• Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանը նշանակվեց Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց

    Վճիռ անվանման


    Հիմք ընդունելով Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների կանոնագիրքը (Կանոններ 276-278) և ինձ վստահված առաջնորդական տարածքի հովվական կարիքները՝

    Թբիլիսիի և Նոր Խուլգումոյի (Տամբովկայի) ժողովրդապետ Գերհ․ Հ․ Միքայել Ծ․ Վրդ․ Խաչկալյանին անվանում եմ Վրաստանի Ավագերեց (Դեկան)՝ երեք տարի ժամկետով և պահպանելով նրա ժողովրդապետական պաշտոնը։ Այս անվանումը կատարելիս՝ ի նկատի եմ ունեցել Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներում մեր սիրելի հոգևոր եղբոր դրվատանքի արժանի հովվական երկարամյա ծառայության փորձառությունը և գիտելիքները, որոնք, լիահույս եմ, որ կնպաստեն նրան վստահված այս նոր և հույժ կարևոր առաքելությանը։

    Սրտագին աղոթքներս եմ վերառաքում դեպի Օրհնյալ Սուրբ Կույսը և նրա բարեխոսությամբ` առ Բարձրյալն Աստված՝ հայցելով բոլոր աստվածային շնորհներն ու պարգևները մեր սիրելի եղբոր համար, որպեսզի կարողանա իր նոր պաշտոնը ստանձնել և կատարել առաքելական և հովվական եռանդով՝ ի սպաս հայ կաթողիկէ համայնքների հոգևոր աճման և ի փառս Աստծո։

     

    Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյան

    Առաջնորդ Կաթողիկէ Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի

     

    Գերհ․ Հ․ Միքայել Ծ․ Վրդ․ Խաչկալյանի կենսագրությունը

     

    Ծնվել է 21.05.1970թ-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում, մեծացել է Վրաստանում՝ Թբիլիսիում: Հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ գերմանացի: Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ 1988 – 1993թթ. ծառայել է սովետական և վրացական բանակում: Այնուհետև աշխատել է կոշիկի գործարանում որպես դիզայներ:

    Սովորել է Նովոսիբիրսկում՝ Հիսուսյան Միաբանության դպրոցում (1999-2000 թթ.), ապա՝ Սանկտ Պետերբուրգի թեմական ճեմարանում (2000-2003 թթ.)։  2005-2007 թթ. սովորել է աստվածաբանություն Վերոնայի Սան Զենո աստվածաբանության ֆակուլտետում և Թբիլիսիի աստվածաբանական ուսումնարանում։

    Քահանա ձեռնադրվել է 2007 թվականի նոյեմբերի 21-ին Թբիլիսի քաղաքում, 2009 թվականին նշանակվել է Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Գյումրի քաղաքում (Հայաստան)։
    2010 թվականին նշանակվել է ժողովրդապետ՝ Գրիգոր Լուսավորչի հայ կաթողիկե համայնքի (Թբիլիսի):
    2016 թվականից ժողովրդապետ է Նինոծմինդայի շրջանի Նոր Խուլգումո (Տամբովկա) գյուղում:

    Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն, իտալերեն լեզուներին:

     

    Վճիռ անվանման Հ. Միքայել Խաչկալյան

     

     

     

Օրացույց

Օրացույց