Սրբազան Քահանայապետը՝ գաղափարական գաղութարարների և որդեծնության մասին.հարցազրույց՝ Ֆիլիպիններից վերադառանալիս
Ֆիլիպպիններում հովվական այցից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ուշագրավ հարցազրույց է ունեցել լրագրողների հետ: Առանձնացրել եմ երկու կետ: Լրագրողներից մեկի խնդրանքով Քահանայապետը բացատրել է, թե ինչ է ի նկատի ունեցել ֆիլիպինցի ընտանիքների հետ զրուցելիս՝ «գաղափարական գաղութացում» ասելով: Նա մի օրինակ պատմեց, ըստ որի աֆրիկյան մի երկրում, 1995թ. կրթության նախարարը վարկ է խնդրել՝ (հավանաբար, միջազգային մի կազմակերպությունից) աղքատների համար մի դպրոց կառուցելու նպատակով և ստացել է՝ այն պայմանով, որ դպրոցներում դասաժամ մտցվի գենդերային տեսության մասին: Դա, Քահանայապետի բացատրությամբ, նշանակում է պարտադրել ազգին մի գաղափար, որը նրա հետ ոչ մի կապ չունի: Դա նշանակում է զրկել մի ժողովրդի աճելու և զորեղ լինելու հնարավորությունից: Պապը զուգահեռներ է անցկացրել նաև ֆաշիստական ռեժիմների գաղափարական քաղաքականության հետ: Գաղափարական գաղութարարները ստիպում են ազգերին կորցնել իրենց ինքնությունը: Սա է գլոբալացումը՝ նման մի գնդի, որի մեջ բոլոր կետերը կենտրոնից նույն հեռավորության վրա են, այսինքն՝ միաձևությունն է իշխում: Բայց հարկ է ունենալ բազմակողմանի մի մարմին, որտեղ յուրաքանչյուրը կպահպանի իր յուրահատկությունները:
Երբ Քահանայապետին խնդրել են բացատրել, թե ինչ է նշանակում ամուսինների համար «բաց լինել կյանքի առջև», ինչպես սովորեցնում է Եկեղեցին, նա հետևյալն է ասել.ամուսնության խորհուրդը չի կարող վավեր լինել, եթե ամուսնացողները պատրաստ չեն բաց լինելու կյանքի առջև՝ այսինքն որդեծնության առջև: Նա կարևորեց հատկապես Պողոս Զ Քահանայապետի մեծ վաստակն այս խնդրի պարզաբանման գործում: Պողոս Զ-ը, հիշեցնեմ, հեղինակն է «Humana Vitae`Մարդկային կյանք» վերտառությամբ շրջաբերականի, որտեղ խոսվում է որդեծնության և ընտանիքի պլանավորման մասին: Պողոս Զ-ը խոսում էր նեոմալթուզիականության տարածման մասին՝ ի դեմս ծնելիության սահմանափակման նպատակով ներդրվող տարբեր ծրագրերի: Բայց սա չի նշանակում, որ պետք է անվերջ երեխաներ ունենալ՝ առանց պատասխանատվություն կրելու այդ երեխաների ապագայի մասին, բացատրել է Ֆրանցիսկոս Քահանայապետը, այլ Եկեղեցին սովորեցնում է ծնողական պատասխանատվություն ստանձնելու աստվածային կոչման մասին: Հարկ է, որ ամուսիններն իրենց ընտանիքները պլանավորելիս խորհրդակցեն այդ խնդրով մասնագիտացած քահանաների և այլ մասնագետների հետ և, ինչպես համոզված է Քահանայապետը, կգտնվի ճիշտ լուծումը յուրաքանչյուր զույգի պարագայում, որպեսզի հնարավոր լինի խուսափել այս աշխարհի թելադրած կործանարար մեթոդներից և ապրել Աստծուն հաճելի կյանքով: