• Եկեղեցին ունի երկու նոր երիտասարդ սուրբ, ովքեր ապրել են 20-21-րդ դարերում՝ Սբ․ Պիերջիորջիո Ֆրասսաթի և Սբ․ Քարլո Աքութիս

    «Մենք բոլորս ծնվել ենք որպես բնօրինակներ, բայց մեզանից շատերը մեռնում են որպես լուսապատճեներ»


    Այսօր` 2025թ. սեպտեմբերի 7-ին Ն. Ս. Լևոն ԺԴ Պապը հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես Կաթողիկէ կամ Ընդհանրական Եկեղեցու սրբերի շարքը դասեց երկու նոր սրբերի` Երանելի Պիեր Ջիորջիո Ֆրասսաթիին և Երանելի Քարլո Աքութիսին` երկու երիտասարդների, որոնք ապրել են 20-21-րդ դարերում: Մենք ունեցանք ժամանակակից սուրբ կյանքով ապրած երկու օրինակելի երիտասարդներ, որոնց սրբակենցաղ կյանքը և նրանց բարեխոսությամբ գործված հրաշքներն այլևս պաշտոնապես փաստված են Կաթողիկէ Եկեղեցու սրբադասման վարչության կողմից: Լևոն ԺԴ Պապն այսօր հոգեպարար շարականներից և մանավանդ Ամենայն Սրբոց Լիթանիայի երգեցողությունից հետո, որ ողջ քրիստոնեական Եկեղեցու սրբերի բարեխոսությունը խնդրող մի օրհներգություն է, սրբերին ուղղված աղոթքների մի շղթա, որն աղոթելիս վեր ես խոյանում դեպի Երկինք և հաղորդվում սրբերի բույլի հետ, պաշտոնական բանաձևումով արտասանեց հետևյալ խոսքերը. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի իշխանությամբ, ինչպես նաև սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի, և մեր իշխանությամբ, ողջամիտ որոշում կայացնելով, աղոթքներով հայցելով աստվածային զորակցությունը և խորհրդակցելով մեր շատ եպիսկոպոս եղբայրների հետ` Երանելի Պիեր Ջիորջիո Ֆրասսաթիին և Երանելի Քարլո Աքութիսին հռչակում ենք սրբեր և դասում ենք սրբերի շարքին, նրանք պետք է պատվվեն ողջ Եկեղեցու կողմից»:

     

    Սրբադասման արարողությունից հետո Ն.Ս. Լևոն ԺԴ Քահանայապետը մատուցեց Սուրբ Պատարագ և իր քարոզում անդրադառնալով այս երկու սուրբ երիտասարդներին` ասաց հետևյալը. «Այսօր մենք նայում ենք Սբ. Պիեր Ջիորջիո Ֆրասսաթիին և Սուրբ Քարլո Աքութիսին` մի երիտասարդ 20-րդ դարից և մի դեռահաս` մեր օրերից, երկուսն էլ` սիրահարված Հիսուսին և պատրաստ տալու ամեն ինչ` հանուն Նրա… Երկուսն էլ զարգացրեցին իրենց սերը` Աստծո և իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ` պարզ գործողությունների միջոցով, որոնք հասանելի են բոլորին` ամենօրյա մասնակցություն Սուրբ Պատարագին, աղոթք և հատկապես, Սուրբ Հաղորդության երկրպագություն: Քարլոն ասում էր. «Արևի տակ արևահարվում ես, իսկ Սուրբ Հաղորդության առջև դառնում ես սուրբ»: Մեկ այլ առիթով ասել է. «Տխրությունն այն է, երբ նայում ես ինքդ քեզ, իսկ ուրախությունն այն է, երբ նայում ես Աստծուն»… Պիեր Ջիորջիո Ֆրասսաթին ասում էր. «Աղքատների և հիվանդների շուրջ ես տեսնում եմ մի լույս, որը մենք չունենք»:

     

    Լևոն Պապը շատ հուզիչ բառերով խոսեց նրանց վաղահաս մահվան և Աստծո հանդեպ սիրո մասին.
    «Նույնիսկ երբ հիվանդությունը հարվածեց նրանց, դա էլ չկանգնեցրեց նրանց սիրել և իրենց անձեր նվիրել Աստծուն` օրհնելով Նրան և աղոթելով թե՜ իրենց, թե՜ բոլորի համար: Մի օր Ֆրասսաթին ասաց. «Մահվանս օրը կլինի կյանքիս ամենագեղեցիկ օրը»: Իր վերջին լուսանկարի վրա, որտեղ նա լեռ է մագլցում… Ֆրասսաթին գրել է. «Դեպի գագաթը»:

     

    Սիրելի՜ ընկերներ, Սրբեր Պիեր Ջիորջիոն և Քարլոն մեզ բոլորիս, մանավանդ, երիտասարդների համար, մի հրավերք ունեն` որպեսզի չվատնենք մեր կյանքը, այլ ուղղենք դեպի վեր և դարձնենք գլուխգործոցներ: Նրանք որգեշնչում են մեզ իրենց բառերով. «Ոչ թե ես, այլ` Աստված», ինչպես ասում էր Քարլոն: Իսկ Պիեր Ջիորջիոն ասում էր. «Եթե Աստծուն ունենաս քո բոլոր գործողությունների կենտրոնում, ապա կհասնես նպատակին»: Սա նրանց սրբության պարզ, բայց հաղթանակած բանաձևն է: Դա նաև այն վկայությունն է, որին կանչված ենք հետևելու, որպեսզի վայելենք կյանքը լիակատար ձևով և հանդիպենք Տիրոջը` երկնային խնջույքի մեջ»:

    Այս հոյակապ և ոգևորիչ խոսքերից հետո եկեք անդրադառնանք երկու նոր սրբերի արտասովոր կյանքի պատմություններին, որոնք ուրույն փառաբանություններ են` ընծայաբերված Աստծուն և չափազանց ներշնչող և հարստացնող են հոգևորապես:

     

     

