• Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի խոսքը՝ Սրբազան Քահանայապետին, 2016թ. հունիսի 25-ին

    Շնորհակալ ենք նաև Ռաֆայել արք. Մինասյանին՝ Քահանայապետի Գյումրի պատմական այցը կազմակերպելու համար:


    27 հունիսի, 2016թ.

     Թեև այս մասին  չի բարձրաձայնվում, բայց պետք է ասել, որ Սրբազան Քահանայապետի Գյումրի կատարած պատմական այցի համար պարտական ենք նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանին՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդին, ով Քահանայապետին հուշել էր Գյումրի այցի հնարավորության մասին և պատմել Գյումրիի ու հարակից բնակավայրերի բարդ կենսապայմանների, անցած դժվարին ճանապարհի, 1988թ. աղետի հետևանքների մասին, նաև՝ հայ կաթողիկէ համայնքների հոգևոր վերելքի մասին: Սրբազան Քահանայապետը անմիջապես որոշել էր անպայմանորեն այցելել Գյումրի և հանդիպել տարածաշրջանի տառապյալ, բայց իր պայքարի ոգով օրինակելի ժողովրդի հետ, ինչն էլ, Աստծո կամոք, իրականություն դարձավ:

    Քահանայապետի Գյումրի կատարած այցի նախապատրաստական բոլոր աշխատանքները ևս կազմակերպվեցին Ռաֆայել Սրբազանի ջանքերով և առաջնորդությամբ:

    Հունիսի 25-ի Սբ. Պատարագի ժամանակ Սրբազան Քահանայապետին իր խոսքն ուղղեց նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը.

    Ձերդ Սրբություն,
    Սուրբ Պատարագը մատուցելուց և Ձեր գորովով ու սիրով լի խոսքերը լսելուց հետո, ուղղված մեր Հայ Ժողովրդին, որ անցյալ դարերի ընթացքում միլիոնավոր նահատակներ է տվել Եկեղեցուն, և դեռ այսօր էլ շարունակում է տառապանքներ ու հալածանքներ կրել Քրիստոնեական հավատքի և իր ազգային ինքնության համար, միայն մի բան կարող եմ ասել Ձեզ` մի սրտանց շնորհակալություն։

     

    Բերկրանքը, որ ապրեցինք Ձեզ հետ, Սրբազնագույն Հայր, այստեղ ներկա մեր Հայ Կաթողիկէ հավատացյալների հետ միասին, և նրանց հետ, ովքեր ողջ աշխարհում հետևում են մեզ՝ իրենց տներից, շողում է սաղմոսերգուի խոսքերում. «Բացե՛ք իմ առաջ արդարության դռները, որպեսզի ներս մտնեմ ու գոհություն մատուցեմ Տիրոջը» (Սղմ 117,19), և այս իղձերին ի պատասխան Տերն ասում է․ «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցեք արքայությունը, որ պատրաստված է Ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր» (Մտթ 25, 34)։

     

    Շնորհակալություշն, Ձերդ Սրբություն։ Շնորհակալություն, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ՝ հոգեպես այսքա՜ն թանկարժեք պահերի համար, որ պարգևեցիք մեզ։

     

    Այս շնորհակալությունը բխում է այս չարչարված հողի որդիների սրտերից, այն ժողովրդի որդիներից, որ դեռ շարունակում են հավատալ Հարությանը, որ վկայել են ու մինչ այժմ էլ վկայում են իրենց հավատարմությունը Ավետարանին, վկայում են նաև իրենց արյան հեղմամբ։ Որդիներ, որոնք ապավինել և իրենց ողջ հույսը դրել են Խաչի վրա, այն աստիճան, որ կոչվում են խաչապաշտ ժողովուրդ։

     

    Մի ողջ ժողովուրդ, քրիստոնյա մի ազգ է, որ շնորհակալություն է հայտնում Ձեզ, Ձերդ Սրբություն։ Մի ժողովուրդ, մի ազգ, որ Աստծո ժողովրդին իր պատկանելությունը վկայում է ո՛չ միայն նահատակությամբ, այլ նաև հանապազորյա կյանքում, ընտանիքում, հասարակության մեջ և քաղաքականության մեջ, թեև քիչ չեն դիմագրավելիք խնդիրները, սկսած ընտանիքի հետ կապված հարցերից, ընտանիք, որ հիմնական բջիջն է հասարակության, և պետք է դիմագրավի այս դարիս չարի ու անկանոնության դեմ, և որն այսքա՜ն մոտ է Ձեր և Քրիստոսի Եկեղեցու սրտին։

     

    Շնորհակալ եմ, Ձերդ Սրբություն, նախախնամական այս այցի համար, և մաղթում եմ, որ այն լինի ճշմարիտ միության՝ եկեղեցական և ազգային միության սերմ, և մի ընթացքք դեպի միակ նպատակակետը, որ է Հարուցյալը և նրա աղոթքը. «Թող որ բոլորը մեկ լինեն»։

     

    Ի սրտէ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Սրբազնագույն Հայր, սիրո այս դրսևորման համար, որ քաջալերում է մեզ բոլորիս՝ Եկեղեցի, հավատացյալներ ու հաստատություններ, ամուր մնալու հավատքի մեջ, քանի որ զավակներն ենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգի, և պաշտպանելու մեր այս պատկանելությունը՝ վկայելով մեր ավանդությունը և մեր ժողովրդի ինքնությունը, որ ձգտում է խաղաղության և եղբայրության։
    Հենց այստեղ՝ Ձեր առաջ և Ձեր միջոցով, Ձերդ Սրբություն, կամենում եմ շնորհակալություն հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Հայաստանում Հայ Կաթողիկե Եկեղեցու նկատմամբ ցուցաբերած իր վեհանձնության ու հայրական հոգածության համար։ Շնորհակալություն, Վեհափառ Տեր։

     

    Ձերդ Սրբություն, թույլ տվեք խնդրել մի շնորհ, մի հատուկ շնորհ։

     

    Մինչ տարբեր աշխարհամասեր ողողված են բազմաթիվ անմեղների արյունով, մինչ աշխարհի քրիստոնյաները ենթարկվում են նահատակության, մինչ հալածված են, արտաքսված և ստիպված լքելու հողն ու ունեցվածքները, փնտրելով մի խաղաղ անկյուն, … և դրանց մեջ կան նաև բազմաթիվ հայ ընտանիքներ … մինչ աշխարհը հաճախ ապրում է անտարբերություն մեջ, կցանկանայի, որ Ձեր աղոթքի ու Ձեր օրհնության միջոցով մեր ազգը, մեր Հայ ժողովուրդը, ողորմության այս տարում նվիրվի Աստվածային Ողորմությանը և Մարիամ Աստվածածնի Սուրբ Սրտին։
    Ձեր ներկայությունը մեր մեջ, Ձերդ Սրբություն, թող լինի կայծ, որ մեզ ուղղի դեպի Մարիամի մայրական հայացքը, որպեսզի այն հսկի մեզ վրա և փրկի աշխարհի չարությունից, պատերազմի արհավիրքներից, առօրյա որոգայթներից, և պահի մեզ և ամբողջ հայ ազգը իր պաշտպանող պատմուճանի ներքո, թե՛ մայր Հայաստանում, թե՛ Արցախում և թե Սփյուռքում, այնպես, որ երբեք չկորցնենք հույսը՝ հավատալու լավագույն կերպով և երբեք չդավաճանելու մեր պապերի հավատքին, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն Հարուցյալ Քրիստոսի։

     

    Բարի եք եկել, Սրբազնագույն Հայր։ Հազա՛ր բարի։

     

Օրացույց

Օրացույց