• Միասին ապրե՛նք Հույսի այս Հոբելյանական տարին. Առաջնորդ Հոր հովվական ուղերձը

    Տրված՝ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարում,
    Նախատոնակ Տեառնընդառաջի, 1 փետրվարի, 2025թ․։


    ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝

    ԳԵՐՀԱՐԳԵԼԻ, ԳԵՐԱՊԱՏԻՎ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ, ԱՌԱՔԻՆԱԶԱՐԴ ՄԻԱԲԱՆ ՔՈՒՅՐԵՐԻՆ,

    ԲՈԼՈՐ ՀԱՎԱՏԱՎՈՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻՍ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ՝

    Ի ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱ

     

    Հու՛յժ սիրելի եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս՝ Մեծագույն Հույսն մեր,

    ինչպես գիտեք, սույն 2025 թվականը Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից հռչակված է որպես Հույսի Հոբելյանական տարի։ Նորին Սրբությունն իր 2024թ․ մայիսի 9-ին հրապարակված <<Յոյս երբէք ոչ ամաչեցուցանէ>> կոնդակով ամբողջ Կաթողիկէ Եկեղեցուն հրավիրեց 2025 թվականի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել Հույսի քրիստոնեական առաքինությանը և խորացնել մեր ընկալումը՝ Հույսի վերաբերյալ, դառնալ Հույսի ուխտավորներ՝ դեպի կաթողիկէ սրբավայրերը, դեպի առավել խոր հոգևոր հաղորդութենական մտերմություն՝ Տիրոջ և սրբերի հետ, կազմակերպել հոգևոր զանազան միջոցառումներ՝ յուրաքանչյուրիս մեջ Հույսի ամրապնդման և քրիստոնեական կյանքի համար նոր լուսավոր հորիզոններ բացելու նպատակով։

     

    Նախ, սրտիս չափազանց մոտ ընդունելով Նորին Սրբության կոնդակը և նրա խնդրանքը՝ լավ ուսումնասիրելու կոնդակի բովանդակությունը, ի սրտե խնդրում եմ ձեզ ընթերցել այդ հոգեշահ նամակը և խորհրդածել դրա ուղերձի մասին։ Եկե՛ք միասին խորհրդածենք այդ կոնդակում արծարծված մի քանի ճշմարտությունների շուրջ։

     

    Քահանայապետն իր կոնդակն անվանել է Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղղված նամակում գրված բառերով, որ գտնում ենք 5։1-5-ում․ <<Ուրեմն, հավատքով արդարանալով, խաղաղություն ունենք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով. Նրա միջոցով մենք նաև հավատքով մուտք ունենք դեպի այս շնորհը, որի մեջ գտնվում ենք, և ուրախանում ենք Աստծո փառքի մեր հույսով […]։ Եվ հույսը հուսախաբ չի թողնում մեզ, քանի որ Աստծո սերը սփռվել է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ>>: Այս տողերով Սուրբ Պողոսը քաջալերում էր Հռոմի քրիստոնեական համայնքին, որ իր հավատքն ապրում էր հալածանքների, անհասկացողության, կեղծ մեղադրանքների, և կռապաշտական, մարդկային եսապաշտության և անհավատության ծանր մթոնոլորտում, որ տիրում էր հռոմեական կայսրության մեջ, հատկապես, Հռոմում։ Պողոսն ամեն ինչ անում էր այդ հալածված փոքրիկ հոտին ամրապնդելու համար Քրիստոսի սիրուց և Սուրբ Հոգու շնորհաբաշխ ներկայությունից բխող հույսի մեջ, որը, ինչպես ինքն է գրում, երբե՛ք հուսախաբ չի թողնում։ Սուրբ Պողոսը գիտեր, թե ինչ էր գրում, վստահ էր այդ ճմարտության մեջ, որովհետև նախ ապրել էր այդ հույսի լիությունը սեփական սրտում և իր տառապալից կյանքի ճանապարհին, որը նրան հասցրեց մինչև զոհաբերություն՝ հանուն այդ հույսի աղբյուրի, որ Ի՛նքը Քրիստոսն է, ում Զոհաբերությանը մասնակից եղավ նույն այդ Հույսով և վստահությամբ՝ առ այն, որ իր տառապանքներով և զոհաբերությամբ նոր ներկա և ապագա է բացում իր հիմնած նորածին քրիստոնեական համայնքների համար։

     

    Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Պապն իր կոնդակում գրում է․ <<Հույսն, ըստ էության, ծնվում է սիրուց և հիմնված է այն սիրո վրա, որը բխում է Հիսուսի Սրտից, որը խոցվեց Խաչի վրա>>, մի սեր, որից Պողոսը պարզապես չէր կարող բաժանվել ոչ մի կերպ, ինչպես ինքն է խոստովանում շատ հարուստ հոգեկան ապրումով, որը զորացնում է նաև մեր սրտերը․ <<Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, տրտմությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտանգնե՞րը, սո՞ւրը։ […] Բայց այս բոլոր բաների մեջ մենք ավելի քան հաղթող ենք Նրա միջոցով, Ով սիրեց մեզ: Որովհետև ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, և ո՛չ էլ որևէ ա՛յլ ստեղծված բան, չեն կարող բաժանել մեզ Աստծո սիրուց, որ գտնվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ» (Հռմ 8, 35.37-39):

     

    Սուրբ Պողոսն, այնուամենայնիվ, իրատես է, գրում է Պապը, և գիտի, որ քրիստոնեական կյանքի ճանապարհին գտնվող բազմաթիվ խութերը, հալածանքը, սոցիալական դժվարությունները, պատերազմը, հիվանդությունները, որոնց հետ քրիստոնյան առնչվում է բոլոր դարաշրջաններում, կարող են սպառնալ այդ հույսի գոյությանը, կարող են վերացական և մտացածին դարձնել այն հույսը, որը մեզ առաջարկում է Խաչյալ և Հարուցյալ Տերը։

     

    Պետք է ասեմ, սիրելինե՛ր, որ այս դառն ճշմարտության ընկալումը դժբախտաբար մեր հայ ժողովուրդն ունի իր յուրահատուկ պատմական փորձառությամբ, մի փորձառություն, որը դեռևս շարունակվում է և, կարծես, թե վերջ չունի։ Այսօր Հայ Կաթողիկէ Առաջնորդությանս առջև ծառացած մարտահրավերները նույնն են, ինչ որ ծառացած են ձեր յուրաքանչյուրիդ և ամբողջ հայ ժողովրդի առջև՝ հետպատերազմական հոգեկան խռովք ու վիշտ, անհանգստության և անորոշության տագնապալից զգացումներ և մտքեր, վախ ու սարսափ, ատելություն՝ բռնության նկատմամբ և միաժամանակ աստվածային արդարադատության և հատուցման անհագ ծարավ, մարդկային հարաբերություններում և հայրենիքի զարգացման միասնական տեսլականի և աշխատանքի պակաս կամ բացակայություն, ապագայի հանդեպ հույսի տարտամություն, սոցիալական խնդիրներ, աղքատություն՝ սոցիալական և, որ ավելի ծանր է, հոգևոր ներաշխարհի։ Մենք բոլորս՝ հոգևորական, թե աշխարհական, Առաջնորդս, թե մի մանուկ, նույն նավի մեջ ենք լողում, ձեր ցավը իմն է և ձեր բերկրանքը իմ բերկրանքն է, բայց մի՛ մոռացեք, որ դուք, եթե ինքներդ ձեզ համարում եք Քրիստոսի հետևորդներ, գտնվում եք Աստծո նավի մեջ, որ հիշեցնում է Նոյան Տապանը, որ իջավ Արարատ լեռան վրա, որ մի գեղեցիկ խորհրդանիշն է Հիսուս Վեմի, որի վրա խարսխված է մեր հավատքը և փրկության հույսը։ Ավելին, Նա՛ է հույսի աղբյուրը, նա է Բուն Հույսը, որի մասին մեզ շատ իմաստուն ձևով իր ուղերձում հիշեցնում է Քահանայապետը, որ շարունակողն է Հիսուսի առաքելության՝ որպես Վեմ Եկեղեցու՝ Պետրոս, ինչպես Տերը կոչեց նրան։ Ուզում եմ այս միտքը շարունակել և հիշեցնել նույն Պետրոս առաքյալի նամակից մի տող, որտեղ այդ նույն Վեմ կոչված առաքյալը մեզ բոլորի՛ս է անվանում <<Քրիստոսի հոգևոր տաճարի կենդանի վեմեր>> ( տե՛ս՝ Ա Պետ․ 2։5)։

     

    Ուրեմն, սիրելինե՛ր, մենք բոլորս՝ Պետրոսի հետ միասին կոչված ենք լինելու Եկեղեցու վեմեր՝ մեր մեջ ունենալով Քրիստոս-Հույսը, Նրա չարչարանքների և հարության շնորհով փրկվելու ամուր Հույսը, այս աշխարհի մարտահրավերները Նրա նմանությամբ հաղթելու Հույսը։ Մենք կոչված ենք նաև կիսելու այդ հույսը մեր յուրայինների հետ՝ մեր ընտանիքի անդամների, մեր համայնքների եղբայրների և քույրերի, ամբողջ Եկեղեցու հետ։ Որպես քրիստոնյաներ, միշտ մտքում պահելով մեր Տիրոջ փրկարար չարչարանքները, առաքյալների և մյուս սրբերի տառապանքները, մեր հայ նահատկների թափած քրտինքն ու արյունը՝ մեր մեջ տնկելու համար այդ կենդանարար Հույսի շիվերը, մենք հրավիրված ենք մեր իրականության դժվարությունների մեջ տեսնելու առաջ ընթանալու նոր հնարավորություններ և <<դրանք փոխակերպելու հույսի նշանների>> (տե՛ս՝ <<Յոյս ոչ երբեք ամաչեցուցանէ>>, 7)։ Այո՛, սիրելիներ, մենք կոչված ենք Տիրոջ հետ միասին մեր դժվարությունների մեջ ամուր հավատքով և հույսով իջնել մինչև այս իրականության դժոխքի հատակը և Նրա հետ միասին դուրս գալ հարություն առած՝ որպես Աստծո արժանի զավակներ, Քրիստոսի ճշմարիտ քույրեր և եղբայրներ՝ ոչ մի վայրկյան չկասկածելով, որ Տիրոջ անսահման սիրով լի Սիրտը երբեք մեզ չի թողնի դժվարությունների դժոխքում, այլ կավերի դժոխքը և դժվարությունը կդարձնի մեր սրբության հնարավորությունը։

     

    Միանալով Նորին Սրբության կոչին՝ այս տարվա ընթացքում և միշտ հրավիրում եմ ձեզ այդ գիտակից հույսով և անդրդվելի հավատքով կիսվել տկարների, հիվանդների և հաշմանդամություն ունեցողների հետ, տարեցների և միայնակների հետ։ Հատուկ ուզում եմ շեշտել երիտասարդներին՝ իրենց երազանքների և քրիստոնեական հույսի մեջ ամրացնելու, խանդավառելու խիստ կարևորությունը, որովհետև այսօր, մանադանդ, մեր հայ հասարակության մեջ հուսահատությունը, ապագայի հանդեպ անորոշության և անվճռականության զգացումները քանդում են մեր երիտասարդների հոգիները։ Մեծահասակները պարտավոր են քաջալերել նրանց, աջակցել ամեն կերպ, աղոթել նրանց համար, վստահել նրանց սրբերի բարեխոսությանը, որովհետև երիտասարդներն են այն հատուկ ընտրյալ անոթները, ովքեր կոչված են միշտ խանդավառությամբ կրելու և փոխանցելու ընդմիշտ երիտասարդ Քրիստոսի Հույսը։ <<Մոտիկություն՝ երիտասարդներին, նշանակում է բերկրանք և հույս՝ Եկեղեցուն ու աշխարհին>>, գրում է Պապը։

     

    Ուզում եմ հատուկ անդրադառնալ կոնդակի մի կետին, որ շատ կարևոր է մեր հայ ժողովրդի համար, որ ունի երկու հնագույն ավանդական դավանական դիմագիծ՝ Հայ Կաթողիկէ և Հայ Առաքելական։ Այս հոբելյանական տարում լրանում է Նիկեայի առաջին Տիեզերաժողովի հազար յոթ հարյուր ամյակը։ Այն տեղի ունեցավ 325 թվականի մայիսի 20-ին, մի պատմական ժամանակաշրջանում, երբ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին, թեև ենթարկվում էր հեթանոսության և աղանդների սարսափելի հարձակումներին, բայց ուներ մի նախանձելի և դեռևս չվերադարձված ընդհանրականություն և միասնություն՝ արտահայտելով Տիրոջ կամքն առ այն, որ <<բոլորը մի լինեն>> (Հվհ․ 17։21)։ Նիկեայի ժողովում ձևակերպված Հավատամքը այդ միասնության հնագույն հիշողությունն ու կարոտն է, որն ընդհանուր է թե՛ կաթողիկէ, թե՛ առաքելական հայի համար։ Նիկեայի <<Ժողովական Հայրերը կամեցան այդ Հանգանակը սկսել առաջին անգամ գործածելով «Մենք հավատում ենք» արտահայտությունը՝ որպես վկայություն այն բանի, որ այդ «Մենք»ի մեջ բոլոր Եկեղեցիներն իրենք իրենց վերագտնում էին հաղորդության մեջ, և բոլոր քրիստոնյաները դավանում էին միևնույն հավատքը>> (<<Յոյս ոչ երբեք ամաչեցուցանէ>>, 17)։ Այդ սուրբ ժողովի հոբելյանական տարեդարձի համընկնումը Հույսի հոբելյանի հետ իսկապես խորհրդանշական է և մեզ հրավիրում է այս տարի ջերմեռանդությամբ աղոթել նաև Քրիստոսի մեկ սուրբ Եկեղեցու միության համար՝ հատկապես խնդրելով հայ ժողովրդի հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը։ Մեզ համար կրկնակի ուրախություն է, որ այս տարի լրանում է նաև Հայ Եկեղեցու միության եռանդուն ջատագով մեկ այլ սրբի՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակման տասներորդ հոբելյանը․ նույն Ֆրանցիսկոս Պապը 2015թ․ մայիսի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոսի Տաճարում, Հայ Կաթողիկէ և Առաքելական Եկեղեցիների հոգևոր առաջնորդների ներկայությամբ Նարեկացուն դասեց Տիեզերական կամ Կաթողիկէ Եկեղեցու Վարդապետների շարքում՝ միաժամանակ ի լուր աշխարհի խոսելով հայ ժողովրդի ցեղասպանության դառն վերքի մասին։ Թող Սուրբ Գրիգոր Նարեկացին մշտապես իր աղոթամատյանի բառերով աղոթի մեր ժողովրդի համար և բարեխոս լինի Հույսի համար, որ այնաքան պակասում է մեր հասարակությանն այս դժվարին օրերին։