    Պիեր Ջիորջիո Ֆրասսաթի
    Այս կենսագրականը ժամանակին պատրաստել եմ Ռադիո Մարիամի հաղորդման համար

     

    Դրսում բավական ցուրտ էր: Աշնանային սառը քամին սրբում-բարձրացնում էր փողոցի փոշին ու մայթերի դեղնած տերևները: Մեկ-երկու համարձակ անցորդ, ծեծկող քամու դեմ մարտնչելով ու սրթսրթալով՝ քայլում էին արագ-արագ: Պատուհանի դիմաց նստած պատանի Պիեր Ֆրասսաթին նրանց տեսնելով՝ ինքն էլ սրթսրթոց զգաց: Հանկարծ հայացքը լարված սևեռվեց մի կետի. իրենց տանն էր մոտենում հնամաշ շորերով մի կին՝ փոքրիկ մի տղայի ձեռքը բռնած: Տղայի հագուստներն էլ ավելի վատ վիճակում էին: Պիերը նկատեց, որ տղայի կոշիկները պատառոտված էին, հազիվ էին փակում ոտքերը: Կինը մոտեցավ Ֆրասսաթիների տան դռանը և թակեց: Պիերն ակամայից դեպի դուռը նետվեց ու բացեց: Կինը մոտավորապես իր մոր տարեկիցն էր, իսկ տղան իր տարիքին կլիներ: «Մի քիչ փող չէի՞ք տա»,-սառած ծնոտների արանքից արտասանեց կինը: Պիերը մի քանի վայրկյան մտածում էր կնոջ ասածի մասին, ապա, ոչինչ չասելով, պահարանից վերցրեց իր կոշիկներն ու տվեց մուրացկան կնոջ տղային: Տղան զարմացած նայեց Պիերին, կնոջ՝ ցրտից քարացած դեմքին ստիպողական ժպիտի նման մի բան հայտնվեց, լսվեց մի «շնորհակալություն», ապա երկուսն էլ շրջվեցին ու դողդղալով հեռացան:

    Այս դրվագի նկարագրությունը, ինչպես և հետագա տեղեկություններս հիմնված են Պիերի մասին կաթողիկէ եկեղեցականների ու հավատացյալների պատմությունների վրա:
    Պիեր Ֆրասսաթիի ընտանիքը ֆինանսապես բավական լավ վիճակում էր, հայրը Իտալիայում հայտնի մի թերթի տնօրեն էր, կարճ ժամանակով՝ սենատոր, ապա Իտալիայի դեսպանը Գերմանիայում, մայրը նկարիչ էր: Պիերի ծնողներն առանձնապես չէին հետաքրքրվում կրոնով ու դժկամությամբ էին վերաբերվում իրենց տղայի՝ աղքատներին օգնելու և Աստծուն հավատալու պատրաստակամությանը: Իսկ Պիերը օգտագործում էր ամեն առիթ աղքատներին, հիվանդներին ու ծերերին օգնելու համար, ինչպես և ինչով կարող էր, ու ծնողներից թաքուն: Իր ուսանողական սուղ միջոցներով երիտասարդ Պիերը տուն էր վարձել կացարանից արտաքսված մի ծեր ու աղքատ կնոջ համար, ֆինանսապես օգնում էր երեք անչափահասներով մի այրի կնոջ, խնամում հաշմանդամներին, պատերազմից վերադարձած վիրավորներին ու նրանց դեղորայք տալիս: Կաթողիկէ հոգևորականներից մեկն այսպես է նկարագրում. «Հայրը Պիերին փող էր տալիս ծախսելու և գնացքի ուղևորավճարի համար, իսկ Պիերը շրջում էր Թուրինի փողոցներում և փնտրում աղքատների ու նրանց տալիս այդ փողը, նույնիսկ գնացքի ուղևորավճարը: Ինքը միշտ երթևեկում էր գնացքի երրորդ կարգում, որպեսզի իր փողով մյուսները ևս կարողանային գնացքից օգտվել: Երբ Պիերն ավարտեց համալսարանը, հայրը նրան առաջարկեց մեքենա կամ փող նվիրել, նա վերցրեց փողը և նվիրեց աղքատներին»: 17 տարեկանում՝ 1918թ. Ֆրասաթթին անդամակցեց Սուրբ Վինսենթ դե Փոլ կաթողիկէ միությանը և իր ազատ ժամանակը նվիրեց բարեգործությանը, մեկ տարի անց անդամակցեց Կաթողիկե ուսանողական միությանը և Ժողովրդավարական Կուսակցությանը, որի նպատակը կաթողիկէ դավանանքի ամրապնդումն էր: «Բարեգործությունը բավական չէ, ասում էր Ֆրասսաթին,- մենք կարիք ունենք հասարակական բարեփոխումների»: Ֆրասսաթին աջակցել է նաև կաթողիկէ Մոմենթո օրաթերթի հիմնադրմանը, որը հիմնված էր սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ Լևոն 13-րդ պապի «Rerum Novarum» ուղերձի սկզբունքների վրա: Պիերը շատ կենսուրախ ու ակտիվ երիտասարդ էր, սիրում էր շփվել մարդկանց, հետ, կատակել, սպորտով զբաղվել: Ընդգրկած լինելով տարբեր հասարակական կառույցների մեջ՝ Պիերը տարածում էր ավետարանական պատգամները, սովորեցնում հետևել դրանց ու հավատալ գործերով, օգնել մերձավորին և անմնացորդ հետևել Քրիստոսին: Ֆրասսաթին ասում էր ընկերներին. «Մկրտությամբ ինձ տրված հավատքն ինձ հաստատապես ասում է, որ ինքդ քեզանով ոչինչ անել չեն կարողանա, բայց եթե Աստված լինի քո բոլոր քայլերի կենտրոնում, դու կհասնես նպատակիդ»: Ո՞րն էր Ֆրասսաթի նպատակը- անշեղ հետևել քրիստոնեական կոչմանը և ձգտել նմանվել Քրիստոսին:

     

    Հետաքրքիր է նրա լուսանկարներից մեկը, որտեղ Պիեր Ֆրասսաթին մագլցում է լեռն ի վեր: Նա շատ էր սիրում լեռնագնացությունը: Լուսանկարը յուրօրինակ ասելիք ունի. «Դեպի գագաթը», դա էր մակագրված լուսանկարի վրա: Դա իր տված օրինակն էր. մագլցել դեպի գագաթը: «Տալը, օգնելը նշանակում է հոգևորի մեջ մագլցել ավելի վեր, մագլցել դեպի Հիսուս: Այս պատճառով է, որ մենք մի կողմ ենք թողնում այլ բաները: Դրա պատճառը մեր՝ դեպի Քրիստոսն ունեցած ձգտման գիտակցությունն է: Ուրեմն, տալը նշանակում է դեպի գագաթը բարձրանալ: Մենք կարող ենք դա անել աղոթքի միջոցով, ամեն օր մեծ եռանդով աղոթելով, այլ բաները մի կողմ թողնելով ու մերձավորին ձեռք մեկնելով», ասում էր նա: Ֆրասսաթին սիրում էր լեռներ մագլցել, որովհետև, ինչպես ինքն էր ասում, այդ մաքուր միջավայրում հիանում էր Աստծո մեծագործություններով: Լեռներ մագլցելուց առաջ անպայման հաճախում էր Սբ. Պատարագի, նույնիսկ ամբողջ գիշերներ էր անցկացնում աղոթքի մեջ` Սուրբ Հաղորդության առա, օրական երեք անգամ աղոթում էր Վարդարանը: Ֆրասսաթիի օրինակով համալսարանի դասընկերները ևս աղոթում էին:

     

    1922թ. 21 ամյա Ֆրասսաթին անդամակցեց Դոմինիկյան երրորդ միաբանությանը և որպես միաբան վերցրեց միջնադարյան ֆլորենտացի հայտնի դոմինիկյան քարոզիչ Ջիրոլամո Սավանարոլայի անունը: Ջիրոլամոն կամ նույն Պիեր Ֆրասսաթին միավորում էր երիտասարդությանը Եկեղեցու շուրջ, նրանց քարոզում աստվածասիրություն և հայրենասիրություն: Նա, մի խումբ եկեղեցասեր երիտասարդների հետ, հասարակական նախաձեռնություններով դեմ էր արտահայտվում ֆաշիզմին ու Մուսոլինիի քաղաքականությանը: Հռոմում եկեղեցու կազմակերպած հակաֆաշիստական ցույցի ժամանակ Ֆրասսաթին ընկերների հետ ենթարկվեց ոստիկանների բռնությանը: Դարձյալ մեջբերեմ Ֆրասսաթիի խոսքերից. «Պետք է վախենան ոչ թե բռնությունից տառապողները, այլ՝ բռնություն կիրառողները: Երբ Աստված մեզ հետ է, մենք կարիք չունենք վախենալու: Առանց հավատքի, առանց հայրենիքը պաշտպանելու, առանց ճշմարտության համար աննկուն պայքարելու ապրելը ապրել չէ, այլ՝ գոյություն ունենալ է»:

    Պիեր Ֆրասսաթիի գործունեությունը կիսատ մնաց. 1925թ. հուլիսի 4-ին նա վախճանվեց պոլիոմելիթից: Նույնիսկ մահվան մահճում, ըստ տեղեկությունների, նա ընկերոջը նամակ է գրել ու խնդրել պատվաստման դեղ տանել իր խնամած հիվանդներից մեկին և անպայման այցելել մյուսներին: Ֆրասսաթիի թաղման արարողության ժամանակ, ի զարմանս նրա ծնողների, հավաքվել էին հազարավոր աղքատներ ու հաշմանդամներ, ում Ֆրասսաթին օգնել էր կենդանի ժամանակ, նրանք սգում էին իրենց երիտասարդ բարերարին: Այդ մարդիկ էլ խնդրել են Թուրինի արքեպիսկոպոսին սկսել Ֆրասսաթի երանացման գործընթացը: Այն սկսվեց 1932թ. և 1990թվականին՝ գրեթե 60 տարի անց, Պիեր Ջիորջիո Ֆրասսաթին դասվեց Կաթողիկէ եկեղեցու երանելիների շարքը: Երանելի, իսկ այժմ Սուրբ Պիեր Ֆրասսաթի տոնը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին: Ֆրասսաթիի անունով երանացումից հետո կոչվեցին բազմաթիվ հասարակական-կրոնական միություններ, ուսումնական հաստատություններ ու կրթաթոշակներ:

     

    Քարլո Աքութիս
    Այս հոդված-թարգմանությունը պատրաստել եմ Mashtoz.org կայքի համար

     

    Քարլո Աքութիսը ծնվել է Լոնդոնում, 1991թ. մայիսի 3-ին՝ Անդրեա Աքութիսի եւ Անտոնիա Սալզանոյի ընտանիքում, ովքեր սերում էին իտալական հարուստ ընտանիքներից: Աքութիսնեի ընտանիքն իր հարգի տեղն ուներ իտալական ապահովագրության ոլորտում: Իսկ Սալզանո ընտանիքը ղեկավարում էր մի հրատարակչատուն:
    Քարլոյի մկրտությունը տեղի ունեցավ 1991թ. մայիսի 18-ին՝ Չելսիի Ցավերի Տիրամոր եկեղեցում: Նրա կնքահայրը հայրական պապն էր՝ Քարլոն, իսկ կնքամայրը տատը՝ Լուանան:
    Քարլոյի ծնողները կրոնական ջերմեռանությամբ չէին փայլում, աշխատում էին Լոնդոնում եւ Գերմանիայում՝ նախքան Քարլոյի ծնվելը:

    Տեղափոխությունը՝ Իտալիա

     

