Հիսուս գթաց նրան…
Հունվարի 16-ի առավոտյան Սուրբ Պատարագի ժամանակ Սուրբ Մարթայի Մատուռում Սրբազան Քահանայապետը խորհում էր օրվա ավետարանական ընթերցման վրա, որում Սբ. Մարկոսը նկարագրում է Աստծո փրկարար հանդիպումը բորոտի հետ (Մկ. 1,40-45):
Մարդը, ով կրում է այդ ժամանակ անբուժելի համարվող հիվանդության բեռը, խորը հնազանդությամբ դիմում է Հիսուսին՝ Նրա առջև ծնկի գալով. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս հակիրճ ու պարզ աղոթքը բորոտն ասում է ի սրտե: Միաժանակ վկայում է նաև այն մասին, որ Հիսուսն իր վրա է վերցնում այլ մարդկանց տառապանքները, որպեսզի բժշկի դժբախտներին՝ հանուն Հայր Աստծո սիրո:
Հիվանդի «եթե կամենաս» խոսքերում աղաչանք կա, որն էլ «գրավում է Տիրոջ ուշադրությունը» և ցույց է տալիս այս հրատապ խնդրի լուծման ուղին: «Սա մարտահրավեր է,-շեշտեց Ֆրանցիսկոս Պապը,-բայց նաև վստահության արարք է»: Բորոտը լիովին վստահում է Քրիստոսին՝ հավատալով Նրա մերձությանն ու կարեկցանքին: Ավետարանի էջերում շատ է խոսվում կարեկցանքի մասին, որն ունի Նային քաղաքի այրու, բարի սամարացու, անառակ որդու հոր կերպարանքը, Ֆրանցիսկոս Քահանայապետն ընդգծեց.
«Կարեկցանքը համակում է, այն սրտաբուխ է և խրախուսում է գործողության: Կարեկցանքը տառապանք է այլ մարդկանց հետ միասին, ուրիշի ցավի ընդունումն է՝ ցավը մեղմելու և բուժելու համար: Այսպիսին էր Հիսուսի առաքելությունը: Աստված չէր եկել, որպեսզի միայն քարոզեր ու գնար: Հիսուս կարեկցանքով էր եկել, այլ խոսքերով, որպեսզի տառապեր մեզ հետ միասին և մեր փրկության համար Իր կյանքը տար: Քրիստոսի սերն այնքան մեծ է, որ կարեկցանքը Նրան տանում է դեպի Խաչը (Խաչելություն), որպեսզի Հիսուս զոհեր կյանքը»:
«Հիսուս գթաց նրան»,- ասվում է Աստծո Խոսքում: Հիսուս միշտ պատրաստ է կիսել մեր վիշտն ու խնդիրները, մեր ներքին հիվանդությունները: Նա դրա համար է եկել աշխարհ, Նա միշտ մեզ հետ է, շեշտեց Սրբազան Քահանայապետը:
Քարոզի ավարտին Նորին Սրբությունը հավատացյալներին կոչ արեց խոնարհությամբ կրկնել մի փոքրիկ արտահայտություն Ավետարանից.
«Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես բուժել ինձ; եթե կամենաս, կարո՛ղ ես ներել ինձ, եթե կամենաս, կարո՛ղ ես օգնել ինձ»: Կամ էլ այլ խոսքերով, եթե ցանկանում եք. «Տե՛ր, ողորմիր ինձ՝ մեղավորիս, բարեգութ եղիր իմ նկատմամբ»: Այս պարզ աղոթքը կարելի է ասել օրը մի քանի անգամ: «Տե՛ր, աղաչում եմ ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Եկե՛ք այս խոսքերը անկեղծորեն կրկնենք օրը մի քանի անգամ՝ ինքներս մեզ ասելով. «Տե՛ր, եթե կամենում ես, ողորմիր ինձ»»:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը