• Իգնատիոս Մալոյանի սրբադասումը և այդ պատմական իրադարձության ուղերձը` մերօրյա հայ հասարակությանը. վերլուծական

    «Սուրբ եղե՜ք, ինչպես ես սուրբ եմ» (Ելք 19:6, Ղևտ. 21:8, Ա Պետ. 1:16)


    Այսօր` 2025թ. հոկտեմբերի 19-ին, Ն. Ս. Լևոն 14-րդ Սրբազան Պապը Կաթողիկէ կամ Տիեզերական Եկեղեցու սրբերի շարքին դասեց 1915-ին Արևմտյան Հայաստանում Հայոց Ցեղասպանության նահատակ Երանելի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին (կենսագրությունը` այստեղ)` 6 այլազգի երանելիների հետ միասին:

     

    Սրբադասման արարողությունը տեղի ունեցավ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում` մասնակցությամբ և աղոթակցությամբ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի, Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսների, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսների, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի (ինչը շատ կարևոր քայլ էր` հայ կաթողիկէ ժառանգությունը ըստ արժանվույն գնահատելու համատեքստում), Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների և մոտ հիսուն հազար հավատացյալների բազմության, որոնք եկել էին տարբեր երկրներից` ըստ յոթ նորահռչակ սրբերի ազգային պատկանելության, նրանց թվում և ներկայացուցիչներ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքից:

     

    Սուրբ Աթոռի Սրբերի Վերատեսչության Վերատեսուչ Կարդինալ Սեմերարոն նախ ներկայացրեց յոթ երանելիների կենսագրականները` սկսելով մեր հայազգի նահատակ սրբի նահատակության պատմությունից: Ապա արարողությունը զարդարեց Ամենայն Սրբոց Լիթանիայի գեղեցիկ աղոթք-շարականը` որը կապեց երկիրը` երկնքին, պանդուխտ Եկեղեցին` Երկնային սրբերի և հրեշտակների Եկեղեցուն, Սուրբ Պետրոսի հրապարակ իջեցնելով Կաթողիկէ Եկեղեցու երկու հազարամյա պատմության բյուր հազարավոր սրբերի կենդանի ներկայությունը: Սուրբ Պետրոս առաքյալի հաջորդը` Լևոն 14-րդ Պապը, արտասանեց սրբադասման խոսքերը` Քրիստոսից իրեն տրված իշխանությամբ սուրբ հռչակելով Իգնատիոս Մալոյանին և մյուս երանելիներին, Տիեզերական Կաթողիկէ Եկեղեցու բոլոր հավատացյալներին պատվիրելով պատվել նրանց որպես սրբերի և խնդրել նրանց բարեխոսությունը:

     

    Ապա մատուցվեց Սուրբ Պատարագ, որից առաջ Սրբազան Պապն իր քարոզում խոսեց սրբերի օրինակի մասին` ավարտելով այսպես. «Թո՜ղ նրանց բարեխոսությունը օգնի մեզ մեր փորձությունների ժամանակ և թող նրանց օրինակը ոգեշնչի մեզ` սրբության մեր ընդհանուր կոչման մեջ: Դեպի այդ նպատակը մեր ճամփորդության ընթացքում եկե՜ք անդադար աղոթենք և հարատևենք այն ամենի մեջ, ինչ սովորել ենք և հաստատապես հավատում ենք (տե՜ս` Բ Տիմ. 3:14): Այսպիսով հավատքը երկրի վրա ապահովում է Երկինք հասնելու հույսը»:

     

    Սրբազան Պապի այս խոսքերը մի հատուկ գույն են հաղորդում այս իրադարձությանը: Կաթողիկէ Եկեղեցին` ի դեմս Սուրբ Պետրոսի հաջորդի և նրա հետ հաղորդության մեջ գտնվող եպիսկոպոսների, որոնք սուրբ առաքյալների հաջորդներն են, այսօր վերահաստատեց իր սերն ու գնահատանքը մեր հայ ժողովրդի արժանի զավակի քրիստոսանվեր հավատքի և սրբության հանդեպ` դրանով իսկ իր վերստին արտահակտելով իր գնահատանքը մեր ժողովրդի պատմական դարավոր քրիստոնեական ինքնության և սրբերի նկատմամբ, ինչը Լևոն 14-րդից առաջ կատարել են նրա բազմաթիվ նախորդները` մանավանդ, Լևոն 13-րդը ապա Բենեդտիկտոս 15-րդը, Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը և Ֆրանցիսկոսը:

     