    Աքութիս ընտանիքը Միլան տեղափոխվեց 1991թ. սեպտեմբերին, Քարլոյի ծնվելուց ոչ շատ հետո: Ծնողներն աշխատում էին իրենց ընտանիքներին պատկանող ձեռնարկություններում, իսկ Քարլոյի մասին հիմնականում հոգ էին տանում դայակները, բացի երբեմն Քարլոյի՝ ցերեկային խնամքի կենտրոններ հաճախելուց: Երբ նա գնում էր ցերեկային կենտրոններ, երեխաները սկսում էին նեղություն պատճառել նրան: Քարլոն ազգությամբ լեհ մի դայակ ուներ, ով մտածում էր, որ Քարլոն «չափազանց բարի էր» եւ, ուստի, դայակը փորձում էր սովորեցնել Քարլոյին՝ սահմաններ դնել, որպեսզի մյուս երեխաները չվերցնեին նրա խաղալիքները: Քարլոն մի անգամ պատասխանեց դայակին. «Հիսուսը կտխրեր, եթե ես հավասարակշռությունից դուրս գայի»:
    Ամռանը Քարլոյին ուղարկում էին մայրական պապի տուն՝ Սենթոլա: Օրն անցկացնելով ծովափում՝ Քարլոն մի խումբ կանանց հետ գնում էր տեղի եկեղեցին՝ Վարդարան աղոթելու:

     

    Դպրոցական տարիները

     

    Քարլոն իր առաջին դասարանը սկսեց հաճախել «Սան Քարլոյի հաստատություն» կոչվող դպրոցը, որը Միլանի լավագույն դպրոցներից էր: Նա ընդունվեց 1997թ. սեպտեմբերին, բայց քանի որ այդ դպրոցը հեռու էր տնից, երեք ամիս հետո տեղափոխվեց «Մարսելին Թոմասսեո հաստատություն», որն ավելի մոտ էր տանը: Դպրոց գնալիս եւ վերադառնալիս՝ նա հատուկ ուշադրություն էր դարձնում իր ճանապարհին հանդիպող տների աշխատողներին, որոնք հիմնականում իտալացիներ չէին: Նրանց անուններն իմանալով՝ նա ամեն առավոտ կանգնում էր, որ ողջունի նրանց: Իր միջին դպրոցական տարիներն ավարտելով՝ Քարլոն ուսումը շարունակեց «Լեւոն ԺԳ Հիսուսյան հաստատություն» ավագ դպրոցում: Նա միջին առաջադիմությամբ աշակերտ էր, բայց սիրում էր ուսումնասիրել իրեն հետաքրքրող ոլորտներ, ինչպես օրինակ համակարգչային գիտությունը: Քարլոն նաեւ ինքնուրույն սովորեց նվագել սաքսաֆոնի վրա: Ուներ մի ուսուցիչ, որ օգնում էր նրան պատրաստել դասերը, նաեւ ուղեկցում էր՝ եկեղեցի գնալիս:
    Դպրոցի ժամերից դուրս Քարլոն կամավոր աշխատանք էր կատարում՝ օգնելով անտուններին եւ աղքատներին: Նաեւ սիրում էր դիտել ֆիլմեր, կարդալ կոմիքսներ եւ խաղալ PlayStation խաղեր: Քարլոն որոշ ժամանակ ավելորդ քաշի խնդիր ուներ, որովհետեւ չարաշահում էր Նուտելլա ուտելը: Որպես զոհողություններ՝ նա հաճախ հրաժարվում էր ֆիլմեր դիտելուց եւ քաղցրավենիք ուտելուց, ինչպես անում էին Ֆաթիմայի մանուկները: Հիանում էր ֆրանցիսկյանների աղքատությամբ եւ ջանում էր նմանվել նրանց:

     

    Բարության գործերը

     

    Աքութիսը բնության սիրահար էր: Հայրը Քարլոյի համար գնեց մի սարք, որպեսզի տղան այդտեղ լցներ իր ճանապարհին հավաքած աղբը եւ իր գրպանները չլցներ ամեն տեսակ աղբով եւ ծխախոտի մնացորդներով, ինչպես սովոր էր անել: Երբ ծովափ էր գնում, իր հետ ուներ օդով լցված մի մակույկ եւ սուզորդական պարագաներ, որպեսզի կարողանար օվկիանոսից դուրս հանել թափոնները: Շատ էր զայրանում, երբ տեսնում էր, թե ինչպես տղաները ոտքով ճզմում էին մողեսներին: Սիրում էր կենդանիներին. տանը ուներ երկու կատու, չորս շուն եւ ձկներ եւ ծնողներին խնդրում էր տուն բերել իր գտած բոլոր թափառական կենդանիներին:
    Ընկերային հարաբերություններում եւս շատ ուշադիր էր, մանավանդ, մտահոգվում էր իր այն ընկերների համար, ում ծնողները բաժանվում էին եւ հրավիրում էր իրենց տուն՝ օգնելու նրանց: Դպրոցում պաշտպանում էր այն երեխաներին, ում դասընկերները ծաղրում էին: Երբ տեսնում էր դպրոցում երկու ընկերների՝ վիճելիս, դասերից հետո նրանց հրավիրում էր իր տուն, որպեսզի օգնի նրանց հաշտվել: Քարլոն պաշտպանում էր այն աղջիկներին, որոնց տղաները շվվացնում էին կամ վախեցնում:
    Երբ պապիկներն ու տատիկները խաղեր էին նվիրում նրան՝ ծննդյան տոնի առթիվ, Քարլոն հաճախ դրանք նվիրում էր այլ երեխաների, ովքեր չունեին: Երեկոյան տանը Աքութիսը մայրիկին խնդրում էր բրդուճ պատրաստել մեկի համար, որ մուրում էր իրենց տան մոտակա այգում: Երբ այդ մարդն ուտում էր, Աքութիսը նաեւ իր գրպանի փողն էր տալիս նրան՝ առավոտյան սուրճ գնելու համար:

     

    Ընտանեկան կյանքը

     

    Աքութիսի ծնողները չէին կարողանում այլ երեխաներ ծնել Քարլոյից հետո, թեեւ շատ ուզում էին եւ խորհրդակցում էին բժիշկների հետ: Նրա մայր Անտոնիան Քարլոյի մահից չորս տարի անց՝ քառասունչորս տարեկանում ծնեց երկվորյակների՝ Միշելին եւ Ֆրանչեսկային. այս ծնունդը մայրը վերագրում է Քարլոյի բարեխոսությանը:
    Կյանքի ընթացքում Քարլոյի լավագույն ընկերը զարմուհի Ֆլավիան էր:
    Նրանց ընտանիքում աշխատում էր մի բրահմին ներգաղթյալ՝ Հնդկաստանից՝ Ռաջեշ Մոհուրը, ում հետ Քարլոն շուտ ընկերացավ: Քարլոյի հետ քրիստոնեության մասին խոսելուց որոշ ժամանակ անց՝ Ռաջեշը ցանկություն հայտնեց մկրտվելու: Ռաջեշի ընկերը՝ Սիիվեն Քիսթնենը, եւս ընդունեց քրիստոնեությունը եւ մկրտվեց՝ Քարլոյի հետ հանդիպելուց եւ հավատքի մասին նրա զրույցներից հետո:
    Քարլոյի մայրիկը՝ Անտոնիան, մեծացել էր աշխարհիկ ընտանիքում: Նա Դրոշմի Խորհուրդը ստացել էր դպրոցական տարիներին, ամուսնացել էր եկեղեցական պսակով, բայց Պատարագի չէր հաճախում՝ Քարլոյի ծնվելուց առաջ: Որդու հավատքը եւ համառ հարցերն էին, որ նրան ետ վերադարձրեցին դեպի հավատք: Նույնը տեղի ունեցավ նաեւ հոր հետ: Քարլոյի առաջին Սուրբ Հաղորդությունից հետո Անտոնիային խնդրեցին կրոնի դասեր տալ, եւ նա համաձայնվեց, թեեւ կարծում էր, որ համապատասխան պատրաստություն չունի:
    Աքութիսները երբեմն քահանաներ էին հրավիրում ընթրիքի, նաեւ՝ մի բարձրաստիճան հոգեւորական՝ Հավատքի վարդապետության հանձնաժողովից: Նրանց ընտանիքը նաեւ ուսման վարձեր էր վճարում անապահով ուսանողների համար, ովքեր սովորում էին Քահանայապետական Արեւելյան հաստատությունում եւ Քահանայապետական Աստվածաշնչյան հաստատությունում:
    Թեեւ Քարլոն շատ էր ճամփորդում եւ այցելել էր բազմաթիվ երկրներ, նրա ամենասիրելի վայրը մնում էր Ասսիզի քաղաքը: Նրա ծնողները մի տուն էլ գնեցին Ասսիզիում: Թեեւ Քարլոն համարվում էր համակարգչային հանճար, նրա ծնողները այդպես հմուտ չէին եւ չգիտեին՝ ինչպես ծնողական վերահսկողություն սահմանել համակարգչի վրա:

    Կրոնական կրթությունը եւ ջերմեռանդությունը

     

    Երբ Քարլոն երեք տարեկան էր, վախճանվեց նրա մայրական պապը՝ Անտոնիո Սալզանոն: Նրա մահվանից մի քանի օր առաջ, երբ պապը ստանում էր Հիվանդների օծման կարգը, Քարլոն ներկա էր: Նա պատմում էր, որ պապիկը երեւացել է իրեն երազում եւ խնդրել աղոթել իր համար: Պապի մահվանից կարճ ժամանակ անց, երբ Քարլոն տատի խնամքին էր թողնված, նա հագավ իր վերարկուն եւ խնդրեց իրեն տանել եկեղեցի: Երբ տատը հարցրեց, թե ինչու, Քարլոն պատասխանեց, թե ուզում է աղոթել իր պապի համար, որ, իր խոսքով, «գնացել էր տեսնելու Հիսուսին»:
    Երբ Քարլոն սկսեց հետաքրքրություն ցուցաբերել կրոնական գործնական կյանքի նկատմամբ, նրա հարցերին պատասխանում էր լեհ դայակը:

     

    Երբ Աքութիսը տասներկու տարեկան էր, դարձավ կրոնի ուսուցիչ՝ իրենց համայնքում, որ կոչվում էր Սանթա Մարիա Սեգրեթա: Այդ ժամանակվա իտալական կրոնուսուցման համակարգում կրոնուսուցումը երեխաների եւ երիտասարդների համար իրականացնում էին երիտասարդ խմբային առաջնորդները եւ ոչ թե մեծահասակները՝ դասարանների նման: Քահանան կամ մեկ այլ մեծահասակ տրամադրում էր դասը, իսկ երիտասարդը սովորեցնում էր այն իր տարեկիցներին: Քարլոյի մասին նրա ծխական քահանան ասել է, թե Քարլոն մի չափազանց ազնիվ երիտասարդ էր: Նա իրոք ուզում էր շատ սիրել իր ծնողներին, Աստծուն, դասընկերներին եւ իրեն սակավ սիրողներին: Քահանայի խոսքերով, Քարլոն ուզում էր ինքնուրույն պատրաստվել կրոնուսուցման համար, նաեւ լավ սովորել դպրոցում եւ ձեռք բերել համակարգչային գիտելիքներ:

     

    Սուրբ Խորհուրդների ընդունումը

     

    1998թ. հունիսի 16-ին՝ յոթ տարեկանում, Քարլոն ստացավ իր առաջին Սուրբ Հաղորդությունը՝ Միլանի Սանթ Ամրոջիո ադ Նեմուս վանքում: Դրանից հետո նա փորձեր էր անում աղոթելու ու խորհրդածելու Տապանակի առջեւ՝ Պատարագից առաջ կամ հետո: Քարլոն կանոնավոր հաղորդվում էր, հաճախակի մասնակցում էր Սուրբ Հաղորդության երկրպագությանը, ամեն շաբաթ խոստովանություն էր կատարում: Քարլոն Դրոշմի Խորհուրդը ստացավ 2003թ. մայիսի 24-ին՝ Սանթա Մարիա Սեգրեթա եկեղեցում:

     

    Ուխտագնացությունները

     

    Երբ Մեթեորայում էր, Քարլոն այցելեց մի Արեւելյան Ուղղափառ Եկեղեցի, որտեղ հանդիպեց վանականների եւ տեսավ, թե ինչպես են հավատացյալները համբուրում իկոնոստասի սրբապատկերները: Քարլոն 2005թ. փետրվարին առաջին անգամ այցելեց Լուրդ՝ Ֆրանսիայում: Հաջորդ տարի՝ 2006թ. փետրվարին, նա գնաց Պորտուգալիա՝ այցելելով Սանթարեմի Ամենասուրբ Հրաշքի սրբավայրը եւ Ֆաթիմայի սրբավայրը՝ ամենավերջին անգամ:
    Նրա հայրը մի անգամ առաջարկեց, որ ընտանիքով այցելեն Սուրբ Երկիր, բայց Քարլոն պատասխանեց, թե ավելի լավ է՝ ինքը մնա Միլանում եւ ասաց. «Ինչու՞ գնամ այնտեղ, ուր Հիսուսը եղել է երկու հազար տարի առաջ, եթե Նա այստեղ է հիմա՛»: Դրա փոխարեն նա որոշեց ուխտագնացություն կատարել Միլանի բոլոր եկեղեցիներ եւ տեսավ, որ դրանց մեծ մասը հաճախ դատարկ են: 2002թ. նա իր ծնողների հետ միասին ներկա եղավ Ռիմինիի հանդիպմանը, որը աշխարհականների բարեկամության ամենամյա հավաք է:

     

    Նվիրումը՝ սրբերին

     

    Քարլոն ուներ մի քանի սրբեր, որոնց ջանում էր նմանվել, հատկապես, Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցուն, նաեւ Ֆրանչեսկո եւ Հակինթա Մարթոներին, Դոմինիկ Սավիոյին, Տարցիսիուսին, Բեռնադետ Սուբիրուին: Նա հաճախ մենակ էր գնում եկեղեցի: Սիրում էր աղոթել իր պահապան հրեշտակին եւ Սբ. Միքայել Հրեշտակապետին:

     

     

    Համացանցային կայքերը

     

    Ընկերները նրան համարում էին «համակարգչային հանճար»՝ համակարգչի եւ համացանցի հանդեպ նրա մեծ սիրո պատճառով: Քարլոն շատ լավ տիրապետում էր Dreamweaver, Java, C++, Ubuntu ծրագրերին եւ հաճախ ուրիշներին օգնում էր տեխնիկական հարցերով: Երբ Քարլոն տասնչորս տարեկան էր, տեղի ծխական քահանան նրան խնդրեց մի համացանցային կայք ստեղծել համայնքի համար՝ կամավորական աշխատանքը խթանելու համար: Քարլոն իր այդ հանձնառության վրա անցկացրեց 2006-ի ամբողջ ամառը: Այդ աշխատանքի համար նա շահեց մի մրցույթում, որ կոչվում էր «Դու կլինես կամավոր»:

     

    Սուրբ Հաղորդության հրաշքները

     

    Քարլոն, նկատելով, որ կարիք կա հավատքը նոր ձեւով փոխանցելու երիտասարդներին, ստեղծեց մի նոր համացանցային կայք, որտեղ կատալոգի ձեւով հավաքում էր Սուրբ Հաղորդության բոլոր հրաշքները, որ տեղի են ունեցել աշխարհում, ինչպես նաեւ Աստվածամոր՝ Կաթողիկէ Եկեղեցու կողմից հաստատված երեւումները: Նա շատ էր հավանում Երանելի Հ. Ջակոմո Ալբերիոնեի նախաձեռնությունները՝ օգտագործելու լրատվական միջոցները՝ ավետարանելու համար եւ ուզում էր անել նույնը՝ իր ստեղծած համացանցային կայքի միջոցով:
    Քարլոն ոգեշնված էր իտալական մեքենաշինական ընկերությունների դիզայններով: Ռիմինիի հանդիպումներին մասնակցելուց հետո, որոնք տեղի էին ունենում մեքենաշինական գործարաններից ոչ շատ հեռու, նա մտածում էր, թե միթե հնարավոր չէ ավելի ճարտարամիտ ձեւով ներկայացնել Քրիստոսին եւ Եկեղեցին:
    Աքութիսն իր կայքը ստեղծեց 2004թ. եւ դրա վրա աշխատեց երկուսուկես տարի՝ իր ամբողջ ընտանիքին ներգրավելով այդ նախագծի մեջ: Կայքը հրապարակ իջավ 2006թ. հոկտեմբերի 4-ին՝ Սբ. Ֆրանցիսկոսի տոնին՝ Քարլոյի մահվանից մի քանի օր առաջ: Նա ի վիճակի չեղավ ներկա գտնվելու իր կայքի բացմանը՝ Հռոմի Սբ. Քարլո Բարրոմեոյի եկեղեցում, քանի որ հիվանդանոցում էր: Կայքը նաեւ ներկայացվեց Քարլոյի ավագ դպրոցում՝ Լեւոն ԺԳ հաստատությունում:

     

    Հիվանդությունը

     

