Լևոն ԺԳ և Ֆրանցիսկոս Պապերի հետքերով
Ն.Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապը 2025թ. մայիսի 10-ին Կարդինալների հետ հանդիպման ժամանակ բացատրել է, թե ինչու է վերցրել Լևոն ԺԴ անունը: Պատճառներն, ըստ նրա, մի քանիսն են, բայց գլխավորապես իր ներշնչումն է 19-րդ դարավերջին պապական գահին ծառայած Լևոն ԺԳ Պապի վճռական դիրքորոշմամբ` պաշտպանելու մարդկային արժանապատվությունը, որն առաջին անգամ պատմության մեջ հստակորեն արտահայտում էր Կաթողիկէ Եկեղեցու ուշադրությունը սոցիալական հարցերի նկատմամբ: Լևոն ԺԳ Պապը 1891թ. հրապարակած իր ”Rerum Novarum”` «Նոր իրողություններ» վերտառությամբ շրջաբերական նամակում առաջին անգամ հստակ արտահայտեց Եկեղեցու արձագանքը մարդու աշխատանքի իրավունքի ոտնահարման նկատմամբ, որը հետևանք էր 19-րդ դարի երկրորդ կեսի արդյունաբերական հեղափոխության, մարդկային մեծ ծավալի աշխատուժի աշխատաշուկայից դուրս մղման և մարդկային աշխատուժի դարավոր շահագործման: «Այսօր Եկեղեցին սոցիալական ուսմունքի իր ամբողջ հարստությունն առաջարկում է ի պատասխան մեկ այլ արդյունաբերական հեղափոխության և արհեստական բանականության զարգացումներին, որոնք նոր մարտահրավերներ են դնում` պաշտպանելու համար մարդկային արժանապատվությունը, արդարությունը և աշխատանքը», ասաց Լևոն ԺԴ Պապը Կարդինալների: Նորընտիր Պապի այս խոսքերից հետևում է, որ նա ևս, իր նախորդ անվանակցի նման, տրամադրված է իր հովվական առաքելության առաջնահերթությունների մեջ ներառել սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը, մարդու իրավունքների պաշտպանությունը` հիմնվելով Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի վրա, որի հիմնադիր հայրը կարելի է համարել հենց Լևոն ԺԳ Պապին:
Նորընտիր Քահանայապետը նախանշեց իր պապական ծառայության այլ հիմնական ուղենիշեր ևս` դրանք հիմնելով Վատիկանի Բ Ժողովի հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես, «Gaudium et spes»` «Ուրախություն և հույս», հովվական սահմանադրության, և Ֆրանցիսկոս Պապի «Evangelii Gaudium»` «Ավետարանի ուրախությունը» շրջաբերական նամակի վրա: Դրանք են` «ամեն ինչից առաջ հռչակել Քրիստոսին, ամբողջ Եկեղեցու դարձը` դեպի առաքելություն կամ միսսիոներություն, միասին աճել` ժողովականության կամ սինոդականության մեջ, ուշադրություն դարձնել հավատքի ընդհանուր ընկալմանը` sensus fidei, մանավանդ, ժողովրդական բարեպաշտությունը, սիրալիր հոգատարություն` ամենափքրերի և մերժվածների նկատմամբ, քաջ և վստահող երկխոսություն` ժամանակակից աշխարհի հետ` իր բոլոր բաղադրիչներով և իրողություններով հանդերձ»:
Այս կարճ ելույթը թույլ է տալիս ենթադրել, որ նորընտիր Պապը գնալու է այս ուղղություններով և առաջիկայում, հավաբանար, հանդես կգա Ավետարանի հռչակման, միսսիոներության և սոցիալական թեմաներով, մանավանդ, արհեստական բանականության սրընթաց զարգացմանը հավատքի տեսանկյունից ճիշտ ձևով արձագանքելու մասին հզոր ելույթներով և շրջաբերական նամակներով: Համենայնդեպս, ակնհայտ է, որ նա տրամադրված է շարունակել Ֆրանցիսկոս Պապի բարեփոխումների և սոցիալական հիմնախնդիրների նկատմամբ Եկեղեցու զգայուն արձագանքի ուղղությունը, ինչը կարող է նոր շունչ հաղորդել Ավետարանացմանը և Եկեղեցու դերակատարությանը մարդկության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման մեջ:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
11 մայիսի, 2025թ.