է դառնում ոչ-քրիստոնյաների համար` այդպիսով վնասելով նաև Ավետարանի վկայությանը»:

     

    Բայց 1700 տարի անց Նիկեայի ժողովի հարստությունը վերստին գնահատելը մեզ նաև առաջնորդում է հասկանալու, թե ինչպես է Նիկեայի ժողովը շարունակում սնել և առաջնորդել քրիստոնեական կյանքը: Երկրորդ գլուխը` «Նիկեայի Հանգանակը հավատացյալների կյանքում», ուսումնասիրում է, թե ինչպես են ծեսը և աղոթքը հարստացրել Եկեղեցին Նիկեայի ժողովի շնորհիվ, որն այդ պատճառով համարվում է բեկումնային կետ` քրիստոնեության պատմության մեջ: Եկեղեցու հայրերի հետ միասին փաստաթղթում վերահաստատվում է հետրևալ արմատական միտքը.
    «Մենք հավատում ենք այնպես, ինչպես մկրտվում ենք, և աղոթում ենք այնպես, ինչպես հավատում ենք:
    Փաստաթուղթը հաստատում է, որ Նիկեական Հավատամքը «կենդանի ջրի աղբյուր» է, որի հարուստ վարդապետական բովանդակությունը վճռորոշ է եղել քրիստոնեական ուսմունքի ձևավորման համար:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Աղբյուրը` Vatican News

     

Օրացույց

Օրացույց