    Այսօր քրիստոնեության սրտում` Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, բարձրացվեց և հատուկ պատվի արժանացավ հայի սրբությունը, մանավանդ, հայ կաթողիկէ հոգևորականի՜ սրբությունը` կարևոր արդիական ուղերձ հղելով հայ հասարակությանը, որ այս օրերին սկսել է մանրադիտակով ուսումնասիրել հայ հոգևորականի կերպարը` բայց սխալ աշխատող մանրադիտակով, տեսնելով միայն այն, ինչ պետք է իրե՜ն: Ցավալի է նկատել և լսել, թե ինչպես հայ հասարակության մի ստվար զանգված հոգևորականների մասին խոսելիս` մտածում է ամեն ինչի մասին` սեփական քաղաքական և տնտեսական, կենցաղային և նեղ խմբային շահերի մասին և այլ տարատեսակ ոչ հոգևոր բաների մասին և ո՜չ երբեք հոգևորականի ՍՐԲՈՒԹՅԱՆ անխուսափելի անհրաժեշտության մասին: Այն տպավորությունն է, թե մեղք երեևույթն ինքնին կարևոր չէ մեր հասարակության համար, ամեն ինչ արվում է մեղքը միայն անձնական տիրույթում` որպես անձնական կամ նույնիսկ ինտիմ հարց սահմանափակելու համար, ամեն ինչ արվում է անհատական մեղքը քողարկելու, ստվերում պահելու համար, ամեն ինչ արվում է մեղքը չկարևորելու համար` փոխարենը առաջ քաշելով շահադիտական կեղծ նկատառումների շղարշներ, որոնք շեղում են բոլորի ուշադրությունը ամենակարևորից` մեղքի իրականությունից և սրբությամբ ապրելու համընդհանուր այն կոչումից, որը աստվածադիր է, որը գալիս է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Սրտից և ուղղված է յուրաքանչյուր մարդ արարածի, նաև` յուրաքանչյուր հայի ուղիղ սրտին:

     

    Ինչու՞ է սրբությամբ ապրելու գերխնդիրը մղվել ետնաբեմ կամ դարձել զուտ իդեալիստական մի հարց, որը, ինչպես նկատելի է, բացարձակապես ոչ մի աղերս չունի հայ հասարակության այսօրվա իրականության և մարդկային կենցաղի հետ: Ցավով և սարսափով եմ նկատում, որ նույնիսկ շատ հոգևորականների և մտավորականների համար է դա երկրորդական կամ երրորդական հարց: Պատասխանը տեսնում եմ հետսովետարական հասարակության` ՍՐԲՈՒԹՅԱՆ հանդեպ բոլորի համար համընդհանուր անտարբերության ժառանգության մեջ, որը կորում է «բարեպաշտ և առաջին քրիստոնյա երկիր, հայրենասիրություն, ավանդապաշտ ազգ» և նմանատիպ այլ կեղծ պաթեթիկ արտահայտությունների ծխածածկույթի տակ, որը ձեռնտու է միայն սատանային, որի հակառակության առաջնային թիրախը ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆ է, մարդկանց մտքերից սրբության միտքը վերացնելը, անիմաստ և անիրական դարձնելը, պատմության կամ առասպելաբանության դարակում ամուր փակելը, հավատքը միայն անհատական մակերեսային և զուտ հավատալ-չհավատալու մանկամիտ խոսույթի մեջ սահմանափակելը` այդպիսով կաթվածահար անելով մարդու ամենաառանցքային կոչումը` սրբությունը և սուրբ լինելու տենչը, որը մարդու մեջ ի սկզբանե ծրագրել և դրել է Աստված Ինքը` մարդուն ստեղծելով Իր պատկերով և նմանությամբ. «Սուրբ եղե՜ք, ինչպես ես սուրբ եմ» (Ելք 19:6, Ղևտ. 21:8, Ա Պետ. 1:16):

     

    Սրբության այս կոչումը հավասարապես վերաբերվում է թե՜ հոգևորականին, թե՜ աշխարհականին, որոնք միասին են կազմում Տիրոջ Սուրբ Եկեղեցին. բոլորը և յուրաքանչյուր մարդ արարած կարող է և պե՜տք է լինի սուրբ, ապրի սրբությամբ` անկախ իր զբաղմունքից և հասարակական կարգավիճակից:

     