    2006թ. հոկտեմբերի 1-ին Քարլոյի մոտ սկսվեց կոկորդի բորբոքում: Ծնողները նրան տարան բժշկական զննության. նրա մոտ ախտորոշվեց թքագեղձերի բորբոքում՝ պարոտիտիս, եւ ջրազրկում: Մի քանի որ անց կոկորդի ցավը սաստկացավ, եւ մեզի մեջ արյուն հայտնվեց: Հոկտեմբերի 8-ին Քարլոն այնքան թույլ էր, որ չէր կարող անկողնուց վեր կենալ եւ Պատարագի մասնակցել:
    Քարլոն տեղափոխվեց մի կլինիկա, որը մասնագիտացած էր արյան հիվանդությունների մեջ, որտեղ նրա մոտ ախտորոշվեց արյան քաղցկեղ՝ լեյկիմիա: Ըստ բժիշկների, նա բուժման հնարավորություն գրեթե չուներ: Նրան տեղափոխեցին ինտեսնիվ բուժման բաժանմունք եւ արհեստական շնչառություն միացրեցին: Անքուն գիշեր անկացնելուց հետո նրան տեղափոխեցին Միլանի Սան Գերարդո հիվանդանոց, որը Իտալիայի այն երեք հիվանդանոցներից մեկն էր, որտեղ կային նրա հիվանդության համար բուժական միջոցներ կիրառելու սարքեր:
    Հիվանդանոցի քահանան կատարեց Հիվանդների օծման կարգը: Երբ քույրը եկավ Քարլոյի մոտ՝ խնամելու նրան, Քարլոն խնդրեց չարթնացնել իր՝ առանց այդ էլ հոգնած ծնողներին, որպեսզի առավել չանհանգստանան:
    Քարլոն իր տառապանքը նվիրեց Բենեդիկտոս ԺԶ Քահանայապետին եւ Եկեղեցուն՝ ասելով. «Ես Տիրոջն եմ ընծայում այն չարչարանքները, որոնց միջով պետք է անցնեմ՝ Քահանայապետի եւ Եկեղեցու համար»: Նա խնդրել էր իր ծնողներին իրեն տանել ուխտագնացության՝ աշխարհի բոլոր այն վայրերը, որտեղ տեղի էին ունցել Սուրբ Հաղորդության հրաշքներ, բայց նրա վատթարացող առողջությունը խանգարեց այդ ցանկության իրականացմանը:
    Նրան բուժող բժիշկները հարցրել են նրան, թե արդյոք ուժեղ ցավեր ունի, իսկ Քարլոն պատասխանել էր, թե կան մադրիկ, ովքեր շատ ավելի են տառապում, քան ինքը: Նրա վերջին բառերը մայրիկին հետեւյալն էին.
    «Մայրի՛կ, մի՛ վախեցիր: Քանի որ Աստծո Որդին դարձավ մարդ, մահն այլեւս մի անցում է՝ դեպի կյանք, եւ կարիք չունենք փախչելու մահվանից: Եկե՛ք պատրաստվենք՝ ապրելու մի չտեսնված բան՝ հավիտենական կյանքում»:

     

    Մահն ու թաղումը

     

     

    Քարլոն ընկավ կոմայի մեջ եւ տարվեց ինտենսիվ բուժման բաժանմունք՝ արյունը մաքրելու համար: Հետո նրա մոտ ուղեղի արյան զեղում առաջացավ, եւ հոկտեմբերի 11-ին արձանագրվեց ուղեղի մահ: Աքութիսը մահացավ հոկտեմբերի 12-ին՝ երեկոյան 18:45-ին: Նա տասնհինգ տարեկան էր:
    Ծնողները նրա մարմինը բերեցին տուն, որտեղ մարդկանց հոսքը չէր դադարում չորս օր շարունակ՝ իրենց սերն ու հարգանքն արտահայտելու այդ պատանու նկատմամբ: Նրա մարմինը սրբության բուրմունք ուներ: Նրա թաղմանը մասնակցեց մեծաթիվ բազմություն:
    Շատ երիտասարդներ, ովքեր հեռացել էին եկեղեցուց, ներկա գտնվեցին նրա թաղմանը եւ հիշատակության Պատարագին: Քարլո Աքութիսի ընկերները նրա համար կազմակերպեցին ամենամյա հոգեհանգստյան Պատարագներ:
    Քարլոյի թաղմանը մասնակցում էր մի քաղցկեղով հիվանդ կին: Մի քանի օր անց բժիշկն այդ կնոջն ասաց, թե ուռուցքն անհետացել է: Նրա թաղմանը ներկա էր նաեւ քառասունչորսամյա մի կին, ով երազում էր երեխա ունենալ, բայց չէր կարողանում: Քարլոյի թաղումից ինը ամիս անց նա երեխա ունեցավ: Այդ երկու կանայք էլ իրենց հետ տեղի ունեցած հրաշքները վերագրում են Քարլոյի բարեխոսությանը:

     

    Արտաշիրիմումն ու տեղափոխությունը

     

    Քարլոյի վերջին ցանկությունն էր՝ մեռնել եւ թաղվել Ասսիզիում: Մահվանից մեկ տարի անց նրա մարմինը տեղափոխվեց Ասսիզի՝ ըստ նրա ցանկության:
    2018թ. ապրիլի 6-ին նրա մարմինը դրվեց Ասսիզիի Սանթա Մարիա Մաջիորե եկեղեցում, որպեսզի հավատացյալները կարողանային այցելել նրա հանգստավայրը եւ պատվել նրա մարմինը: Այցելուների թափորը, որը ձգվում էր 1,5 մղոն, սկսվեց ուրբաթ երեկոյան եւ ավարտվեց շաբաթ առավոտյան: Թափորը ճանապարհին կանգ առավ Սան Ռուփինոյի Մայր Տաճարի մոտ, որտեղ թեմական երգչախումբը երգեց «Non io, ma Dio» («Ո՛չ ես, այլ՝ Աստվա՛ծ») երգը, որը գրվել էր Մարքո Մամմոլիի կողմից՝ հատուկ այդ արարողության համար:
    2018թ. հունիսի 23-ին Քարլոյի մարմինը բացվեց եւ գտնվեց անապական վիճակում:

     

    Ավանդը

     

    2020-ին Կաթողիկէ Եկեղեցու կողմից Քարլոյին վերագրվող մի հրաշքի ճանաչումից հետո նրա մայրը՝ Անտոնիան, լրատվամիջոցներին հայտնեց, թե Քարլոն երեւացել է իրեն երազում եւ ասել, որ ինքն ապագայում ոչ միայն երանացվելու, այլ նաեւ սրբերի շարքում է դասվելու:
    Աքութիսի սրբադասման համար գոյություն ունի մի համացանցային կայք, մեկ այլ կայք էլ կա ուսուցիչների համար, երիտասարդների ու աղոթական խմբերի համար:

