• Հարցազրույց՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հետ՝ Սրբազան Քահանայապետի այցի վերաբերյալ

    «Քահանայապետի այցը Հայաստան գնահատանքի, քաջալերանքի, մխիթարության այցելություն է»:


    18 մայիսի, 2016թ.

    Սրբազան Հայր, ո՞րն է Սրբազան Քահանայապետի Հայաստան այցելության նպատակը

     

    Եթե Հռոմի Սրբազան Քահանայապետը գալիս է Հայաստան, նշանակում է՝ մի նպատակ կա, մի առիթ կա: Եթե մեր խիղճը քննենք և մեր ինքնությունը փորձենք հասկանալ, թե ով ենք, կգտնենք հետևյալը, որ որպես հայ ժողովուրդ, հնուց մի ազգ ենք, որ հպարտությամբ պահել ենք մեր քրիստոնեական ինքնությունը: Այս ինքնությունը որ դարեր ի վեր ապրում ենք, դարերի ընթացքում տվել է միլիոնավոր նահատակներ՝ վասն Քրիստոսի: Որպես Ընդհանրական Եկեղեցու հայր և գլուխ, պարզ է, որ Պապը մտածում է արժևորել մեր այս քրիստոնեական վկայությունը:  Հետևաբար, գնահատանք է և պատիվ մեզ համար, որ այսպիսի արժևորում և գնահատանք է  տրվում մեր ազգին և մեր նահատակներին, որոնց շառավիղներն ենք մենք այսօր: Հետևաբար շատ բնական է, որ այսպիսի այցելություն է լինում այսօր: Միևնույն ժամանակ այս այցելությունը մեր հիշողության մեջ արթնացնում է Ֆրանցիսկոս Քահանահայապետի 2015թ. ապրիլի 12-ի պատմական քայլը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, որով պաշտպանեց մեր մարդկային իրավունքը՝ հռչակելով, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեղի է ունեցել հայ ժողովրդի հանդեպ: Այս այցելությունը նաև մի պատեհ առիթ է, որ մեր երախտագիտությունը հայտնենք Պապին և Կաթողիկէ Եկեղեցուն, որ այսպիսի քայլ է արել և անում է այսօր:

     

    Ինչու՞ Սրբազան Քահանայապետը որոշեց այցելել Գյումրի

     

    Պապի այցելությունը Հայաստան է, ոչ թե միայն Գյումրի: Հայաստանն էլ միայն Երևան չէ, Հայաստանը ունի շատ տեղեր՝ արժանի այցելության: Ոչ միայն այցելելու է Գյումրի, այլև՝ Խոր Վիրապ, բնակվելու է Էջմիածնում: Գյումրի գալը բնական մի երևույթ է նաև այլ տեսանկյունից: Գիտեք, որ հայ կաթողիկէ առաջնորրդանիստ կենտրոնը Գյումրին է, և այս աթոռը վերակենդանացրել է, հաստատել է Հռոմի Սուրբ Աթոռը: Բնական է, որ Սրբազան Պապը այցելի և իր կաթողիկէ ժողովրդին, իր հոտին տեսնի: Սրանք նաև Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի խոսքերն են: Հուսով եմ, որ իմ պատասխանը գոհացնելու է բոլոր հարցերը:

     

    Կարո՞ղ է արդյոք Քահանայապետի այցելությունը նպաստել Գյումրիի զարգացմանը

     

    Եթե մեր կյանքում կան թերություններ, թող Սրբազան Քահանայապետի այս այցելությունը առիթ դառնա, որ Գյումրին ավելի զարգանա, ինչպես ուրիշ քաղաքներ Հայաստանում: Նախևառաջ սա առիթ կլինի խթանելու քրիստոնեական ապրումը մեր բոլորի սրտում, և վստահ եմ, որ շատ օգտակարություններ պիտի քաղենք իր պատգամից, երբ որ այն հնչեցնի քարոզի ժամանակ, բայց ես պիտի հուսայի, որ այս առիթը կանխապես լինի մեզ համար հոգևոր արթնացում և որպեսզի ավելի լրջորեն կարողանանք ապրել մեր քրիստոնեական պատասխանատվությունը և զարգացնել հոգևոր, բարոյական, սոցիալական արժեքները մեր ընտանիքներում:

     

    Ի՞նչ դեր կարող է խաղալ Քահանայապետի այցը կամ պատգամը՝ Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում

     

    Քահանայապետի այցը Հայաստան գնահատանքի, քաջալերանքի, մխիթարության այցելություն է: Ոչ միայն մեր, նաև Սրբազան Պապի ցանկությունն է, որ աշխարհում և մեր տարածաշրջանում խաղաղություն տիրի: Պապի այցելությունները երբեք քաղաքական բնույթ չեն ունեցել և չեն ունենալու: Այնուամենայնիվ, այս այցելությունը կարող է կարևոր պտուղներ ունենալ նաև այդ դաշտում, ինչպես տեսանք անցած տարի, երբ ապրիլի 12-ի Քահանայապետի պատգամից անմիջապես հետո Եվրախորհրդարանը կարևոր բանաձև ընդունեց Հայոց Ցեղասպանության դատապարտման մասին:

     

    Հարցազրույցը վարեց Տ. Հովսեփ քհն. Գալստյանը

     

     

     

     

Օրացույց

Օրացույց