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ուզում եմ հատուկ կերպով հույսի մեր ընկալումը կիսենք հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների հարազատների հետ, ովքեր այնքա՜ն կարիքն ունեն մեր մխիթարության և սիրո, որպեսզի զգան, որ խաչված և հարություն առած Տերը նրանց կողքին է մեր միջոցով։ <<Եվ եթե մահվան առջև – այդ ցավալի բաժանման, որը ստիպում է մեզ թողնել մեր ամենաթանկ անձանց – որևէ հռետորաբանություն թույլատրելի չէ, Հոբելյանական Տարին կընծայի մեզ հնարավորությունը՝ վերստին բացահայտելու, անսահման երախտագիտությամբ, Մկրտության մեջ ստացված այդ Նոր Կյանքի պարգևը, որն ընդունակ է կերպարանափոխելու ուղբերգությունը ․․․ մահվան առջև, որտեղ թվում է, թե ամեն ինչ ավարտվում է, մենք վստահությունն ենք ստանում, որ, Քրիստոսի շնորհի միջոցով ․․․ «կյանքը չի խլվում, այլ՝ փոխակերպվում է», ընդմիշտ>> (<<Յոյս ոչ երբեք ամաչեցուցանէ>>, 20)։ Քրիստոնյայի հույսի գագաթնակետը հավիտենական կյանքն է կամ անանց երջանկությունը․ սա՛ է մահվան փոխակերպումը Կյանքի, սա՛ է վախի փոխակերումը աննվազ բերկրանքի և խնդության, որի Հույսը մեր մեջ սերմանել է Աստծո սերը։

     

    Հույսի վստահությունը խարսխված է ոչ միայն Աստծո սիրո, այլ նաև՝ անսահման ներողամտության վրա։ Այս հոբելյանական տարին մեզ համար հնարավորություններ է ընձեռում նաև առավել առատ ձևով ըմպելու Աստծո ողորմության աղբյուրներից՝ լիակատար ներողության շնորհումներից։ Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարը Սուրբ Դռան բացման այս հանդիսավոր աղոթական արարողությամբ դարձավ մեկն աշխարհի այն բազում տաճարներից, որոնց դռներն այս տարի բացվել են լիակատար ներողությունների շնորհման համար։ Սուրբ Դռան բացումը մի նշան և միասնական աղերս է առ այն, որ Տիրոջ ողորմության և Հույսի դուռը բացվի մեր առջև․ <<Ես եմ դուռը, եթե մեկը մտնի ինձանով, կփրկվի>> (Հվհ․ 10։9), և այս երեկո քառասնօրյա Հիսուս Մանկան հետ միասին ընդառաջ  ենք գնում Աստծուն՝ ապաշխարության և հույսի հոգով։ Սուրբ Պետրոսի հաջորդի և նրան միացած եպիսկոպոսների հետ միասին Բազմագութ Աստծուց հայցում եմ մեղքերի համար լիակատար ներողությունների շնորհը՝ բոլոր նրանց համար, ովքեր այս տարի ուխտագացություն կկատարեն Սրբոց Նահատակաց Մայր Տաճարը։ Եկեղեցին Պետրոս առաքյալին տրված բացելու և փակելու իշխանությամբ բացում է Աստծո ներման շնորհների գերառատ գանձարանի աղբյուրները, որպեսզի խմեն և Աստծո հետ լիակատար հաշտություն ըմբոշխնեն մեր բոլոր այն զավակները, ովքեր կկատարեն հետևյալ բոլոր պայմանները․

