• Ինչպե՞ս զատորոշել մեղքերը. Տասնաբանյա պատվիրանները, 5-րդը՝ մի՛ սպանիր

    Մարդկային կյանքի միակ սեփականատերն Աստված է:


    Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կյանքը սուրբ է, այսինքն՝ անձեռնմխելի, այս անցողիկ, ապականացու իրականությունից զատման ենթակա, մարդկային իշխանությանը և քմահաճույքին անենթակա մի աստվածային պարգև, որի աղբյուրը միայն Աստված է:

     

    Կաթողիկէ Եկեղեցին ունի մի  հրաշալի փաստաթուղթ, որ կոչվում է «Կյանքի պարգևը»՝ Donum Vitae, հրապարակված 1987թ., և որը պատասխան է տալիս ժամանակակից շատ խնդրահարույց հարցերին, մանավանդ, որդեծնության հարցերի մասին: Այդ փատսաթղթում գրված է. «Մարդկային կյանքը սուրբ է, քանի որ ի սկզբանե իր մեջ կրում է Աստծո արարչական գործը և իր միակ նպատակով ընդմիշտ մնում է Արարչի հետ յուրահատուկ հարաբերության մեջ: Միայն Աստվա՛ծ է կյանքի տերը՝ սկզբից մինչև վերջ. ոչ ոք ոչ մի դեպքում չի կարող յուրացնել իրավունքը՝ ուղղակիորեն ոչնչացնելու անմեղ մարդուն», Donum Vitae, Ներածություն, 5:

     

    Ադամի և Եվայի անհնազանդության, հպարտության մեղքի հետևանքն ավելի ծանր ձևով արտահայտվեց նրանց սերունդների մեջ: Առաջին եղբայրասպանության դրվագը արդար Աբելի սպանությունն է Կայենի կողմից, որի արմատներում դարձյալ նախանձն ու հպարտությունն էր: Կայենին ուղղված կշտամբանքի աստվածային խոսքերում ակնհայտ է դառնում ամբողջ սարսափելիությունը գործված արարքի. «Այդ ի՞նչ արեցիր: Քո եղբոր արյան կանչն աղաղակում է ինձ երկրից: Եվ արդ, անիծյալ ես դու այդ հողի պատճառով, որ բացեց իր բերանը՝ ընդունելու համար քո ձեռքով թափված եղբորդ արյունը», Ծննդ. 4, 10-11: Մարդկային հպարտությունը կուրացնում է մարդու բարոյական և հոգևոր տեսողությունը՝ մարդուն դարձնելով եսակենտրոն և անմտահոգ՝ մերձավորի կյանքի նկատմամբ: Երբ Աստված Կայենին հարցրեց. «Ու՞ր է քո եղբայր Աբելը», Կայենը անհոգաբար պատասխանեց Աստծուն. «Միթե՞ ես իմ եղբոր պահակն եմ», Ծննդ. 4, 9: Աստծո կամքն է, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն կրի իր եղբոր կյանքի և բարօրության համար, ուստի պատահական չէ, որ Աստված այդ հարցը տվեց Կայենին, չէ՞ որ Ինքը գիտեր, թե ինչ էր արել Կայենը: Սպանության մեղքը, ատելությունը միմյանց հանդեպ սկսվում է հենց այս սկզբունքի խախտումից, քանի որ Աստված նախ Ինքն է կրում պատասխանատվություն և մտահոգ է իր յուրաքանչյուր զավակի համար, Իր ստեղծած ամեն մի փոքրագույն արարածի համար, ըստ Տիրոջ խոսքերի, թե նույնիսկ երկու դահեկանով վաճառվող ճնճղուկները գետնին չեն ընկնում առանց Աստծո գիտության և թե «Ձեր գլխի բոլոր մազերն իսկ հաշվված են»: Դժվար թե կարողանանք պատկերացնել մեր երկնավոր Հոր անսահման ցավը՝ նախ ադամական մեղքի և ապա դրա անդառնալի հետևանքների համար. «Այդ ի՞նչ արեցիր», հարցի մեջ նկատելի է այդ ամբողջ ցավի և վշտի տարողութան անչափելիությունը: Սա նաև փաստ է Աստծո հայրական անսահման սիրո՝ ի տես այն տխուր փաստի, թե ինչպես իր զավակներն Իր աչքի առաջ ապականում են իր ստեղծագործության գլուխգործոցը՝ մարդու արժանապատվությունն ու սուրբ կոչումը: Կարևոր մեկ փաստ ևս, Աստված չի ուզում սպանության վրեժը լուծել ևս մեկ սպանությամբ և դրա համար Կայենի խոսքերին, թե «ով պատահի ինձ, կսպանի», Աստված պատասխանում է. «Ո՛չ, ով քեզ սպանի, յոթնապատիկ վրեժի կարժանանա», Ծննդ. 4, 15: Սա նշանակում է, որ Հայր Աստված կամենում է կտրել, դադարեցնել սպանությունների շղթան, անիրավության հանգույցը քանդել և ունենալ նոր մարդկություն, բայց տեսնելով, որ մեղքն ավելի է տարածվում, ջրհեղեղով ջնջում է մարդկությանը՝ մարդու առջև նոր հեռանկար բացելով: Սա էլ չարդարացրեց Աստծո սպասումները և Աստված ոչ թե մարդկությունը ջնջեց, այլ Իր Միածին Որդու արյամբ լվաց մարդկությունը: Տեսե՛ք Արարչի սիրո չափը: Առաջին արդար պատժին փոխարինեց Աստծո ինքնազոհ սերը, որ «ծածկում է բազում մեղքեր», Ա Պտ., 4, 8:

     

    Աստվածային սիրո այս վեհությունն ու Աստծո Որդու անձնազոհությունն է մեզ օգնում հասկանալ, թե ինչպիսի՜ արժեք ունի Աստծո համար մարդկային կյանքը, մարդու արժանապատվությունը, որը հիմնված է աստվածանմանության վրա: Բայդ Աստված մարդուն Իր նման ստեղծելով՝ մարդուն սիրում է հենց իր՝ մարդու՛ համար՝ որպես ինքնին արժեք, որ իր մեջ կոչված է կատարելապես արտացոլելու բացարձակ բարին, սերը, գեղեցիկը և հավիտենական կյանքը: Ընդ որում, յուրաքանչյուր մարդ արարած սա անում է և կոչված է կատարելապես անելու ուրույն ձևով, քանի որ յուրաքանչյուր մարդ աստվածային յուրահատուկ, անզուգական, անկրկնելի մի ստեղծագործություն է՝ կոչված կատարելության՝ միայն իրեն հատուկ ճանապարհով: Մարդկության մեծամասնությունը դեռևս չի բացահայտել իր ուրույն եզակիությունը և իր մեջ աստվածային բարձրագույն արժեքների բացահայտման, զարգացման ամբողջ կարողությունը, որ Աստված ներդրել է յուրաքանչյուր մարդու սրտում և գենետիկ ծրագրում: Մարդն ապրում է իր հոգևոր-բարոյական կարողությունների միայն չնչին մասի մակերեսային գիտակցությամբ և արժևորմամբ: Տիրոջ Սուրբ Եկեղեցու նպատակն է՝ մարդու համար ստեղծել բոլոր հնարավորությունները՝ աստվածատուր այդ կարողությունները բացահայտելու և զարգացնելու համար, որովհետև դա է նշանակում լավագույն ձևով պաշտպանել մարդու կյանքի իրավունքը: Ուրեմն, մարդուն սպանել՝ նշանակում է ոտնձգություն կատարել Աստծո պատկերի, բարության, սիրո և գեղեցիկի մի ուրույն ստեղծագործության նկատմամբ, Աստծո զավակի նկատմամբ, որ կրում է իր Հոր՝ Աստծո պատկերը:

     

    Կյանքի պաշտպանությունը իրավունք է անձի համար և պարտականություն է՝ ուրիշների համար, հետևաբար ինքնապաշտպանության կամ ուրիշների կողմից մեկի կյանքի պաշտպանության համար կատարված հարկադիր բռնությունը կամ սպանությունը մեղք չի համարվում, քանի որ ի սկզբանե սպանելու դիտավորություն չկա, այլ՝ պաշտպանության: Այս սկզբունքի վրա է հիմնված ազգային ինքնապաշտպանական մարտերի, պատերազմում հայրենիքը պաշտպանելու արդարացումը և այս գործում նահատակությունը. այս է պատճառը, որ Հայ Եկեղեցում Վարդանանք և Ղևոնդյանք սուրբ են հռչակված:

     

