• Ինչպե՞ս զատորոշել մեղքերը․ Տասը պատվիրանները,1-ը և 2-րդը, շարունակություն

    Ամենատարածված կռապաշտությունը սեփական «ես»-ի պաշտամունքն է։


    Այսօր շարունակելու ենք խորհրդածել Տասնաբանյա պատվիրանների մասին, ի մասնավորի, Առաջին պատվիրանի մասին, որն է. «Ես եմ քո Տեր Աստվածը»:
    Նախորդ անգամ խոսում էինք աստվածաբանական երեք առաքինությունների մասին՝ հավատի, հույսի և սիրո, դեմ գործված մեղքերի մասին: Այս երեք հիմնարար առաքինությունները հիմք են ստեղծում բարոյական առաքինությունների գործադրման համար, որոնցից շեղումը ևս մեղքեր է ծնում:
    Հավատքից ծնվում է Աստծուն երկրպագելու գործողությունը, որն առաջին պատվիրանի գործնական ապրումն է: Երկրպագել Աստծուն՝ նշանակում է ճանաչել Աստծուն՝ որպես միակ Տեր և Արարիչ, խոնարհեցնել սեփական անձը: Երկրպագությւոնը քրիստոնյաներս կատարում ենք և անհատական և ծիսական աղոթքների միջոցով՝ առանձին կամ մյուս հավատացյալների հետ միասին, նաև կոչված ենք կատարելու որոշ զոհաբերություններ՝ ոչ թե կենդանական, այլ հոգևոր՝ ինքներս մեզ նվիրաբերելով Տիրոջը, և ապաշխարության տառապանքներ կրելով, ըստ սաղմոսի խոսքի. «Աստծո պատարագը խոնարհ հոգին է», Սղմ. 50, 19: Մեր պաշտամունքային կյանքը և զոհաբերությունները լիարժեք կլինեն, եթե այն միացնենք Քրիստոսի Սուրբ Զոհաբերությանը, որ կատարեց խաչի վրա և շարունակում է կատարել Սբ. Պատարագի ժամանակ: Ուրեմն, պաշտամունքային կյանքին չմասնակցելը խախտում է առաջին պատվիրանը, ուստի մեղք է:
    Աստծո հանդեպ հարգանքի և պաշտամունքի ձևեր են նաև խոստումը և ուխտը: Սովորաբար, քրիստոնյան Աստծուն խոստումներ է տալիս Մկրտության, Խոստովանության, Պսակադրության և Քահանայական ձեռնադրության խորհրդակատարությունների ժամանակ, որոնք պարտավորվում է պահել, հակառակ դեպքում մեղսագործում է ընդդեմ առաջին պատվիրանի: Խոստման առավել պարտավորեցնող ձև է ուխտը, այսինքն՝ մի պայմանադրություն Աստծո հետ՝ նվիրվելու վանական կյանքին, մնալու կուսակրոն, ողջախոհ, խստորեն պահել ավետարանական պատվիրանները, աղքատությունը, հնազանդությունը: Ուխտերը կարող են լինել ժամանակավոր կամ մշտնջենական: Դրանց խախտումը վիրավորանք է Աստծո նկատմամբ, ուստի և՝ մեղք: Իսրայելացիների հետ Աստված Ինքը հավատարմության ուխտեր կնքեց, որոնք նրանք դրժեցին՝ ուրանալով Տիրոջը և պաշտելով այլ աստվածների: Տերը նրանց հետ և մեզ հետ կնքեց նոր ուխտ՝ Իր Որդու Արյամբ, որը մենք բոլորս՝ Մկրտության վայրկյանից ստանձնում ենք պահել մինչև մահ: Այդ ուխտը ենթադրում է պաշտել միակ Աստծուն՝ Քրիստոսի նմանությամբ, նմանվել Քրիստոսին և լինել սուրբ: Յուրաքանչյուր մեղսագործություն նշանակում է նաև այս ուխտի դրժումը կամ արհամարհումը. մենք պարտական ենք Քրիստոսի Արյանը: «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ հեղվում է ձեր և շատերի մեղքերի թողության համար». ասում է Հիսուս ավետարանում և այսպես աղոթում ենք Սբ. Պատարագի ժամանակ՝ գինին սրբագործելիս: Ուրեմն, Սբ. Պատարագին չմասնակցելը ևս մեղք է:

