• Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի Սուրբ Ծննդեան պատգամը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ Հոգեւոր Կրթութեանը

    Անհրաժեշտ է լիովին գիտակցել ձեր առաքելութիւնը, հպարտանալ դրանով, որպէսզի ձեր գործը ներդնելով Աստուծոյ մեծ գործի մէջ՝ կարողանաք խօսել ներկայ ժամանակի մարդկանց հետ:


    Սիրելի՛ գործընկերներ,

     

    Սուրբ Ծնունդի նախաշէմին թոյլ տուէք ի սրտէ շնորհաւորել ձեզ եւ ձեր ընտանիքներին աշխարհի փրկութեան համար մարդեղացած Աստուածորդու Սուրբ Ծննդեան եւ գալիք Ամանորի կապակցութեամբ: Քանի որ 2022 թուականը մոտենում է աւարտին, մեր աշխարհն աւելի քան երբեւէ կարիքն ունի Աստծոյ ներկայութեան՝ Նրա որդու ծննդեան միջոցով, եւ ձեր առաքելութիւնը լինելու է մարդկանց հետ Աստուծոյ մասին խօսելը: Անհրաժեշտ է լիովին գիտակցել ձեր առաքելութիւնը, հպարտանալ դրանով, որպէսզի ձեր գործը ներդնելով Աստուծոյ մեծ գործի մէջ՝ կարողանաք խօսել ներկայ ժամանակի մարդկանց հետ: Ամբողջ աշխարհում Կարիտասի աշխատակիցներն ու կամաւորներն եղել եւ մնում են Քրիստոսի սիրոյ կրողները:

     

    Երբ աշխարհը ամենամութն է թուում, մենք՝ քրիստոնեաներս, նայում ենք հաւատքին, յոյսին եւ գթութեանը, որպէսզի լուսաւորենք մեր ճանապարհը: Մենք կը կարողանանք տեսնել այդ լոյսը, եթէ մեր աչքերը լայն բացենք եւ սովորենք տեսնել Աստծոյ սիրոյ նշանները, որոնք ամէն օր սերմանւում են աշխարհով մեկ: Քրիստոնեայի կեանքը ինչպէս եւ ձերը ներգործուն առաքելութիւն է մարդկանց եւ աշխարհի հանդէպ: Քրիստոսի փրկագործութիւնը օրինակ է համամարդկային եւ ազգային բարիքի հաստատման մէջ տեսնելու սեփական առաքելութիւնը եւ միասնութեան մէջ կերտելու երջանկութեան, առաջընթացի, ձեռքբերումների ուղիները:

     

    Մեր Տէր Յիսուս Քրիստոսի ծնունդը յորդորում է մեզ երախտագիտութեամբ բացել մեր սրտերը համընդհանուր սիրոյ առաջ: Դա նշանակում է, տեսնել իւրաքանչիւր մարդու արժէքը այնպիսին ինչպիսին կա: Այսպէս մեր կեանքը ինքնանպատակ լինելուց դառնում է առաքելութիւն, աշխատանքը` արարում եւ իշխանութիւնը` ծառայութիւն ժողովրդին:

     

    Մինչ մենք սպասում ենք մեր Տիրոջ ժամանմանը, մենք հրաւիրուած ենք խորհելու Քրիստոսի ներկայութեան մասին մեր կողքին ապրող եւ կարիքի մէջ գտնուող մեր քոյրերի եւ եղբայրների մէջ: Մանուկ Յիսուսը նոյնպէս փոքր էր եւ աննշան, բայց նրա սիրո եւ գործողութիւնների ուժը աղքատների հանդէպ, այսօր էլ արտացոլւում է մեր կեանքում:

     

    Տարուայ աւարտին, երբ մեր կեանքում գերակշռում է տառապանքն ու մահը՝ մենք անհամբեր սպասում ենք մեր Տիրոջ գալուստին: Մինչ կը պատրատուենք հրաժեշտ տալ 2022 թուականին, ես ցանկանում եմ աղօթել որպէսզի Բարին Աստուած մարդկանց սրտերից հեռացնի բռնութեան եւ ատելութեան որոմները եւ սերմանի սիրոյ եւ համերաշխութեան շնորհները` իրագործելու Աստուծոյ կամքը՝ ընդունելու ծնուելիք նոր կեանքը:

     

    Մաղթում եմ ձեզ օրհնութիւններով լի Սուրբ Ծնունդ:

    Շնորհաւոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր:

     

    Ձեզ համար աղօթարար,

     

    Գառնիկ Ճգնաւոր

Օրացույց

Օրացույց