• Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հարցազրույցը՝ «Օգնության կարիքավոր եկեղեցուն» կազմակերպության հետ

    «Հայերը՝ թե՛ կաթողիկէ, եւ թե՛ առաքելական, սիրում են Պապին»


    9 հունիսի, 2016թ.

     

     

    Արհ․ Տ․ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը հարցազրույց է ունեցել «Օգնություն Կարիքավոր Եկեղեցուն» (Aid to the Church in Need) կաթողիկէ միջազգային բարեգործական կազմակերպության հետ` հունիսի 24-26-ին Հայաստանի Հանրապետություն Պապի կատարելիք այցի մասին: Հարցազրույցը հրապարակվել է Zenit գործակալության կայքում:

     

    Ֆրանցիսկոս Պապի առաջիկա այցը Հայաստան մեծ ոգևորություն եւ ակնկալիքներ է առաջացնում․«Պապը գալիս է, որ էլ ավելի ամրապնդի հայերիս՝ մեր հավատի մեջ։ Մենք` հայերս, լինենք կաթողիկէ, թե առաքելական, սիրում ենք նրան: Ի վերջո, նա ճանաչեց մեր ժողովրդի ցեղասպանության փաստը: Միշտ կհիշենք նրան այդ քայլի համար»:

     

    Սրբազան Հայրն ասել է. «Պապը ցուցաբերեց ուժեղ բարոյական առաջնորդություն, երբ 100 տարի առաջ մեր ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը կոչեց իր անունով եւ ճանաչեց այն՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Սա չափազանց կարեւոր է մեզ`հայերիս, համար:

     

    «100 տարի շարունակ մենք աշխատել ենք, որ մեր տառապանքը ճանաչեն, բայց առանց հաջողության: Միայն դատարկ խոստումներ ենք ստացել տարբեր ժողովուրդներից եւ քաղաքական գործիչներից: Սակայն Պապը քաղաքական գործիչ չէ: Նա Քրիստոսի ներկայացուցիչն է երկրի վրա եւ մտահոգված է ճշմարտությամբ եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ»:

     

    Արքեպիսկոպոսը շեշտել է, որ Հայաստանը մեծ նշանակություն ունի ողջ աշխարհի քրիստոնեության համար: «Հայաստանը առաջին պետությունն էր երկրի վրա, որ ընդունեց քրիստոնեությունը: Դա ավելի քան 1700 տարի առաջ էր: Մեր ժողովուրդը շարունակում է այսօր էլ կրել հավատքի ազդեցությունը։ Դարեր շարունակ քրիստոնեության համար միլիոնավոր նահատակներ ենք տվել: Ես միշտ ասում եմ, որ հրեա ժողովուրդը պատրաստեց  Քրիստոսի առաջին գալուստը: Մեր նահատակների միջոցով, մենք՝ հայերս, ճանապարհ ենք պատրաստում Քրիստոսի երկրորդ գալստյան համար։ Մենք վկայում ենք Քրիստոսին ի դեմս ողջ աշխարհի»:

     

    Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Հայ Կաթողիկէ Եկեղեցին միավորված է Հռոմին եւ ունի մոտ 160․000 անդամ Հայաստանում: Արքեպիսկոպոսն ընդգծեց, որ Հայ Առաքելական եւ Հայ Կաթողիկե Եկեղեցիների տարբերությունները նվազագույնն են, իսկ հարաբերությունները՝ օպտիմալ։

     

    Նա ասաց. «Մենք ունենք նույն հավատը, նույն խորհուրդներն ու Սբ. Պատարագը: Միակ տարբերությունը Հռոմի Պապի ճանաչումն է: Դրանից բացի, այլ տարբերություններ չկան։ Եվ ամեն դեպքում, հայերը, անկախ նրանից, առաքելական են, թե կաթողիկէ, իրենց մեկ ազգ եւ մեկ Եկեղեցի են համարում»:

     

    Ըստ Արքեպիսկոպոս Մինասյանի, Հայաստանում Եկեղեցու վիճակը բոլորովին տարբերվում է Արեւմտյան Եվրոպայի մյուս մասերից: «Այստեղ չկա աշխարհիկություն: Հայերը կրոնասեր ժողովուրդ են: Մարդիկ հավատ ունեն: Սա կյանքի անհերքելի իրականություն է։ Մեր եկեղեցին կենդանի է, թեեւ շատ չենք։ Բայց ունենք բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ աղքատների, ծերերի եւ հաշմանդամների համար»:

     

    «Սակայն,- ավելացրեց նա,- որպես Եկեղեցի ունենք միայն սահմանափակ միջոցներ։ Սա մեզ էլ ավելի երախտապարտ է դարձնում Արեւմուտքի բարեգործների հանդեպ: Բայց հիմա ուզում եմ խնդրել նրանց հատուկ կերպով աղոթել, որ Պապի այցը հաջողությամբ կատարվի»:

     

    Zenit լրատվական գործակալության կայքից թարգմանեց՝ Նարինե Աղասարյանը

     

     

     

     

Օրացույց

Օրացույց