     

    Ա Յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ կամ կիրակի օրերին կընդունեն Խոստովանանքի Խորհուրդը,

    Բ Հաճախակի ուխտագնացություն կկատարեն դեպի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճար և կաղոթեն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդության հոգևոր ծաղկման և Առաջնորդ Սրբազան Հոր դիտավորությունների համար,

    Գ Տարվա ընթացքում պատշաճ ձևով կմասնակցեն կիրակնօրյա բոլոր Պատարագներին և կանեն իրենց լավագույնը` այս տարվա Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար։

     

    Ըստ այդմ, բոլորիդ թախանձագին խնդրում եմ եռանդուն ջանքերով, ձեր համայնքների ժողովրդապետ հոգեւոր հայրերի առաջնորդությամբ եւ միաբան քույրերի հետ միասին, նախաձեռնել եւ իրականացնել համայնքային եւ ընդհանուր հոբելյանական միջոցառումների ծրագրեր` հոգեւոր կրթության օրեր, հանդիպումներ եւ քննարկումներ` երեխաների, երիտասարդների, տարեցների, ընտանիքների հետ` խորհրդածելու համար իմ եւ Սրբազան Պապի ուղերձների թեմաների շուրջ, միասնական աղոթքի պահեր` Վարդարանի աղոթքներ, Սուրբ Հաղորդության երկրպագություն, թափորներ, ուխտագնացություններ` դեպի եկեղեցիներ եւ սրբավայրեր, հատկապես, Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Տաճար, Զմմառի Մայրավանք եւ Հռոմ։ Քահանայապետն այս տարի բոլոր կաթողիկէ հավատացյալներին, մանավանդ, Արևելքի եկեղեցիներիս և հայ կաթողիկէներիս, ովքեր հաղորդության մեջ ենք գտնվում Պետրոսի աթոռի հետ, հատուկ կերպով հրավիրում է ուխտագնացություն կատարելու Հռոմ` Սուրբ Պետրոսի եւ Պողոսի քաղաքի սրբավայրերը։ Աղոթքի ուխտագնացություն կատարելը շատ սիրելի է նաեւ մեր հայ ժողովրդի համար, որ սիրում է քայլել ապաշխարության դժվարին ճանապարհներով` Պողոս առաքյալի խոսքերի համաձայն, չարչարանակից լինելու Քրիստոսին եւ Նրան նվիրելու իր սեփական չարչարանքների ընծան` ի նշան անկեղծ զղջման եւ Հույսի։

    Մաղթում եմ, որպեսզի այս հոբելյանական տարին ձեզ համար լինի հոգևոր շնորհների նոր աղբյուրներ բացահայտելու, Տիրոջ հետ առավել մտերմանալու, Տիրոջը եւ միմյանց առավել սիրելու մի բացառիկ հնարավորություն։

    Աղոթում եմ յուրաքանչյուրիդ համար եւ խնդրում եմ ձեր աղոթքներն ինձ համար, հոգևոր դասիս համար եւ մեր Առաջնորդության բոլոր եղբայրների եւ քույրերի համար, մեր միասնական ազնիվ ծառայության եւ բոլորիս սրբության համար։

    Թող Սուրբ Կույսը` Հուսածին եւ Հուսատու Մայրը Եկեղեցու, բոլորիդ պահի իր մայրական բարեխոսության ներքո. ամեն։

     

    Քրիստոս ողորմեա՜,

    Մայր Սուրբ, բարեխօսեա՜,

    Աստղ ծովու, առաջնորդեա՜ մեզ,

    Թագուհի Հայաստանի, աղօթեա՜ վասն մեր,

    Թագուհի խաղաղութեան, աղօթեա՜ վասն մեր,

    Ապաստան մեղաւորաց, աղօթեա՜ վասն մեր,

    Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, աղօթեա՜ վասն մեր,

    Սուրբ Գրիգոր Նարեկացի, աղօթեա՜ վասն մեր,

    Աստուծոյ Ծառայ Գրիգոր Պէտրոս ԺԵ Աղաջանեան, աղօթեա՜ վասն մեր։

     

     

    ԳԷՈՐԳ ԱՐՔԵՊՍ. ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց

    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի

    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

    Հովվական ուղերձի PDF տարբերակը՝ Միասին ապրե՛նք Հույսի այս Հոբելյանական տարին

Օրացույց

Օրացույց