• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի Սուրբ Հարության տոնի հովվական ուղերձը

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց:


    Կիրակի արշալույսին կանայք գնացին Հիսուսի գերեզման՝ մարմինը յուղերով օծելու համար և տեսան մեծ քարը հրաշքով գլորված և Տիրոջ սպիտակազգեստ հրեշտակին, որ ավետեց. «Այստեղ չէ, այլ հարությու՜ն առավ»: Կանայք հիրավի վախեցած էին, որովհետև նեխված գերեզմանի փոխարեն գտան բաց, լուսավոր, անուշաբույր մի գերեզման: Հրեշտակն ասաց յուղաբեր կանանց. «Մի՛ վախեցեք», և ապա՝ «Գնացե՛ք ասացեք իմ եղբայրներին, որ նրանց կհանդիպեմ Գալիլիայում»: Ուրեմն, Հարության առաջին վկաները եղան կանայք, իսկ երկրորդ վկաները՝ աշակերտները: Իսկ ինչու՞ ասաց՝ կհանդիպենք Գալիլիայում: Որովհետև այնտեղի՛ց սկսվեց Քրիստոսի և Իր աշակերտների առաքելությունը: Հարության երրորդ վկաները Հիսուսի գերեզմանը պահպանող զինվորներն էին, որոնց հրեաները պատվիրեցին ստել, թե իբր երբ իրենք քնած էին, այն ժամանակ Հիսուսի աշակերտները գողացան նրա մարմինը: Եկե՛ք մտածենք, թե մենք այս երեք խումբ ականատեսներից որի՞ն ենք նման այսօր: Սա կարևոր հարցադրում է մեզ համար: Չկարծեք, թե երեքից միայն մեկն ենք. հաճախ պատահում է, որ երեքն էլ միասին ենք: Հաճախ մենք կանանց նման ենք՝ տպավորված, ցնցված ենք Քրիստոսի Հարության մասին ավետարանական պատմությամբ, բայց վախենում ենք այդ մասին վկայել հասարակությանը՝ մտածելով, թե մեզ ոչ ոք չի հավատա: Երբեմն առաքյալների նման ենք, Պետրոսի պես խանդավառ կամ Թովմասի նման, մեր ձեռքերը նույնիսկ դրեցինք Քրիստոսի վերքերի մեջ և հավատացինք՝ նախ վստահանալով Նրա չարչարանքների մեջ և ապա՝ անձնական հանդիպման փորձառությամբ, իսկ այսօր պատրա՞ստ ենք վկայել մեր հավատքի և վստահության համար՝ առաքելական խանդավառությամբ և նահատակության հոգով, թե՞ խուսափում ենք դա անելուց՝ շահադիտական նկատառումներով, ինչպես այդ պահակ զինվորները, որ կաշառքի էին սպասում: Անկե՛ղծ լինենք և որոշենք, թե ում նման ենք. արդյո՞ք նման ենք Մարիամ Մագդաղենացուն, որ առաջինը գնաց գերեզման, կամ Պետրոսի՞ն, որ չսպասեց մինչև Գալիլիա գնալը, այլ վազեց տեսնելու դատարկ գերեզմանը և վկայելու իր եղբայրներին: Իսկ եթե Թովմասի նման կասկածներ ունենանք, բայց սպասենք վստահությանը, Հիսուս Ի՛նքն է գալու մեզ հետ հանդիպման և ամրապնդելու է մեր հավատքը: Եթե Մարիամի նման ենք, ուրեմն մեզ անհրաժեշտ է Սուրբ Հոգու համարձակության շնորհը՝ վկայելու այդ ցնցող փորձառության մասին, որ մեր Տիրոջ Հարությունն է, որ խախտում է բոլոր բնական օրենքները, բոլոր հաշվարկները, որ հակառակ է մարդկային ամբողջ սահմանափակ փորձառությանը: Մեզ անհրաժեշտ է առաքյալների խանդավառությունը, որպեսզի չվախենանք աշխարհի թոհուբոհի և աղմուկի մեջ ազդարարելու այս մեծ Բարի Լուրը, որից կախված է յուրաքանչյուր մարդ արարածի փրկությունն ու երջանկությունը: Հարության մասին Ավետիսի հռչակումն անբաժան է Հիսուսի ամբողջ երկրային կյանքի հռչակումից, որն իր ամբողջականության մեջ մի Սուրբ Խորհուրդ է:

     

    Հիսուս ապրեց երեսուներեք տարի: Բոլորը Հիսուսին ճանաչում էին որպես Հովսեփի և Մարիամի որդին՝ որպես սովորական մի հյուսն: Միայն Մարիամն ու Հովսեփը գիտեին, որ իրենց որդին սովորական չէ: Հիսուսը երեսուն տարեկանում սկսեց քարոզել ապաշխարություն՝ զգուշացնելով, որ Աստծո Արքայությունը մոտեցել է: Ներկայացավ որպես կույրերի աչքերին լույս, խուլերին լսողություն, բանտարկյալներին՝ ազատություն: Այդ երեք տարիների ընթացքում ոչինչ չէր խոչընդոտում Նրան. միայն վերջին շաբաթն էր, որ տարբեր եղավ: Խնդիրները սկսվեցին այն պահից, երբ Հիսուսը սկսեց Տաճարից դուրս վտարել վաճառականներինն, որոնց մեղսակիցներն էին քահանայապետները, փարիսեցիները, որ հովանավորում էին այդ առևտուրը և շահ ունեին դրանից: Տաճարում մնացին միայն հիվանդները և աղքատները, որոնց Հիսուս մոտեցավ և իրականացրեց նրանց տարիների երազանքը՝ բուժվելու իրենց հիվանդություններից և ցավերից: Փասիսեցիներն ու քահանայապետները մտածում էին, թե Հիսուսը դեմ է ուղղադավանությանը, տարօրինակ քայլեր է անում, որ վտանգում է իրենց հեղինակությունը, և որոշում են կայացնում ազատվել Հիսուսից՝ դատապարտելով մահվան: Սա այդ շաբաթվա մեջ ծնված գաղափար չէր, այլ ավելի հին էր: Դա մի մտայնություն էր, որ ոչ միայն հին էր, այլև չնայած Հիսուսի տառապանքին և մահվանը, շարունակվում է մինչև այսօր շատերի մոտ: Դա մի մտայնություն է, որ մարդուն սովորեցնում է իր կյանքը համարել պատահականություն, գնահատել միայն ա՛յս կյանքը և մերժել հավիտենականը, կարևորել միայն սեփական շահն ու հարմարավետությունը՝ ի հաշիվ ճշմարտության և արդարության: Հին Կտակարանում մարգարեներից մեկը գրում է, թե ժողովուրդն իրեն ասում է՝ դու մի՛ մարգարեացիր մեզ համար, հակառակ դեպքում կսպանենք քեզ: Տեսնում ենք, թե ինչպես Արդարը դատապարտվեց անարդարությամբ:

     

    Մի մեծ և անհատակ Սրբազան Խորհրդի առջև ենք՝ խորը թափանցելու համար Հիսուսի չարչարանքների, մահվան և Հարության մասին: Բոլորն ականատես եղան և տեսան Քրիստոսի չարչարանքների ամբողջ անարդար խայտառակությանը: Իսկ Հարությունից հետո Հիսուսը երևաց միայն իր աշակերտներին՝ նրանց, ում ինքն ինքն ընտրեց՝ հոգ չանելով այն մասին, որ բոլորն իմանան, որն Ինքն արդար էր: Թողեց, որ մեծամասնությունը մնա իր տգիտության մեջ՝ և ընտրեց միայն յուրայիններին ու նրանց ուղարկեց քարոզելու Ավետարանը և մկրտելու բոլոր ազգերին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, Մտթ. 28:28:

    Քսանհինգ տարի առաջ նշեցինք հայ ժողովրդի քրիստոնեացման 1700-ամյակը: Այսօր այսպիսի մի հարցադրում եմ ուզում տալ, որի շուրջ հրավիրում եմ մտածել յուրաքանչյուրիդ. արդյո՞ք ինքս ինձ կարող եմ համարել այն առանձնաշնորհյալներից մեկը, որին Քրիստոսն ընտրեց ու հայտնեց Իր մասին իմ կյանքի մի որոշակի ժամանակի մեջ, և արդյո՞ք հավատում եմ, որ Ի՛նքն է Արդարը, Ի՛նքն է Սուրբը, Ի՛նքն է Փրկիչը, Ի՛նքն է իմ կյանքի բոլոր օրերին իմաստ տվողը: Շատ կարևոր է այս հարցադրմանը ճիշտ պատասխանելը:

     

    Երբ Քրիստոս տեղն ու պահը ընտրեց՝ Իր առաքյալներին երևալու համար, ոմանք հավատացին անմիջապես, իսկ ոմանք՝ երկմտեցին: Երկմիտների հավաքական խորհրդանիշն է Թովմաս առաքյալը, որ ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ», Հվհ. 20:25: Հին Կտակարանում կարդում ենք, թե նախ հավատքն է, հետո միայն խոսքը: Թովմասը և ոմանք ևս այդպես չէին, նրանք ուզում էին նախ տեսնել, հետո հավատալ և ապա խոսել: Մենք ո՞ր կատեգորիային ենք պատկանում. կարո՞ղ ենք հավատալ՝ մինչև տեսնելը, թե՞ պետք է տեսնենք, որ հավատանք, ինչպես Թովմասը: Հիսուս Թովմասին պատասխանեց. «Դու հաւատացիր, որովհետև տեսար, բայց երանի՛ նրանց, ովքեր չեն տեսել և սակայն կհաւատան», Հվհ. 20:31:

