• Ն.Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապի քարոզը՝ իր գահակալության օրվա առթիվ

    «Կանչված ենք բոլորին ընծայելու Աստծո սերը, որպեսզի հասնենք այն միությանը, որը չի վերացնի տարբերությունները, այլ կարժևորի յուրաքանչյուր մարդու անձնական պատմությունը և յուրաքանչյուր ժողովրդի հասարակական և կրոնական մշակույթը»։


    Սիրելի Կարդինալ եղբայրներ, Եպիսկոպոսության և Քահանայության մեջ եղբայրներ, իշխանությունների պատվարժան ներկայացուցիչներ, Դիվանագիտական Կորպուսի անդամներ,
    ողջո՜ւյն Եղբայրակցությունների Հոբելյանի առթիվ եկած ուխտավորներին։
    Եղբայրնե՜ր և քույրե՜ր,
    ողջունում եմ ձեզ բոլորիդ ̀ երախտագիտությամբ լի սրտով, ինձ վստահված ծառայության սկզբում։ Սուրբ Օգոստինոսը գրել է.
    «Դու ստեղծեցիր մեզ Քո համար, ո՜վ Տեր, և մեր սրտերն անհանգիստ են, քանի դեռ հանգիստ չեն գտնում Քո մեջ»։
    Վերջին օրերին յուրահատուկ կերպով ծանրակշիռ ժամանակաշրջան ապրեցինք։ Ֆրանցիսկոս Պապի մահը լցրեց մեր սրտերը տխրությամբ։ Այդ դժվարին ժամերին մենք մեզ զգում էինք այն բազմությունների նման, որոնց մասին Ավետարանն ասում է, թե նման էին հովիվ չունեցող ոչխարների։
    Հենց Սուրբ Զատիկի օրը ստացանք նրա վերջին օրհնությունը, և Հարության լույսի մեջ դիմագրավեցինք այդ պահը ապահով վստահությամբ, որ Տերը երբեք չի լքում Իր ժողովրդին, նրան համախմբում է, երբ այն ցրվում է, և պահպանում է նրան, ինչպես հովիվն՝ իր հոտը։ Հավատքի այս հոգիով, Կարդինալների Ժողովը հավաքվեց քոնքլավին՝ տարբեր պատմություններից և տարբեր ճանապարհներից այստեղ ժամանելով։ Մենք Աստծո ձեռքերի մեջ դրեցինք Պետրոսի նոր հաջորդին՝ Հռոմի Եպիսկոպոսին ընտրելու ցանկությունը. մի հովվի, որն ընդունակ կլինի պահպանել քրիստոնեական հավատքի հարուստ ժառանգությունը, և միևնույն ժամանակ ̀ իր հայացքն առաջ գցել՝ դեպի հեռուն, այսօրվա հարցերին, մտահոգություններին և մարտահրավերներին ընդառաջ գնալու համար։
    Ձեր աղոթքների աջակցությամբ ̀ մենք զգացինք Սուրբ Հոգու ներգործությունը, Ով կարողացավ լարել երաժշտական տարբեր գործիքները՝ թրթռացնելով մեր սրտերի լարերը մեկ միակ մեղեդու հնչմամբ։ Ընտրվեցի առանց որևէ արժանիքի, և վախով ու դողով գալիս եմ ձեր մոտ որպես մի եղբայր, ով ցանկանում է լինել ձեր հավատքի և ձեր բերկրանքի ծառան, քայլելով ձեր հետ Աստծո սիրո ճանապարհի վրա. Աստծո, Ով կամենում է, որ մենք բոլորս միավորված լինենք մեկ միակ ընտանիքում։ Սեր և միասնություն. սրանք են Հիսուսի կողմից Պետրոսին վստահված առաքելության երկու տարածաչափությունները։
    Սա մեզ պատմվում է Ավետարանի այն հատվածում, որը մեզ տանում է Տիբերական լճի ափը, այն նույն վայրը, որտեղ Հիսուսը սկսել էր Հորից ստացած առաքելությունը. որսալ մարդկությանը՝ նրան չարիքի և մահվան ջրերից փրկելու համար։ Այդ լճի ափով անցնելիս ̀ Հիսուսը կանչել էր Պետրոսին և մյուս առաջին աշակերտներին ̀ դառնալու, Իր նման, մարդկանց որսորդներ։ Եվ այժմ, Հարությունից հետո, հենց նրանց հերթն է ̀ առաջ տանել այս առաքելությունը, միշտ և նորից նետել ցանցը՝ աշխարհի ջրերի մեջ ընկղմելու համար Ավետարանի հույսը, նավարկելու համար կյանքի ծովի մեջ, որպեսզի բոլորը կարողանան իրենց վերագտնել Աստծո գրկում։
    Ինչպե՞ս կարող է Պետրոսը առաջ տանել այս առաջադրանքը։ Ավետարանը մեզ ասում է, որ սա հնարավոր է միայն այն պատճառով, որ նա իր սեփական կյանքում փորձառությամբ ապրել է Աստծո անսահման և անվերապահ սերը, նաև ձախողման և ուրացման ժամին։ Այս պատճառով, երբ Հիսուսը դիմում է Պետրոսին, Ավետարանը գործածում է հունարեն «ագապաո» բայը, որը վերաբերվում է այն սիրույն, որն Աստված տածում է մեր հանդեպ, Նրա նվիրվելուն ̀ առանց վերապահումների և առանց հաշվարկների, ինչը որ տարբերվում է Պետրոսի պատասխանի համար գործածված բայից, որը մինչդեռ նկարագրում է ընկերության սերը, որը մենք փոխանակում ենք միմյանց միջև։ Երբ Հիսուսը Պետրոսին հարցնում է. «Սիմոն, որդի Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ», նկատի ունի, հետևաբար, Հոր սերը։
    Կարծես Հիսուսը նրան ասեր. «Միմիայն եթե դու ճանաչել և փորձառությամբ ապրել ես Աստծո այս սերը, որը երբեք չի պակասում, կկարողանաս արածեցնել իմ գառնուկներին։ Միմիայն Աստծո ̀ Հոր սիրո մեջ կկարողանաս սիրել քո եղբայրներին մի առավել չափով, այսինքն՝ ընծայելով քո կյանքը քո եղբայրների համար։ Պետրոսին, հետևաբար, վստահված է ավելի մեծ չափով սիրելու և իր կյանքը հոտի համար նվիրաբերելու առաքելությունը։
    Պետրոսի ծառայությունը բնորոշվում է հենց այս անձնազոհ սիրով, քանի որ Հռոմի Եկեղեցին նախագահում է սիրո մեջ, և նրա ճշմարիտ իշխանությունը Քրիստոսի սերն է։ Խոսքը երբեք չի վերաբերվում ուրիշներին գերեվարելուն, լինի դա ճնշման, կրոնական քարոզչության կամ իշխանության բանեցման միջոցով, այլ ̀ խոսքը միշտ և միայն վերաբերվում է սիրելուն, Հիսուսի նման։ «Նա», հաստատում է Պետրոս Առաքյալն ինքը, «այն քարն է, որը մերժվեց ձեր՝ շինարարների կողմից, և որը դարձավ անկյունաքար»։
    Եվ եթե քարը Քրիստոսն է, Պետրոսը պետք է արածեցնի հոտը՝ առանց երբևէ տրվելու գայթակղությանը, թե ինքը միայնակ առաջնորդ է, կամ ուրիշներից վեր դասված գլուխ, իրեն դարձնելով իրեն վստահված ժողովրդի տերը։ Ընդհակառակը, նրանից պահանջվում է ծառայել եղբայրների հավատքին՝ նրանց հետ միասին քայլելով։ Բոլորս, արդարև, կարգվել ենք որպես կենդանի քարեր, մեր մկրտությամբ կանչված՝ կառուցելու Աստծո շինությունը եղբայրական հաղորդության, հոգու ներդաշնակության, բազմազանությունների համակեցության մեջ։