    Իսկ ի՞նչ է սրբությունը կամ սրբությամբ ապրելը: Այս հարցում ևս հասարակության ընկալումը բավական սխալ է կամ թույլ և մակերեսային, գրեթե մանկական, կամ նույնիսկ, թելադրված փողոցային տգետ մտածելակերպով, ինչը մեծագույն վիրավորանք է Աստծո և քրիստոնեության նկատմամբ: Պատճառն այն է, որ հայ հասարակության մեջ մեծ հաշվով չկա նաև մեղքի ճիշտ ընկալումը, հետևաբար չկա հստակ զանազանություն սրբության և մեղքի միջև, հոգևորի և աշխարհիկի (secular իմաստով, ոչ թե աշխարհական) միջև: Հասարակությունը հստակ չի տարբերում մեղքը սրբությունից, հոգևորը` աշխարհային մեղավոր երևույթներից` հաճախ հոգևոր անվանելով նաև երևույթներ, որոնք կապ չունեն մարդկային հոգու զարգացման կամ սրբության հետ, որը հոգևոր կյանքի առանցքային նպատակն է: Սուրբ Պողոսը շատ զորեղ խոսքերով գրում է Կորնթոսի դարձի եկած նախկին հեթանոսներին. «Անհավատներին լծակից մի՜ եղեք, որովհետև ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ, և կամ ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև, կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի (քանանացիների չաստվածներից կամ սատանայի ևս մեկ անունը) միջև… կամ ի՞նչ նմանություն ունի Աստծո տաճարը մեհյանների հետ: Արդարև կենդանի Աստծո տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված… մաքրենք մենք մեզ մարմնի և հոգու ամեն պղծությունից և կատարյալ դարձնենք սրբությունը Աստծո երկյուղով» (Բ Կորնթ. 6:14-7:1): Մարդը պետք է լինի տաճար` բնակության վայր Աստծո համար` իր մկրտության վայրկյանից սկսած, իսկ շատերը իրենց մարմիններն ու հոգիները առանց հասկանալու կամ գիտակցաբար դարձրել են կռապաշտական մեհյաններ, դևերի բնակատեղիներ, բայց կարողանում են օձի խորամանկությամբ ներկայանալ որպես գառներ, նույնիսկ, ինքնազոհաբերվող մատաղացու գառներ, որ իբր ամեն ինչի պատրաստ են` հանուն հայրենիքի փրկության, Եկեղեցու պաշտպանության կամ այլ պերճախոս և գեղեցիկ գաղափարների համար, որոնցով կերակրում են իրենցով դյութվածներին:

     

    Ցավում եմ, որ մենք ապրում ենք այսպիսի կեղծ և սարսափելի իրականության մեջ, որտեղ սրբության պաշտպանության անվան տակ հաղթանակում է պղծությունը, որտեղ մեղքը լույսի տակ բերելու փոխարեն գերադասում են ավելի մութ անկյուններում թաքցնել` արժեզրկելով քրիստոնեության բուն իմաստը և ապրելով մի կեղծ, ինքնաստեղծ, ինքնաբավ աշխարհի մեջ, որտեղ վտանգված է մարդկային հոգու գոյությունն ինքնին:

     

    Ես աղոթում եմ, որ մեր հայ հոգևորականի սրբացված այն նոր կերպարը մեր ժողովրդին մի հստակ ուղերձ հղի` ավելի լրջորեն և անկեղծորեն մտածել սրբությամբ ապրելու մասին` նախ հոգևորականը և ապա աշխարհականը, նախ սրբության ծառան և ապա սրբացվողը, որովհետև ՍՐԲՈՒԹՅԱՆ սպասավորի պատասխանատվությունն ավելի մեծ է, քան նրանը, ում նա մատուցում է այդ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ` նրան սրբացնելու համար. «ում շատ է տրվել, նրանից շատ էլ կպահանջվի» (Ղուկ. 12:48), ասում է Տերը:

     

    Եվ ի վերջո, մենք` հոգևորականներս, պատասխանատվություն ենք կրում մեզ հանձնված հոգևոր հոտի սրբության համար: Ուզում եմ ավարտել Եզեկիել մարգարեի հետևյալ ծանր խոսքերով, որոնք Տերն ասում է Եզեկիելին` նրան կարգելով ժողովրդի պահակ. «Երբ ես մեղավորին ասեմ` հաստատ կմեռնես, իսկ դու չխոսես ու չզգուշացնես ամբարշտին իր ճանապարհից, ինքը` անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, բայց նրա արյունը քեզնի՜ց կպահանջեմ» (Եզկ. 33:7-8):

     

    Տ. Հովսեփ քհն․ Գալստյան
    19 հոկտեմբերի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց