• Առաջնորդ Հոր այցելությունը՝ Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոց

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
    6 փետրվարի, 2025թ.


    2025թ. Փետրվարի 6-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն այցելեց Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոց՝ տնօրեն Հ. Մարիո Կուկարոլլոյի հրավերով: Սրբազան Հորն ուղեկցում էին Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանը, Գերպ. Հ. Հովհաննես Վրդ. Մելիքյանը և Արժ. Տ. Հովսեփ քհն. Գալստյանը: Հիվանդանոցի անձնակազմը հոգևորականներին դիմավորեց աղուհացով և մեծ բերկրանքով: Նախ կատարվեց հիվանդանոցի օրհնության կարգ, ապա մատռան մեջ Սրբազանը ողջույնի խոսքով դիմեց անձնակազմին՝ նախ շնորհակալություն հայտնելով Հ. Մարիո Կուկարոլլոյին և փոխտնօրեն Հասմիկ Համբարյանին՝ հրավերի համար: Նա ասաց.

    «Հակառակ բոլոր դժվար օրերին, ժողովուրդն իր հավատքը պահել է: Հրաշքներ են տեղի են ունենում: Մենք՝ որպես հայեր, քրիստոնյաներ, հավատացյալ ժողովուրդ, շատ լավ գիտենք, որ որտեղ տեխնիկան, գիտությունը չեն կարողանում հաջողություն ունենալ, երբեմն պարզ աղոթքն է, որ հաջողվում է, և հիվանդը բժշկվում է: Գիտակից եղե՛ք, որ այս հիվանդանոցում, այս փոքրիկ անկյունում, որտեղ աշխատում եք, օրը «Հայր Մեր»-ով սկսելը և ավարտելը մի հատուկ ուժ է տալիս ձեզ, որը երբեմն փոխարինում է ողջ այդ տեխնիկային: Երբեմն մի անձի, հիվանդապահի, բուժքրոջ ժպիտը, ուրախությունը այնպիսի հրաշալի ուժ ունի, որ դեղերից, ներարկումներից, նորագույն գործիքներից առավել է: Մեկ հայացքը, մեկ լուռ ու մունջ ժպիտը՝ նրան, ով չի կարող ոչ ծիծաղել, ոչ խոսել, կարող է հրաշք գործել: Ժպիտը շատ լավ են կարդում աչքերը, և այն շատ մեծ ուժ ունի: Ձեզ մաղթում եմ բարի առաքելություն: Դուք երկու առաքելությամբ եք այստեղ՝ ձեր բժշկական, տեխնիկական պատրաստվածությունը, երկար տարիների փորձառությունը և դրա կողքին նաև ձեր հավատացյալ լինելը»:

    Տնօրինության սենյակում նաև տեղի ունեցավ ջերմ զրույց՝ Սրբազան Հոր և հիվանդանոցի բուժանձնակազմի միջև: Սրբազանը պատմեց իր հիշողությունները 1990-ականների սկզբների մասին, երբ դեռ որպես ճեմարանական, ներկա է եղել հիվանդանոցի հիմնադրմանը, և ասաց, որ ուրախ է, որ արագ կառուցված և կարճ ժամանակի համար նախատեսված այդ հիվանդանոցը մինչև հիմա արդյունավետ ծառայում է տեղի ժողովրդին: Հայր Մարիոն ևս կիսվեց իր մտքերով և գնահատանքի խոսք ասաց անձնակազմի մասին՝ հատկապես, հիշելով քույր Նոյել Լոքաթելլիին՝ ֆրանսուհի այդ անխոնջ միաձնուհուն, որ իր կյանքի մի մասը նվիրեց այդ հիվանդանոցին: Նա պատմեց, որ դժվարին ընթացք է ունեցել հիվանդանոցը, սրբագրել է որոշ սխալներ և թերություններ՝ հիվանդանոցի աշխատանքն առավել համապատասխանեցնելով հոգևոր և առողջապահական այն նպատակին, որով այն հիմնվեց Սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի կողմից, 33 տարի առաջ:

    Վերջում տեղի ունեցավ հիվանդանոցի նոր շտապօգնության մեքենանների և վարորդների օրհնության կարգ:

     

     

Օրացույց

Օրացույց