     

    Սուրբ Հաղորդության հրաշքների լուսանկարչական ցուցահանդես

     

    Քարլո Աքութիսի հիշատակի համար, եպիսկոպոս Ռաֆաելլո Մարթինելլիի եւ եպիսկոպոս Անջելո Քոմասթրիի աջակցությամբ կազմակերպվել է Սուրբ Հաղորդության հրաշքների մասին լուսանկարների մի շարժական ցուցահանդես, որը շրջագայել է տասներկու երկրներում՝ հինգ մայրցամաքների վրա:
    Ցուցահանդեսի տպագիր տարբերակի ներածությունը գրվել է Քոմասթրիի կողմից եւ թարգմանվել տասնութ լեզուներով: Այն ճամփորդել է ավելի քան տասը հազար վայրերում՝ ներառյալ եկեղեցիներում, խորհրդարանական պալատներում, երիտասարդական ակումբներում:

    Աքութիսը սիրում էր ասել. «Մենք բոլորս ծնվել ենք որպես բնօրինակներ, բայց մեզանից շատերը մեռնում են որպես լուսապատճեներ»:

     

    2018թ. երիտասարդներին նվիրված սինոդոսի ավարտական փաստաթղթում Ֆրանցիսկոս Քահանայապետն օգտագործեց այդ արտահայտությունը եւ Քարլոյի մասին արտահայտվեց հետեւյալ կերպ.
    «Քարլոն թակարդը չընկավ: Նա տեսավ, որ շատ երիտասարդներ, եթե թվում են միմյանցից տարբեր, ըստ էության, վերջում նմանվում են միմյանց՝ արագ կլանելով այն, ինչ ազդեցիկ մարդիկ պարտադրում են նրանց՝ սպառողական մեխանիզմներով եւ փայտացումով: Այդպես նրանք թույլ չեն տալիս, որ այն պարգեւները, որոնք Տերը պատրաստել է նրանց համար, թափանցեն իրենց մեջ: Նրանք աշխարհին ցույց չեն տալիս այդ անհատական եւ եզակի պարգեւները, որոնք Տերը ցույց է տվել նրանցից յուրաքանչյուրին»:
    Ֆրանցիսկոս Քահանայապետը նաեւ Աքութիսին ներկայացրել է որպես մի տիպար՝ սովորական կյանքում սրբության հասնելու համար:

     

    Քարլոյի երանացման պահանջը դրվեց նրա մահվանից շատ չանցած՝ վեց տարի անց. 2012թ. հոկտեմբերի 12-ին Միլանի արքեպիսկոպոսությունը բացեց նրա սրբադասման դատը: 2013թ. մայիսի 13-ին Սուրբ Աթոռի Սրբադասման վարչությունը հայտարարեց, թե ոչ մի արգելք չկա՝ սկսելու Աքութիսի սրբադասման գործընթացը եւ նրան հռչակեց Ծառա Աստծո, որն առաջին փուլն է՝ դեպի սրբադասում:
    Սրբադասման թեմական ուսումնասիրության փուլը տեւեց 2013թ. փետրվարի 15-ից մինչեւ 2016թ. նոյեմբերի 24-ը՝ Կարդինալ Սքոլայի հովանու ներքո: Սքոլան ասում էր, որ Աքութիսը չի լինելու ֆիլմի աստղ, այլ՝ մի աստղ՝ Երկնքում եւ որ «Աքութիսը մի նոր գանձ է՝ Ամբրոզյան եկեղեցում»: 2018թ. հուլիսի 5-ին Ֆրանցիսկոս Պապը Քարլո Աքութիսին հռչակեց Երանելի եւ նրա կյանքը անվանեց հերոսական առաքինության մի կյանք:
    2019թ. նոյեմբերի 14-ին Վատիկանի Սրբադասման վարչության բժշկական խորհուրդը դրական կարծիք հայտնեց Բրազիլիայում տեղի ունեցած մի հրաշքի վերաբերյալ, որը վերագրվում է Աքութիսի բարեխոսությանը: Լուչիանա Վիաննան իր որդուն՝ Մատթեուսին, որը ծնվել էր պանկրեատիկ անբավարարությամբ եւ ուներ մարսողության խնդիր, տարել էր Պատարագի: Վիաննան նախապես իննօրյա աղոթք էր արել՝ խնդրելով Աքութիսի բարեխությունը: Պատարագի ժամանակ Մատթեուսը մայրիկին ասել էր, թե ինքը «չպետք է այդքան շատ փսխի կերածը»: Իսկ Պատարագից անմիջապես հետո Մատթեուսը մայրիկին ասել էր, թե ինքն այլեւս բուժված է եւ, տուն հասնելուն պես, մի լավ ճաշելու ցանկություն էր հայտնել: Իսկ մինչ այդ՝ տղան միայն հեղուկներով էր սնվել: Մանրամասն ուսումնասիրություններից հետո, սրբադասման հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա Ֆրանցիսկոս Պապը 2020թ. փետրվարի 21-ին ստորագրեց Քարլո Աքութիսին Երանելի հռչակելու մասին որոշում: Երանացման հանդիսությունը հետաձգվեց՝ Քովիդ-19-ի համավարակի պատճառով եւ տեղի ունեցավ ավելի համեստ պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ Ասսիզիի Մայր Տաճարում՝ Կարդինալ Ագոսթինո Վալլինիի նախագահությամբ՝ Ֆրանցիսկոս Քահանայապետի անունից: Այդ ժամանակվանից չի դադարում մարդկանց հոսքը՝ դեպի Ասսիզիի Սանթա Մարիա Մաջիորե եկեղեցին, որտեղ դրված է Աքութիսի անապական մարմինը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    7 սեպտեմբերի, 2025թ.

Օրացույց

Օրացույց