• Ի՞նչ է մեղքը. Մեծ Պահոց խորհրդածություն 4

    «Կլինեք աստվածների նման», ասաց չարը:


    Մեծ Պահքի այս երկրորդ շաբաթը մենք սկսեցինք առաջին մեղսագործության մասին խորհրդածությունից, որը պատճառ եղավ Ադամի արտաքսմանը՝ Էդենի պարտեզից: Այս փաստը, որի մասին պատմում է Ծննդոց գրքի 3-րդ գլուխը, բեկումնային դարձավ ամբողջ մարդկության համար: Մեղքը, որ գործեցին առաջին մարդիկ, վնասեց մարդկային բնությունը՝ հոգին և մարմինը՝ մարդուն ամբողջությամբ. Արարչի պատկերը մարդու մեջ մնաց անջնջելի, բայց մարդը կորցրեց Արարչի հետ իր նմանությունը՝ սրբությունը, անապականությունը, մարմնի լիարժեք տիրապետումը բանականության կողմից, աստվածային կամքի հետ լիակատար ներդաշնակությունը: Այս բոլոր գանձերը, որոնք մարդն ուներ որպես նվեր՝ Աստծո կողմից, կորան, մարդը հայտվեց աքսորյալի կարգավիճակում, Էդենի պարտեզին փոխարինեց Աստծո կողմից մարդու մեղսագործության պատճառով այլևս անիծված երկիրը, որտեղ մարդն իր երեսի քրտինքով պետք է մշակեր հողը, որն աճեցնում էր փուշ ու տատասկ, կինը ցավերով պետք է ունենար իր զավակներին: Առաջին մարդիկ իրենց վնասված, մեղքի հետևանքով  թուլացած,  աստվածատուր արժանապատվությունը վիրավորված մարդկային բնությունը որպես ծանր ժառանգություն փոխանցեցին իրենց սերունդներին: Սա է պատճառը, որ յուրաքանչյուր մարդ արարած, որ լույս աշխարհ է գալիս, ծնվում է՝ ժառանգած ադամական կամ նախնական մեղքը, ծնվում է վնասված, մահկանացու մարդկային բնությամբ՝ ենթակա ամեն տեսակ հիվանդությունների և մահվան: Ավելին, մարդկային թուլացած կամքի, գիտակցության անզորության, ազատության սխալ ընկալման և կիրառության պատճառով, մեղքը սկսեց տարածվել ամենատարբեր դրսևորումներով՝ Կայենի եղբայրասպանությունից և անհատական մեղքից վերածվելով հասարակական մեղքի՝ մեծամասշտաբ պատմական հետևանքներ ունենալով և կանխորոշելով մարդկության ճակատագիրը, զարգացման ընթացքը, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, բարոյական լճացումն ու հետընթացը, որն ահռելի ծավալներ ստացավ նաև քրիստոնեական դարաշրջաններում՝ քրիստոնեության ընդունած ժողովուրդների կյանքում, տեխնոլոգիաների զարգացման, նորանոր հայտնագործությունների, սոցիալական հարաբերությունների, կապի միջոցների առավել հարստացմանը զուգահեռ: Վերջիններիս զարգացումը մեծ թափով առաջ է ընթանում՝ առանց մարդկության բարոյական կամ հոգևոր նույնպիսի արագ զարգացման, կամ հաճախ՝ վնասելով մարդու բարոյական նկարագրին, երբ մարդն օգտագործում է նոր տեխնոլոգիաները՝ մեղքն առավել լայն հնարավորություններով տարածելու և գործադրելու նպատակով: Ողբերգականորեն, մարդկային երևակայությունը շատ ավելի մեծ խանդավառությամբ է գործում հենց մեղքի տարածման դաշտում: Մարդու հետաքրքրասիրությունը մեղքով և դրա ամբողջ այլանդակությամբ գերազանցում է մարդու հետաքրքրասիրությանը հոգևորով և սրբությամբ: Սա հիշեցնում է հռոմեական կրկեսներում հավաքված ամբոխին, որին կայսրերը կարողանում էին կառավարել գլադիատորների և գազանների մարտերի և պարտադիր սպանությունների տեսարաններով և ասում էին. «Ի՞նչ է ուզում ամբոխը. հաց և տեսարաններ»: Մարդուն հաճախ թվում է, թե միայն ի՛նքն է իր կյանքի, իր հնարավորությունների միակ ճարտարապետը և ստեղծված է ամենակարող լինելու համար: Հին օձը մինչև հիմա շարունակում է մարդուն խաբել: Առաջին կնոջ հետաքրքրասիրությունը արգելված պտղով մինչև հիմա կենսունակ է մարդու մեջ: Մարդը դաս չի քաղել առաջին մեղսագործության աստվածաշնչյան պատմությունից. գուցե, այն պատճառով, պարզապես մի առասպել է համարում այդ պատմությունը: Մինչդեռ Ծննդոց 3-րդ գլուխը տալիս է աշխարհում մեղքի և չարի գոյության մեր բոլոր հարցերի պատասխանները: Գուցե, մենք ակնկալում ենք այսօրվա լեզվով մի պատասխան, բայց դրանից չի փոխվում այն իրականությունը, որ այսօր էլ սատանան կարողանում է մեզ խաբել՝ օգտվելով մարդու միամտությունից և եսասիրության, փառասիրության պատրանքից, որոնք բոլոր տեսակի մեղքերի սկիզբն են: «Կլինեք աստվածների նման», ասաց չարը և մինչև այսօր շարունակում է այդպես շշնջալ և՛ ընտանիքներում, և՛ դպրոցներում, և՛ մարդկային հարաբերությունների ավելի լայն համատեքստում, և՛ նույնիսկ աղոթողի ու հավատացյալի ականջին:

     

    Առաջին մեղսագործության պատմությունը մեզ հստակ բացատրում է, որ մեղքը մարդու գիտակից անհնազանդությունն է Աստծո խոսքին: Մեղքը գիտակցաբար դեմ գնալն է աստվածային կամքին: Մեղքը նշանակում է ասել ոչ՝ Աստծո հետ մտերմությանը, ասել ոչ՝ Աստծո հայրական սիրուն, ասել ոչ՝ Աստծո հետ մտերմությանը, բարեկամությանը, ասել ոչ՝ Աստծո կողմից մեզ մեկնված ամենազոր ձեռքին, որ մեզ ուզում է տանել դեպի երջանկություն: Մեղքն, այսպիսով, նշանակում է առանց հասկանալու ասել ո՛չ՝ հավիտենական կյանքին: Մեղքը մարդու կողմից միայն սեփական կամքով կամ ուրիշների թելադրանքով առաջնորդվելն է: Եվ մեղքը սկսվում է այն մտածումից, թե այսպես ինձ ավելի հարմար է, հաճելի է, այսպես ե՛ս եմ մտածում, սա ի՛մ իրավունքն է, այսպես դրսևորվում է ի՛մ եսը, իմ ճաշակը, իմ ազատությունը, այսպես անելով՝ ես ապրում եմ որպես անհատականություն, որ տարբերվում է ուրիշներից, այսպես ես առանձնանում եմ մոխրագուն բազմությունից, և այլն … Մեղքի արդարացումները, թերևս, ավելի շատ են, քան մեղքի տեսակները: Մեղքն ազատության, ուժի, ինքնուրունության, իմաստության, իշխանության, երջանկության պատրանք է ստեղծում, բայց իրականում դրանք չարին գերության ձևեր են, դա մի «ազատություն» է, որն առաջարկում է չա՛րն աշխարհին և այդպիսով դառնում «այս աշխարհի իշխանը», ինչպես Տերն է անվանում:

     

    Եթե մեղքի պատճառը անհնազանդությունն է Աստծո կամքին, ինչպես մի չարաճճի երեխա չի հանազանդվում իր ծնողի հորդորներին, ապա անհնազանդության պատճառը շատ ավելի խորն է՝ նախանձը: Նախանձն է, որ սատանային դարձրեց Երկնքից վտարված դև, որ նախքան Աստծո դեմ ապստամբելը մի հրեշտակ էր: Սատանան նախանձեց Աստծո ամենակալ զորությանը, որը սակայն կատարյալ սիրո և բարության արտահայտություն է: Նախանձն է, որ սատանային մղում է կործանելու Աստծո արարչագործության գլուխգործոցը՝ մարդուն: Եվ նախանձն է, որ մարդուն դրդեց ճաշակել արգելված պտուղը: Ինչու՞ միայն Աստված գիտի չարն ու բարին, ինչու՞ միայն Աստված է ամենակարող: Սատանան իր նախանձը վերագրեց Աստծուն, թե իբր Աստված նախանձում է մարդուն և չի կամենում մարդու հզորությունը, և այդ նույն նախանձը սերմանեց մարդու սրտում: Նախանձը միշտ փնտրում է սեփական շահը և ինքն իրեն ուղղում այդ նույն հարցը՝ ինչու՞ ոչ ես: Այսինքն, մարդն ինքն իրեն վերագրում է գրեթե ամեն ինչի իրավունքը, ընդհուպ մինչև կյանք ստեղծելու, կյանք խլելու իրավունքը: Նախանձն ու հպարտությունն այս իմաստով նույնն են և ծնում են մյուս բոլոր մեղքերը: Այդ զգացումները մերկացրին մարդուն իր հոգևոր և բարոյական առաքինություններից, որովհետև առանձնության, ուժի ձգտումը մարդուն վտարեց Աստծո հետ հաղորդությունից, միությունից.մարդը մերժեց Աստծո կամքը՝ հաստատելու համար իր սեփական կամքը: Իսկ աստվածային կամքին հնազանդվելը մարդու համար միակ հնարավոր և լիակատար ազատությունն է, երջանկության միակ երաշխիքը, զորության միակ աղբյուրը, որից զրկվելով՝ մարդն ինքն իր համար դարձավ անկառավարելի, անհասկանալի: Մարդկային ամբողջ պատմությունը մարդու ճշմարիտ ինքնության, կյանքի իմաստի փնտրտուք է: Ոչ մի փիլիսոփայական տեսություն, ոչ մի ոչ քրիստոնեական կրոնական համակարգ չի կարողացել մարդուն հստակ բացատրել, թե ով է ինքը և ինչի համար է ապրում, եթե ոչ միայն քրիստոնեությունը, միայն Քրիստոս՝ իր նվիրյալների սուրբ ընտանիքի՝ Սուրբ Եկեղեցու միջոցով, որին չարիքն ու մեղքը չեն կարող հաղթահարել ըստ Տիրոջ խոսքի՝ Մտթ. 16, 18: Սա նշանակում է, որ սատանան մեղքի միջոցով, մարդուն Քրիստոսից հեռացնելու միջոցով ջանում է մարդուն գցել հուսահատության, աբսուրդի, անտարբերության, ապատիայի թմբիրների մեջ, որպեսզի մարդն անգամ չհասկանա, որ ինքն ապրում է մեղքի գերության մեջ: Մեղքը դարձնել հաճելի և ներկայացնել այլ անուններով.ահա՛ սատանայի մեծագույն նվաճումը: Սրանից մի շատ էական հետևություն կարող ենք անել՝ այն, որ մեղքի ամբողջ խորությունը և էությունը երբեք չենք կարողանա հասկանալ, եթե ոչ՝ միայն Տեր Հիսուս Քրիստոսի Անձի, կյանքի, խաչի և մանավանդ Հարության լույսի ներքո, ինչպես մեզ սովորեցնում է Սուրբ Եկեղեցին: Այս մասին կխոսենք հաջորդ անգամ:

     

    Խնդրենք Աստվածամորը, որ մեզ առաջնորդի դեպի մեղքի ճշմարիտ ընկալում, որպեսզի կարողանանք միշտ և կտրուկ մերժել մեղքի ամեն տեսակ դրսևորում.ամեն:

Օրացույց

Օրացույց