Հայաստան և Ադրբեջան. Ճանապարհ դեպի խաղաղություն
Կիրակի՝ 2025թ. օգոստոսի 10-ին Լևոն ԺԴ Սրբազան Պապը «Հրեշտակ Տեառն» աղոթքի ավարտին կոչ հղեց երկրների ղեկավարներին պատասխանատվություն կրել հակամարտությունների լուծումների որոնման համար: Նա գոհունակություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության նոր հռչակագրի կապակցությամբ, նաև խորը ցավ Հայիթիում շարունակվող ավերածությունների համար:
Պատերազմը պետք է մերժվի որպես «հակամարտությունների լուծման միջոց»: Սա էր Սրբազան Քահանայապետի հրատապ կոչը միջազգային հանրությանը և դրա առաջնորդներին, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն և ակտիվորեն աշխատեն խաղաղություն ձեռք բերելու ուղղությամբ՝ մի նպատակ, որի համար նա հորդորեց հավատացյալ հանրությանը երբեք չդադարել աղոթել:
«Շարունակե՜նք աղոթել բոլոր պատերազմների ավարտի համար», – ասաց Սրբազան Պապը: Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծության 80-ամյակը, նրա խոսքերով, համաշխարհային զարթոնք է առաջացրել՝ պատերազմը որպես հակամարտության լուծում վճռականորեն մերժելու անհրաժեշության վերաբերյալ: «Իշխանության ղեկին գտնվողները երբեք չպետք է անտեսեն իրենց կայացրած որոշումների հետևանքները մարդկանց կյանքում, – ասաց Սրբազան Քահանայապետը, – չպետք է անտեսեն ամենախոցելի մարդկանց կարիքները և խաղաղության համընդհանուր ձգտումը»:
Հայաստան և Ադրբեջան. Ճանապարհ դեպի խաղաղություն
Այնուհետև Սրբազան Պապն անդրադարձավ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաձայնագրին՝ որպես հույսի նշան: Այս համատեղ հռչակագիրը, նրա խոսքերով, կարևոր առաջընթաց քայլ է, որը «հուսանք, կնպաստի կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում»:
Վշտակցություն Հայիթիին
Սրբազան Քահանայապետը նաև անդրադարձավ Հայիթիում շարունակվող ճգնաժամին՝ խորը ցավ հայտնելով «ավելի ու ավելի հուսահատվող» բնակչության տառապանքների համար: Նա դատապարտեց երկրում լայնորեն տարածված «բոլոր տեսակի բռնությունները՝ մարդկանց թրաֆիքինգը, բռնի տեղահանումը և առևանգումները»:
«Ես սրտանց կոչ եմ անում բոլոր պատասխանատու կողմերին անհապաղ ազատ արձակել պատանդներին», – ասաց Սրբազան Պապը: Նա նաև կոչ արեց միջազգային հանրությանը տրամադրել շոշափելի աջակցություն՝ սոցիալական և ինստիտուցիոնալ պայմաններ ստեղծելու համար, «որոնք թույլ կտան Հայիթիի ժողովրդին ապրել խաղաղ պայմաններում»:
Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին «շրջադարձային» խաղաղության համաձայնագիր
Սպիտակ Տանը Հայատանն ու Ադրբեջանը ստորագրեցին խաղաղության համաձայնագիր, որի նպատակն է՝ վերջ դնել տասնամյակներ տևող զինված հակամարտությանը, որը խլել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանք և հանգեցրել առավել քան 100,000 հայերի տեղահանման Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքից:
Մոտ չորս տասնամյակ շարունակ Հայաստանն ու Ադրբեջանը պայքար են մղել միջազգայնորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության համար: Այս պայքարն իր բազմաթիվ սուր բախումներով խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք:
2023թ. Ադրբեջանը հարձակման միջոցով վերադարձրեց ողջ տարածքը, ինչի արդյունքում բնակչության 99 տոկոսը կազմող 100,000 հայեր բռնի ուժով տեղահանվեցին:
«Հրաշք»
Հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապը մշտապես հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Երեկ նախագահ Թրամփը միավորեց հակամարտող կողմերին՝ խոսելով նոր սկզբի մասին:
Թրամփն ասաց. «Երկար ժամանակ՝ 35 տարի նրանք հակամարտում էին, իսկ այժմ նրանք ընկերներ են, և կլինեն ընկերներ երկար ժամանակ: Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր հակամարտությունները, զարգացնել առևտուրը, տուրիզմը, դիվանագիտական հարաբերությունները և հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Հարավային Կովկասի երկու երկրները ստորագրեցին համաձայնագրեր միմյանց և ԱՄՆ-ի հետ, որոնցով կբացվեն հիմնական տրանսպորտային ուղիները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց, որ Հայաստանի հետ համաձայնության է եկել Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու հարցում՝ հռչակագիրն անվանելով «հրաշք»:
«Կարևոր հանգրվան»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկու երկրների միջև փոխհարաբերությունների պատմական պահի մասին: «Այսօր մենք կարևոր հանգրվանի հասանք հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ հիմք դնելով մի պատմության, որն առավել լավն է նախկինում ունեցածից: Սա հաջողություն է մեր երկրների և տարածաշրջանի համար, նաև՝ աշխարհի համար, քանզի առավել խաղաղ տարածաշրջանը նշանակում է առավել անվտանգ աշխարհ: Սա խաղաղություն է՝ ուժի միջով անցած», – շեշտեց Հայաստանի վարչապետը:
Այժմ բանակցություններ են սկսվելու այն մասին, թե ով է զարգացնելու նոր առևտրային ուղիներն, այդ թվում՝ երկաթուղային գիծը, նավթատար և գազատար խողովակաշարերը, օպտիկամանրաթելային գծերը:
Պաշտոնյաները հայտնում են, որ առնվազն ինը կառուցապատողներ հետաքրքրություն են հայտնել երբեմնի արյունոտ տարածաշրջանը վերածելու բարգավաճման և խաղաղության ասպարեզի:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
12 օգոստոսի 2025թ.