    Ինչպես հաստատում է Սուրբ Օգոստինոսը, Եկեղեցին կազմված է բոլոր նրանցից, ովքեր համերաշխ սրտակցության մեջ են եղբայրների հետ և սիրում են մերձավորին։ Սա’, եղբայրներ և քույրեր, կուզենայի, որ լիներ մեր առաջին մեծ ցանկությունը՝ մի միացյալ Եկեղեցի, միության և հաղորդության նշան, որը թթխմոր կդառնա ̀ հասնելու համար մի հաշտեցված աշխարհի։ Մեր այս ժամանակներում մենք տակավին տեսնում ենք չափազանց շատ անհամաձայնություններ, չափազանց շատ վերքեր, որ առաջ են եկել ատելությունից, բռնությունից, նախապաշարմունքներից, այլոց նկատմամբ վախից, և տնտեսական այն մոդելից, որը շահագործում է երկրի պաշարները և մեկուսացնում է ամենաաղքատներին։
    Եվ մենք կամենում ենք մի փոքրիկ կտոր թթխմոր լինել այս զանգվածի մեջ. թթխմոր միության, հաղորդության, եղբայրության։ Մենք կամենում ենք ասել աշխարհին, խոնարհությամբ և ուրախությամբ. ուղղե’ք ձեր հայացքները Քրիստոսին, մոտեցե’ք Նրան, ընդունեցե’ք Նրա խոսքը, որ լուսավորում է և մխիթարում։ Լսե’ք և ընդունեցե’ք Նրա սիրո առաջարկը՝ դառնալու համար Նրա մեկ և միակ ընտանիքը։
    Մեկ Քրիստոսի մեջ մենք մեկ ենք։ Եվ սա այն ճանապարհն է, որը մենք պետք է անցնենք միասին՝ մեր միջև, բայց նաև Քրիստոնեական և Քույր Եկեղեցիների հետ, նրանց հետ, ովքեր հետևում են կրոնական ա’յլ ուղիների, նրանց հետ, ովքեր տակավին ապրում են Աստծո որոնման տագնապը, բոլոր բարի կամքի տեր կանանց և արանց հետ, կառուցելու համար մի նոր աշխարհ, որտեղ կտիրի խաղաղությունը։ Սա’ է միսսիոներական ոգին, որ պետք է ոգևորի մեզ՝ առանց մեզ փակելու մեր փոքր խմբի մեջ, և առանց մեզ աշխարհից գերադաս զգալու։
    Կանչված ենք բոլորին ընծայելու Աստծո սերը, որպեսզի հասնենք այն միությանը, որը չի վերացնի տարբերությունները, այլ կարժևորի յուրաքանչյուր մարդու անձնական պատմությունը և յուրաքանչյուր ժողովրդի հասարակական և կրոնական մշակույթը։ Եղբայրներ, քույրեր, սա սիրո’ ժամն է։ Աստծո սերը, որը մեզ եղբայրներ է դարձնում մեր միջև, Ավետարանի սիրտն է։
    Եվ իմ նախորդի՝ Լևոն Տասներեքերորդի հետ միասին, կարող ենք այսօր ինքներս մեզ հարց ուղղել. եթե այս չափանիշը գերակշռեր աշխարհում, իսկույն չէի՞ն դադարի արդյոք բոլոր անհամաձայնությունները, և չէ՞ր վերադառնա արդյոք խաղաղությունը։ Սուրբ Հոգու լույսով և զորությամբ ̀ կառուցենք մի Եկեղեցի, որը հիմնված է Աստծո սիրո վրա և միության նշան է. մի միսսիոներական Եկեղեցի, որն իր գիրկը բացում է աշխարհի առաջ, որն ավետում է Խոսքը, որը թույլ է տալիս, որ պատմությունը անհանգստացնի իրեն, և որը դառնում է համերաշխության թթխմոր մարդկության համար։ Միասին, որպես մեկ միակ ժողովուրդ, որպես բոլորս եղբայրներ, քայլե՜նք ընդառաջ Աստծուն և սիրե՜նք փոխադարձաբար միմյանց։
    Թարգմանեց՝ Տ. Մաշտոց Քհն. Ղազարյան
    Աղբյուրը՝ mashtoz.org

Օրացույց

Օրացույց