• Հույսի Հոբելյանական տարվա բացումը` Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարում

    02․02․2025


    Հույսի Հոբելյանական տարվա հանդիսավոր բացումը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդության համար տեղի ունեցավ 2025թ. փետրվարի 1-ի երեկոյան` Տեառնընդառաջի Նախատօնակին, Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարում` ձեռամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի: Նախ կատարվեց տաճարի Սուրբ Դռան բացման խորհրդավոր արարողությունը, որը շարունակվեց տաճարի ներսում` միասնական ապաշխարության աղոթքով, ապա մատուցվեց Սուրբ Պատարագ` առընթերակայությամբ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի և Ընդհանոր Մատակարար Գերպ. Հ. Հովհաննես Վրդ. Մելիքյանի: Հանդիսավոր արարողություններին իրենց աղոթական մասնակցությունն էին բերել Հայաստանում ծառայող հոգևորականները, Անարատ Հղության հայ միաբան քույրերը և տարբեր համայնքներից Աթոռանիստ Տաճար ուխտի եկած հավատացյալների բազմությունը:

     

    Տաճարի Սուրբ Դռան բացումը խորհրդանշում է Աստծո ողորմության դռան բացումը ժողովրդի առջև, որ ողբաձայն երգեցողությամբ հայցում է Տիրոջ ողորմությունը և ներումը` մեղքերի համար: Դռնբացեքի այս արարողությունը հայկական ծեսում սովորաբար կատարվում է Ծաղկազարդի երեկոյան, բայց քանի որ այս տարին Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից հռչակված է Հույսի Հոբելյանական տարի և բացվում են Տաճարների ողորմության դռները` Աստծո հետ հաշտության և մեղքերի լիակատար թողության համար, ապա բացառության կարգով հայկական այդ հոգեպարար ծիսակատարությունը կատարվեց Տեառնընդառաջի նախատօնակին` հավելյալ այլ ապաշխարության զորավոր աղոթքներով, որոնք հավատացյալները միասին ասացին` Սրբազան Հոր առաջնորդությամբ:

     

    Հավատացյալներին նաև բաժանվեցին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի <<ՅՈՅՍ ՈՉ ԵՐԲԵՔ ԱՄԱՉԵՑՈՒՑԱՆԷ>> կոնդակի հայերեն թարգմանության և Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի << Միասին ապրե՛նք Հույսի այս Հոբելյանական տարին>> հովվական ուղերձի տպագիր օրինակները: Վերջինիս մեջ Առաջնորդ Հայրը նաև բացատրում է լիակատար ներում ստանալու պայմանները:

     

    Սրբազան Հայրը Սուրբ Պատարագի իր քարոզի մեջ նախ խոսեց այն մասին, որ Հոբելյանական տարին ուխտագնացության տարի է, Սուրբ Դռան բացումն էլ` ուխտագնացության մենարկ.

    <<Մենք պետք է կատարենք Հույսի ուխտագնացություն: Այն, ինչ մտածում ենք, թե անկարելի է, որ պատահի, Հույսն ասում է, թե անպայման տեղի ունենալու՜ է, պետք է վստահ լինել>>:

     

    Որպես Հույսի աննահանջ կրող` Սրբազանը օրինակ բերեց Սիմեոն ծերունուն, որ իր գիրկն առավ Տաճար ընծայված Հիսուս Մանկանը: Սրբազանը հավատացյալներին հրավիրեց խորհրդածել Սիմեոն ծերունու կերպարի մասին, որ իր ծերության մեջ շարունակում էր ծառայել Աստծուն և հույսով սպասել Իսրայելի փրկությանը, ազգերի լույսին: Նրա մեջ կար տասնամյակների մի աննահանջ Հույս, որը չէր կորցնում: Եվ վերջապես Սիմեոնը տեսնում է Հույսը` Հիսուս Մանկանը, և աչքերը վեր բարձրացնելով` խնդրում է Աստծուն, որ խաղաղությամբ արձակի իրեն, որովհետև <<աչքերս տեսան փրկությունը քո>>:

     

    <<Հույսի տիպար Սիմեոն ծերունին… սիրելիներս, մեզանից յուրաքանչյուրի մեջ կա Սիմեոնը: Գուցե, երիտասարդ եք, բայց սպասում եք Սիմեոնի ծերունական համբերատարությամբ, – շարունակեց Սրբազան Հայրը: – Բոլորն ունեն սպասումներ, հույսեր, բայց նաև պետք է համարձակություն, որ երբե՜ք չկորցնենք մեր հույսը, ակնկալիքը>>:

     

    Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ մոմերի օրհնության կարգը և ապա վառվեց Քրիստոսի լույսը խորհրդանշող խարույկը` Ավետարանի ընթերցմամբ, կատարվեց Անդաստանօրհնեքի գեղեցիկ արարողությունը` աշխարհի չորս կողմերի, քաղաքների, գյուղերի, անդաստանների, վանքերի օրհնության հինավուրց կարգը, որ սովորաբար կատարվում է երեկոյան ժամերգության ընթացքում:

     

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    02.02.2025թ.

     

     

     

Օրացույց

Օրացույց