• Գարուն, որ կարմիրով ներկուեց հայ ժողովրդի կեանքում

    «Մի՛ փնտռէք հայերին ցեղասպանութեան գրքերի մէջ, նրանք այնտեղ չեն, այլ յարութիւն առան Քրիստոսի հետ»:


    «Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,

    Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս՝ ապրիլի 24-ին Հայաստանում եւ աշխարհում միլիոնաւոր հայեր ոգեկոչում են Հայոց Եղեռնի անմահ զոհերի յիշատակը՝ ասելու, թէ մենք կանք եւ պիտի շարունակենք արդարութեան ձայնը բարձրացնել խուլ ձեւացող եւ լռութիւն պահպանող այս աշխարհում:

     

    Օսմանեան Կայսրութիւնը 107 տարի առաջ որդեգրեց հայերին երկրի երեսից բնաջնջելու ցեղասպան քաղաքականութիւնը: Աւելի քան մէկ դար առաջ կողոպտեցին եւ սպաննեցին մեզ, սակայն մեզանից չկարողացան խլել մեր հաւատը Քրիստոսի հանդէպ:

     

    Հայոց Ցեղասպանութիւնը կամ Մեծ Եղեռնը Օսմանեան Կայսրութեան իշխանութիւնների կողմից կազմակերպուած ծրագիր էր, որի արդիւնքում՝ 1892-1923 թուականներին զանգուածային տեղահանութեան ենթարկուեց եւ բնաջնջուեց Արեւմտեան Հայաստանի հայ քրիստոնեայ բնակչութիւնը:

     

    Չնայած Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիան ամէն կերպ շարունակում է իր հերքող քաղաքականութիւնը եւ պայքարում ցեղասպանութեան ճանաչման դէմ՝ ազդեցութիւն գործելով կենսական ու կարեւոր նշանակութիւն ունեցող որոշումների վրայ, խեղաթիւրելով պատմութիւնը, օգտագործելով քարոզչական տարբեր միջոցներ եւ հնարաւորութիւններ: Այսօր էլ, հայը շարունակում է պայքարել Թուրքիայի ժխտողական քաղաքականութեան դէմ՝ փորձելով վերականգնել արդարութիւնը:

     

    Ամէն տարի, յիշատակելով ապրիլի 24-ը՝ վերահաստատում ենք, որ մենք Ցեղասպանութեան նահատակների ժառանգներն ենք: Թէեւ թուրքը ցանկանում էր մեզ բնաջնջել, սակայն, Աստուած մեզ վերստին ապրելու, արարելու եւ պայքարելու ոյժ տուեց, քանի որ մենք կեանքի, յոյսի եւ յարութեան ժողովուրդ ենք: Եւ ինչպէս ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանն է ասում. «Մենք զարմանալիօրէն կենսուրախ ժողովուրդ ենք, եւ ես անկասելիօրէն հաւատում եմ դրան։ Ոչ մէկի բարբարոսութիւնը կամ բռնութիւնը չեն կարող կոտրել հայ ազգի՝ յաւէրժ լոյսին ձգտող հզօր հոգին»:

     

    Ցաւոք, թուրքական իշխանութիւնը մինչեւ օրս էլ փորձում է շարունակել նախորդ՝ 20-րդ դարում որդեգրած իր արիւնալի ծրագիրը, որոնց վառ ապացոյցն են՝ 2016 թուականի ապրիլեան քառօրեայ եւ 2020 թուականի քառասունչորսօրեայ պատերազմները: Դժբախտաբար, այս ամէնը կատարւում է քաղաքակիրթ աշխարհի անտարբեր հայեացքի ներքոյ եւ դարձեալ լռութիւն… Եւ, այսօրուայ լռութիւնը ժողովրդավարական պետութիւնների կողմից՝ նման է 1915 թուականի լռութեանը:

     

    Թէեւ հայ ազգը՝ իր ողջ պատմութեան ընթացքում, մշտապէս ենթարկուել ու ենթարկւում է բազմաթիւ փորձութիւնների, այնուամենայնիւ, անկոտրում հաւատի եւ Տիրոջ հանդէպ վստահութեան շնորհիւ, շարունակում է փիւնիկի նման մոխիրներից վեր յառնել: Ուրեմն, եկէ՛ք առաջնորդուենք միասնական ոգով ու աղօթքով, եկէ՛ք այս դժուարին ժամանակահատուածում լինենք միասնական ու համախմբուած։ Եւ ինչքան էլ ոսոխը փորձի թուլացնել մեր հայրենիքը՝ անպարտ է հայի ոգին եւ անսասան է նրա հաւատն առ Աստուած:

     

    Ինչպէս ասել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կը վերածնուի, այն մի փոքր արիւնը, որ դեռ նրան սնում է, թանկագին արիւն է, որից ծնուելու է մի հերոսական սերունդ, մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնում»:

     

    107 տարի անց էլ մեր պարտքն է հաւատարիմ մնալ մեր առաքելութեանը, այսինքն՝ մեր սուրբ դատին, որը շաղախուած է մեր անմեղ նահատակների արեամբ: Այո՛, հաւատարիմ մնանք մեր սրբազան դատին, որը ո՛չ միայն մեր դատն է, այլեւ այն բոլոր ազատ ազգերի, որոնք պայքարում են իրենց ինքնորոշման իրաւունքի եւ ինքնութեան պահպանման համար:

     

    Մի՛ փնտռէք հայերին ցեղասպանութեան գրքերի մէջ, նրանք այնտեղ չեն, այլ յարութիւն առան Քրիստոսի հետ: Նրանք այս երկրի վրայ են՝ որպէս շողացող լոյսեր, որոնք լուսաւորում են աշխարհի խաւարածին մտքերը: Թէեւ տարիներն անցնում են, սակայն չի խամրում մեր նահատակ նախնիների յիշատակը, ուստի, պէտք է գործուն քայլեր ձեռնարկենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման համար: Սա՛ է մեր ճանապարհը, սա՛ է մեր վեհ առաքելութիւնը, որն ամէն տարի աշխարհի բոլոր կողմերում միաւորում է հայերին՝ լինելու պահանջատէր եւ, ի վերջոյ, հասնելու այդքան երկար սպասուած արդարութեանը:

     

    Հանգչեցէ՛ք խաղաղութեամբ, ո՜վ անմահ նահատակներ, քանզի դուք յարութիւն առաք Յարուցեալ Քրիստոսի հետ:

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ

    Փանիկ, 24 ապրիլ, 2022թ.

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930