• Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան նորանշանակ Առաքելական Կառավարչի անդրանիկ Պատարագը

    Աստծոյ կենարար լոյսը խորհրդանիշն է այն բանի, որ այլեւս խաւարի մէջ խարխափելու իրաւունք չ’ունենք:


    Կիրակի, 5 յունիսի, 2022 թուական. Տօն Գալստեան Հոգւոյն Սրբոյ, Պենտեկոստէ: Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում իր անդրանիկ Պատարագը մատուցեց Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան նորանշանակ Առաքելական Կառավարիչ՝ Գերապատիւ Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէն:

     

    Գերապատիւ Հայր Միքայէլն իր քարոզում մասնաւորապէս ասաց.

    «Սիրելի՛ հաւատաւոր ժողովուրդ, այսօր՝ Յիսուսի Յարութիւնից 50 օր անց, մեծ ուրախութեամբ եւ բերկրանքով նշում ենք Հոգեգալստեան կամ Պենտեկոստէի տօնը: Այս տօնի ուրախութիւնը կայանում է նրանում, որ Սուրբ Հոգին գործում է մեզանից իւրաքանչիւրի մէջ՝ իր ներգործութեամբ ուսուցանելով եւ առաջնորդելով մեզ դէպի Հօրը եւ Որդուն:

     

    Նոր Կտակարանը մեզ է փոխանցում, թէ ինչպէս Աստուած ուղարկեց Սուրբ Հոգուն. «Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ՝ նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ: Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս» (Գործք 2:3-4): Այսպիսով, Տէրը՝ Սուրբ հոգու միջոցով, նոր օրէնքներ փոխանցեց առաքյալներին՝ այս անգամ գրուած ո՛չ թէ քարի վրայ, այլ՝ նրանց սրտերում: Հետեւաբար, Նոր Կտակարանի միջոցով կարողանում ենք հասկանալ եւ մեկնել Հին Կտակարանի Ելից գրքում նկարագրուած այն տեսարանը, թէ ինչպէս էր Սինա լեռը ամբողջովին ծխում՝ նման հնոցից բարձրացող ծխի, քանի որ Աստուած նրա վրայ էր իջել իբրեւ հուր» (հմմտ. Ելք 19:18): Այստեղ՝ Սինայի լեռան վրայ է, որ Տէրը յայտնուեց Մովսէսին եւ ուխտ կնքեց՝ Իր պատուիրանները եւ օրէնքները քարէ տախտակների վրայ փոխանցելով իսրայէլացիներին՝ որպէս Իր ընտրեալ ժողովուրդ բոլոր ազգերի մէջ:

     

    Հին եւ Նոր Կտակարանների միջեւ տարուող այս զուգահեռները եւս մէկ անգամ փաստում են, որ Աստուած մշտապէս մեզ հետ է եւ մեր մէջ: Ինչպէս Յիսուս Քրիստոսն է ասում. «Մխի­թա­րի­չը՝ Սուրբ Հո­գին, որին Հայ­րը կուղարկի իմ անու­նով, նա ձեզ ամէն բան կու­սու­ցա­նի եւ ձեզ կյի­շեց­նի այն ամէ­նը, ինչ որ­ ձեզ ասա­ցի» (Յովհ. 14:26): Թէեւ մարդկային բանականութեան համար դիւրին չէ ըմբռնել Սուրբ Հոգու գոյութիւնը, այնուամենայնիւ, պէտք է հասկանանք, որ Սուրբ Հոգին նոյն ինքը Աստուած է, ով շարունակ կանչում է մեզ դէպի Իր յաւիտենական օթեւանները: Մեր մկրտութեան պահին Տէրը ուղարկում է Սուրբ Հոգուն, ով իջնում է մեր վրայ՝ բաշխելով աստուածային շնորհները եւ դրոշմի միջոցով փոխանցում Աստծոյ կենարար լոյսը, որը ինչպէս Հին Կտակարանի մէջ առաջնորդում էր իսրայէլացիներին, այդպէս էլ այսօր, սա խորհրդանիշն է այն բանի, որ այլեւս խաւարի մէջ խարխափելու իրաւունք չ’ունենք, քանզի Աստուած մեզ հետ է բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը:

     

    Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս, իմ ցանկութիւնն է, որ մենք բոլորս միշտ մնանք աստուածային այս լոյսի մէջ: Ամէն»:

Օրացույց

Օրացույց


Recent Comments