     

    Քրիստոսի Հարությունը ի՞նչ ազդեցություն է թողնում մեր կյանքում, ի՞նչ է փոխում: Կան երեք բացասական երևույթներ, որոնք անհնարին են դարձնում Տիրոջ Հարության փաստի ընդունումը: Առաջինն այն է, երբ կրոնը դառնում է զուտ բարոյական օրենքների մի հավաքածո. այստեղ շատ դժվար է հավատալ Քրիստոսի Հարությանը: Երկրորդ երևույթն այն է, որ կրոնը դառնում է զուտ գաղափարախոսություն, որտեղ ամեն մեկը պնդում է իր ճշմարտացիությունը, կրոնը դառնում է փիլիսոփայական համակարգերի մի հավաքածո՝ առանց անհատական հանդիպման Քրիստոսի Անձի հետ: Երրորդ մոտեցումն այն է, երբ կրոնի միջոցով մարդուն վերածում են ստրուկի՝ իրավունք չտալով մտածելու և մարդկային կասկածներ ունենալու. օրինակ՝ Քրիստոս հարություն առավ, պետք է ընդունես և վերջ, կարիք չունես այլևս մտածելու: Չորրորդ ճանապարհը, որ միակ ճշմարիտն է, մարդու անհատական հաղորդությունն է Հիսուսի Անձի հետ, անձնական երկխոսությունը, շատ ներհատուկ անձնական կապը, առանց որի նախորդ երեքը մեզ կդարձնեն Քրիստոսի սուտ վկաները և երբեք չենք կարողանա ընդունել ու հասկանալ Քրիստոսի Հարությունը: Աշխարհը կհեռանա մեր կրոնից և կգայթակղվի, եթե մենք չվկայենք Քրիստոսի հետ մեր անձնական մտերմության մասին: Սիրելինե՛րս, աշխատե՛ք ձեր կյանքում առաջնային տեղ հատկացնել Քրիստոսի Անձի հետ ձեր անձնական, խոր մտերմության զարգացմանը, որովհետև դրանից պետք է բխի բարոյական պարտավորությունը՝ պահելու Նրա Խոսքը, պատվիրանները, դրանից են բխելու մեր քրիստոնեական բոլոր գաղափարները և ավետարանական իրադարձությունների շուրջ մեր ողջամիտ կասկածներին պատասխաններ գտնելու հնարավորությունը:

     

    Եկե՛ք խորհդրածենք մի վերջին պատկերի շուրջ, որ Քրիստոսի գերեզմանն է: Յուրաքանչյուրիս կյանքում կան գերեզմաններ, որտեղ թաքնված են դիակներ, նեխվածություն, ապականություն, բայց մի՛ վախեցեք, բացե՛ք այդ գերեզմանի ծանր դուռը, գլորեցե՛ք այն մի կողմ Աստծո շնորհով: Մի՛ վախեցե՛ք և վստահություն ունեցե՛ք առ այն, որ Տերը սպասում է ձեր միայն մեկ ժեստին: Բավական է, որ դուք բացեք դուռը և Տերն Ի՛նքը կմաքրի ձեր ներսն ամեն տեսակ նեխվածությունից: Այդ նախկին գերեզմաններում խավարի փոխարեն այլևս պետք է տեսնեք միայն լույս, որ լուսավորելու է ձեր կյանքի բոլոր դրվագները: Այդ նախկին գերեզմաններն այլևս լցվելու են աստվածության բուրմունքով: Աստծո լույսով պիտի տեսնեք և հասկանաք, թե նախկինում ինչպիսի ստրկություններ կային, որոնցից դուք արդեն ազատվել եք: Ու ինչքան էլ հաստ լինի ձեր ձեռքերի շղթան, որ գործել են մեղքն ու սատանան, ինչքան էլ ծանր լինի գերեզմանի քարը, Տերը դրանք կոտրելու՛ է և բացելու՛ է, եթե դուք կամենաք և բացվեք Նրա առջև սրտով: Բացված գերեզմանը նշանակում է բացված նոր հորիզոններ: Շնո՜րհ ձեզ և խաղաղությու՜ն:

     

    Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց, օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

     

    Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյան

    Առաջնորդ Կաթողիկէ Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի

    5 ապրիլի, 2026թ.,

    Տօն Յարութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի, Սրբոց Նահատակաց Աթոռանիստ տաճար, Գյումրի

Օրացույց

Օրացույց