    Առաջին պատվիրանը մարդուն արգելում է պաշտել այլ աստվածների, կուռքերի և ծառայել նրանց: Այս պատվիրանը միայն հին ժամանակներին չի վերաբերում և կամ միայն իսրայելացիներին շրջապատող հեթանոսական ազգերին, որոնք պաշտում էին բազում աստվածների և ձեռակերտ կուռքերի: Այսօր, գուցե ձեռակերտ կուռքեր չկան, արձանիկներ չեն պաշտում, բայց կան մերօրյա հեթանոսներ, նաև՝ հայ հասարակության մեջ, ովքեր ջանում են վերածնել հեթանոսական աստվածությունների պաշտամունքը և ուրանում են քրիստոնեությունը: Կան նաև սատանայապաշտներ: Կռապաշտություն է նաև, երբ փողը, իշխանությունը, հաճույքը, նախահայրերը, պապերը, ցեղը, ազգը դառնում են պաշտամունքի առարկա, իսկ Աստված մղվում է երկրորդ պլան կամ կարևորվում է այնքանով, որքանով, որ օգտակար է, ասենք, ցեղին, ազգին կամ այլ մարդկային խմբի բարեկեցությանը: Սա նշանակում է արարածներին վեր դասել Արարչից, ինչն, իհարկե, ծանր մեղք է և մարդկային սնապարծություն, եսամոլություն: Իսկ ամենատարածված կռապաշտությունը սեփական «ես»-ի պաշտամունքն է, կամ մարդու անձի պաշտամունքը, ինչին քաջածանոթ է մանավանդ, նախկին սովետական տարածքի հասարակությունը: Թերևս, լավ կլինի, որ հաճախակի ազնվորեն քննենք ինքներս մեզ՝ հասկանալու համար, թե արդյոք մեր «ես»-ը մեզ համար ավելի կարևոր, գրեթե պաշտելի չէ, առավել քան Աստված: Մարդ, որ իր սեփական կարծիքը ամեն բանից առավել է կարևորում, սովորական մի կռապաշտ է և ոչ թե իմաստուն: «Իմաստության սկիզբն Աստծո հանդեպ երկյուղն է», Առ. 1, 7:

    Շատ երիտասարդներ նաև սիրում են կրել ինչ-ինչ քարեր, ապարանջաններ, աչքահուլունքներ, որոնց վերագրում են գերբնական պահպանիչ կամ ճակատագրական ազդեցություններ, որը դարձյալ կռապաշտության մի ձև է և շատ տարաշված: Սրանք ոչ մի կապ չունեն աստվածայինի հետ և չարից են մեզ մատուցվում՝ թուլացնելու համար մեր ամբողջական վստահությունը Աստծուն:

    Առաջին պատվիրանի դեմ է գուշակությունը, որն Աստծո հանդեպ վստահության պակասի կամ բացակայության մասին է վկայում: Աստված ապագայի մասին կանխասացության շնորհներ է տալիս մարգարաներին և սրբերին, բայց ոչ՝ ամեն մարդու, որ գուշակի համբավ է ստեղծում իր համար: Սխալ է, երբ քրիստոնյան Աստծուն ապավինելու փոխարեն հետաքրքրված է իր ապագայով և դիմում է անձանց, որոնք սատանայի կամակատարներ են: Հարկավոր է կտրականապես մերժել երազահանությունը, հորոսկոպները, աստղագուշակությունը, խիրոմանտիան, պայծառատեսության տարատեսակ ձևերը, մոգությունը, որի միջոցով մարդիկ գործարքի մեջ են մտնում դիվական ուժերի հետ, այսպես կոչված միջնորդների կամ մեդիումների միջոցով, որոնք փորձում են մարդու հետաքրքրությունը կլանել օկկուլտային ուժերի միջոցով և գերել նրանց, կամ մոգական հնարքներով վնասել մարդկանց, ազդել հոգեբանության վրա: Սրանք բոլորը սատանայի հնարանքներն են, որոնցով սա միշտ ուզում է գրգռել մարդու սին հետաքրքրասիրությունը և մատուցել արգելված կործանարար պտուղներ:

    Աստծո հանդեպ թերահավատության արտահայտություն է Աստծուն փորձելը: Երբ սատանան ուզում էր դրդել Հիսուսին փորձել Աստծուն և ինքն իրեն վայր նետել աշտարակից, Հիսուս նրան պատասխանեց. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես», Մտթ. 4, 1-10:

    Ծանր մեղք է սրբապղծությունը, երբ անհարգալից կամ արգահատելի վերաբերմունք է ցուցաբերվում սրբերի, սրբապատկերների, եկեղեցիների, սրբավայրերի հանդեպ, առավել ևս՝ Սուրբ Հաղորդության հանդեպ: Այս առումով ոչ պատշաճ պահվածքը, զրույցները, բամբասանքը եկեղեցում, Սուրբ Սեղանի առջև, Սբ. Հաղորդությունը ճաշակելիս, սրբապղծության արտահայտություններ են՝ թեթև կամ ծանր: Դրանք նշանակում են Աստծո հանդեպ երկյուղածության, պատկառանքի պակաս կամ ի սպառ բացակայություն:

    Մեկ այլ ծանր մեղք է սիմոնականությունը, որը գալիս է Սիմոն մոգի պատմությունից (Գրծք. 8, 9-24), որ ուզում էր փողով առաքյալներից գնել աստվածային շնորհը: Այս մեղքն է գործում ամեն ոք, ով ուզում է փողով գնել հոգևոր բարիքներ, պահանջել խորհրդակատարություններ, կամ գործում են քահանաներ, ովքեր դրամ են պահանջում՝ աղոթելու համար. Կաթողիկէ Եկեղեցու կանոնագիրքն արգելում է հոգևորականներին աղոթքների համար հավատացյալներից պահանջել գումարներ իսկ, չսօպտանալու դեպքում, հրաժարվել աղոթել պատշաճ ձևով: Բայց, պետք է հստակեցնել, որ հավատացյալներն ունեն հոգևոր պարտականություն՝ ապահովելու եկեղեցիների և հոգևորականների ապրուստն ու կարիքները՝ կամավոր նվիրատվություններով, որոնց չափը կարող է սահմանվել եկեղեցական իշխանությամբ (ՔԿԵ, 2122):

     

    Երկրորդ պատվիրանը. «Աստծո անունը զուր տեղը չտաս»

     

    Աստծո անունը սուրբ է, հետևաբար, հարկ է ամենայն երկյուղածությամբ և զգուշությամբ վերաբերվել և արտաբերել միայն տեղին և պատշաճ պայմաններում և նպատակներով: Ավելին, հարկ է պաշտել և երկրպագել Աստծո անունը՝ այսինքն ինքնին «Աստված», «Տեր», «Է», «Յահվէ», «Հիսուս Քրիստոս» բառերը, նաև հարգանքով արտաբերել Սուրբ Կույս Մարիամի և բոլոր սրբերի անունները, հրեշտակների անունները: Աստծո անունը չենք կարող օգտագործել այլ կերպ, քան միայն փառաբանելով և գովերգելով, աղոթքներով և շարականներով: Սա նշանակում է՝ չի կարելի Աստծո անունն արտաբերել՝ մեղադրելով Նրան, չարախոսելով, ատելությամբ, կատակների մեջ, Աստծո հետ կապ չունեցող զրույցներում, անեծքների մեջ, մոգության և գուշակությունների մեջ: Հատուկ զգուշությամբ պետք է օգտագործել Աստծո և սրբությունների անունները համացանցում, սոցիալական ցանցերում, որտեղ սրբությունը հաճախ արհամարվում է, պղծվում, իջեցվում կենցաղային և գռեհիկ զրույցների, վիրավորանքների մակարդակին: Ցավալի է, որ գործված ծանր մեղքն այս պարագայում չի էլ նկատվում:

    Շատ կարևոր է մանրակրկիտ ձևով նախ մտքերի, ապա և բառերի մեջ հստակ զատորոշել Աստծուն, Եկեղեցուն և սրբություններին վերաբերող ճշմարտությունները կենցաղային իրողություններից, որոնք կարող են պղծել կամ արժեզրկել այդ սրբությունները: «Սրբի հետ սուրբ պիտի լինես», գրված է Սուրբ Գրքում: Բայց հաճախ է պատահում, որ սրբության անուն լսելիս՝ մարդիկ զգաստանում են, բայց հաջորդ րոպեին, կամ եկեղեցուց դուրս գալուց հետո շարունակում պղծել իրենց լեզուն և միտքը: Սրբության զատորոշումը պետք է լինի՝ Աստծո և Նրա սրբությունների հանդեպ սիրո և նվիրման, սրբազան պատկառանքի արդյունք, ոչ թե պարզապես սրբություններին մեր կյանքից անջատելու և ինքնահոսի մատնված մեր կյանքը շարունակելու ցանկության արտահայտություն: Որովհետև այդ պարագայում, մեր կյանքն ինքնի՛ն դառնում է հայհոյանք, սրբապղծություն, որովհետև մե՛նք ենք կոչված լինելու սրբության կրող կենդանի անոթներ, «կենդանի հոգևոր վեմեր՝ Աստծո տաճարում», ինչպես գրում է Պետրոս առաքյալը: Հետևաբար զգույշ լինենք, որ ոչ մի կերպ թե՛ կյանքով, թե՛ խոսքով չարատավորենք Աստծու սրբությունները և մեր սրբության կոչումը: Հիշենք Հիսուսի խիստ արմատական այս խոսքը. «Ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի: Ով Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ՝ հանդերձյալում…», Մտթ. 12, 31-32:

     

    Տ․ Հովսեփ Քհն․ Գալստյան

Օրացույց

Օրացույց