
«Եպիսկոպոսները պետք մարմնավորեն Քրիստոսի ծառայությունը խոնարհության և աղոթքի մեջ»
2025թ. սեպտեմբերի 11-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը մասնակցեց նորընծա եպիսկոպոսների հանդիպմանը Ն.Ս. Լևոն ԺԴ Պապի հետ: Այս հանդիպումը ամփոփեց և եզրափակեց անցյալ տարվա ընթացքում ձեռնադրված եպիսկոպոսների համար կազմակերպված վերապատրաստության դասընթացը, որը տեղի ունեցավ Հռոմի Ուրբանյան համալսարանում սեպտեմբերի 5-11-ը:
Իր ուղերձում Սրբազան Պապը նորընծա եպիսկոպոսներին կոչ արեց հիշել, որ իրենք ընտրվել են, կանչվել և ուղարկվել որպես հավատքի սպասավորներ:
«Կուզենայի հիշեցնել մի պարզ բան, որը սակայն չպետք է ընդունվի որպես ինքըստինքյան տրված մի բան` այն պարգևը, որը ստացել եք, ձեզ համար չէ, այլև` Ավետարանին ծառայելու համար է», ասաց նա:
Հետո Պապը կենտրոնացավ եպիսկոպոսներին վստահված առաքելության բնույթի վրա` ասելով, թե դա եպիսկոպոսության հենց ինքնությունն է:
Ծառայությունը, նրա խոսքով, արտաքին ինչ-որ հատկանիշ չէ, այլ ավելի` «ներքին ազատություն, հոգու աղքատություն և ծառայության պատրաստակամություն, որը ծնվում է սիրուց` մարմանվորելու համար Հիսուսի արարքը, որ աղքատացավ` մեզ հարստացնելու համար»:
Տերը մեզ մոտ չեկան իշխանությամբ, այլ` Հոր սիրով, որպեսզի մեզ կանչի Իր հետ հաղորդության մեջ:
Պապը հիշեցրեց Սուրբ Օգոստինոսի խոսքերը, թե եպիսկոպոսը պետք է գիտենա, որ իր ծառայությունը մարմնավորում է Քրիստոսի պատկերը և ծառայությունը` իրենց առաքելության մեջ ներառելով Ավետարանի հռչակումը և կառավարումը` այնպես, որ դրանցում արտացոլվի Քրիստոսի ծառայությունը:
Եպիսկոպոսները պետք է ողջունեն նրանց, ովքեր թակում են իրենց դուռը` երբեք չմոռանալով այլ մարտահրավերներ, որոնք ավելի մշակութային և սոցիալական են` ներառյալ պատերազմը, բռնությունը, աղքատների տառապանքը, բարոյական մարտահրավերները, և պետք է աշխատեն այնպիսի աշխաարհի համար, որը հիմնված է եղբայրասիրության և համերաշխության վրա:
Եկեղեցին, Սրբազան Պապի խոսքերով, ուղարկում է եպիսկոպոսներին որպես հոգատար, ուշադիր հովիվներ, ովքեր գիտեն, թե ինչպես կիսել մարդկանց հետ նրանց ճամփորդությունը, խնդիրները, մտահոգությունները և հույսերը. հովիվներ, ովքեր ցանկանում են լինել առաջնորդներ, հայրեր և եղբայրներ հոգևորականների և մեր հավատքի քույրերի ու եղբայրների համար:
Հանդիպման վերջում Սրբազան Լևոն ԺԴ Պապն աղոթեց, որպեսզի նորընծա եպիսկոպոսները, նրա խոսքերով, երբեք չունենան Ոգու քամու պակաս, և իրենց ձեռնադրության ուրախությունը քաղցր բուրմունքի նման տարածվի բոլոր նրանց վրա, ում պատրաստվում են ծառայել:
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը առիթներ ունեցավ նաև կարճատև առանձնազրույցներ ունենալու Ն.Ս. Լևոն ԺԴ Քահանայապետի հետ, և առավել երկար՝ մոտ մեկուկես ժամ տևողությամբ առանձնազրույց՝ Սուրբ Աթոռի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Այս զրույցների ընթացքում Առաջնորդ Հայրը ներկայացրեց Հայ Կաթողիկէ Առաջնորդության ներկայիս ընդհանուր դրությունը, մարտահրավերները և ապագայի տեսլականը: Սրբազան Հոր խոսքով, թե՛ Նորին Սրբություն Լևոն Պապը, թե՛ Կարդինալ Պարոլինը զրույցի ընթացքում մեծ ուշադրություն և հետարաքրքրություն էին ցուցաբերում Առաջնորդության նկարագրին և մանավանդ մարտահրավերներին՝ վստահեցնելով իրենց մշտական աղոթքների և գործնական աջակցության մեջ: Ի պատասխան, Գևորգ Սրբազանը վստահեցրեց իր եղբայրական խորին հարգանքի և աղոթքների մեջ՝ Սրբազան Պապի և Կաթողիկէ Եկեղեցու պայծառության համար:
Աղբյուրը՝ Vatican News և Սրբազան Հոր տրամադրած տեղեկությունները
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
12 սեպտեմբերի 2025թ.