    Եկեղեցին կյանքի իրավունքը պաշտպանում է ոչ թե երեխայի ծննդից, այլ ավելի առաջ՝ մոր արգանդում ձվաբջջի բեղմնավորումից՝ զիգոտի առաջացումից սկսած մինչև մարդու խոր ծերություն՝ բնական մահը: Առայժմ միջազգային բարոյական և իրավական պրակտիկայում միայն Կաթողիկէ Եկեղեցին է, որ կետ առ կետ մշակել է նախածննդյան շրջանում երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության դրույթներ , որոնք արտահայտում են Եկեղեցու ուսմունքը, ինչպես նաև համահունչ են Երեխայի իրավունքների պաշտպանության հռչակագրին (1959թ.) և կոնվենցիային (1989թ.), որտեղ սակայն այդ մասին ընդամենը մեկ կետ կա: Իսկ քաղաքացիական օրենքներում նախածննդյան շրջանում երեխայի իրավունքների պաշտպանության մասին կամ ընդհանրապես դրույթներ չկան, կամ կան միայն մասամբ                 պաշտպանող    դրույթներ:    Ավելին,     պետությունների    մեծամասնությունը     թույլատրում    է                 հղիության արհեստական ընդհատումը՝ աբորտը, նաև՝ ըստ մոր ցանկության: Կան երկրներ, որտեղ կաթողիկէ հավատքից մղված ջանում են օրենսդրական արգելքներ սահմանել աբորտների նկատմամբ, բայց որոշ կազմակերպություններ պայքարում են այսպես կոչված «աբորտի իրավունքի» օրինականացման համար: Մինչդեռ սա նշանակում է պարզապես մանկասպանության իրավունք, ինչը մարդասպանության ծանրագույն մի ձև է՝ անկախ մոր արգանդում ձևավորման փուլից, այսինքն մարդկային էմբրիոնի տարիքից: Էմբրիոնը իր կյանքի առաջին վայրկյանից Աստծո եզակի մի ստեղծագործություն է՝ պարգև և արդեն իսկ անհատականություն, թեև ֆիզիկապես և հոգեպես դեռևս սաղմնային փուլում. «Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ, դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ», ասում է Տերը՝ Երեմիա մարգարեին, Երմ. 1, 5: Ցավով պետք է ասել, որ աբորտը այնքան սովորական բան է դարձել մանավանդ սովետական և հետսովետական հասարակությունների մեջ, որ շատերի համար սպանություն չի համարվում, այլ վաղուց ի վեր անցանկալի հղիության կանխման միջոց է դիտարկվում, ինչը ծանր մեղք է: Հարկավոր է անդրադառնալ այս մեղքին, գիտակցել, ցավ ապրել ու զղջալ արածի համար և չփնտրել տարբեր արդարացումներ՝ Աստծո առաջ մաքուր երևալու համար: Ոչ մի սոցիալական վիճակ չի կարող արդարացնել սպանության մեղքը: Կյանքի իրավունքի պաշտպանությունը կամ «Մի՛ սպանիր» պատվիրանը մերժում է նաև ինքնասպանությունը և էվթանազիան: Մարդն իրավունք չունի խլելու նաև իր սեփական կյանքը: Կյանքի շնորհման և խլելու իրավունքը պատկանում է բացառապես Արարչին, որ սակայն երբեք չի ուզում իր ստեղծած որևէ արարածից խլել կյանքը, քանի որ համակ սեր է. «Աստված սեր է», Ա Հվհ. 4, 8: Եկեղեցին ևս կոչված է սիրով փայփայելու և պաշտպանելու մարդկային կյանքը: Սա ենթադրում է ոչ միայն սպանության արգելքը, այլև՝ այնպիսի վերաբերմունքը, որը կարող է մարդուն հասցնել բարոյական կամ հոգեբանական անկման, և որ ավելի սարսափելի է, մահվան: Այդ է պատճառը, որ Տերն առավել վսեմ մեկնություն է տալիս «Մի սպանիր» պատվիրանին՝ ասելով. «Լսել ե՞ք, թե ինչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր»…բայց ես ձեզ ասում եմ, ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի…», Մտթ. 5, 21-22: Ավելին Տերը պատվիրում է ընդհանրապես վրեժխնդիր չլինել և չարին հատուցել միայն բարությամբ, աղոթքով և օրհնությամբ: Միայն այսպես կարելի է կանխել չարի տարածումը և հաղթել մահվանը, ճիշտ ինչպես Տերը հաղթեց իր Զոհաբերությամբ: Ուրեմն, սրանից սովորում ենք, որ սպանելը սկսվում է վիրավորանքից, ատելությունից: Մեկ բառն անգամ կարող է սպանել կամ առնվազն քանդել, տրտմեցնել, ինչ-որ բան մեռցնել մարդկային հարաբերություններում, երեխայի ապագայի մեջ, ընտանեկան սիրո կյանքում, սպանել հույսը: Տերը մեզ պատվիրում է ամեն ինչ բուժել հենց արմատից: Տերը բուժում էր ոչ միայն չարիքի արմատը՝ մեղքը, այլև հաղթում էր ամենածանր հետևանքը՝ մահը՝ հարություն տալով մեռելներին. «Ես եկա որպեսզի կյանք ունենան և առատորեն ունենան», Հվհ. 10, 10:

     

    Եվ վերջապես, եթե ուզում ենք չսպանել, որպես Քրիստոսի աշակերտներ, պետք է աշխատենք խաղաղություն հաստատելու ուղղությամբ: «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն», Մտթ, 5: Քրիստոս մեզ տալիս է Իր խաղաղությունը, որն այս աշխարհից չէ, մշտնջենական է, միայն այդ խաղաղությամբ է, որ կարող ենք արմատախիլ անել մեր սրտերից ատելությունը, թշնամանքը, վերջ տալ պատերազմներին: Այդ խաղաղությունն է, որ բխում է Քրիստոսի խաչից, որով մեզ բոլորիս հաշտեցնում է Հայր Աստծո հետ:

Օրացույց

Օրացույց