• Աստծո հետ հանդիպումը ազատության աղբյուր է. Քահանայապետի քարոզը Աստվածահայտնության տոնին

    Մենք պետք է փոխվենք, վերափոխենք մեր կենսաուժը


    Հիսուսի հետ ամեն մի հանդիպում մեզ խրախուսում է փոխվել, այլ ճանապարհեր ընտրել, քանի որ Հիսուս Քրիստոս բարի է և զորավոր, Նա բուժում է սիրտն ու պաշտպանում մեզ չարից, ընդգծեց Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության մեջ՝ հունվարի 6-ին, «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    «Մենք նշում ենք Աստվածահայտնության տոնը՝ ի հիշատակ մոգերի, ովքեր արևելքից եկան Բեթղեհեմ. նրանք հետևեցին աստղին՝ Փրկչին գտնելու համար»,- ասաց Ֆրանցիսկոս Քահանայապետը՝ նշելով, որ օրվա ավետարանական ընթերցումը (Մտ. 2,1-12) մի հետաքրքիր առանձնահատկություն ունի, որը խորհելու առիթ է տալիս. Մատթեոս ավետարանիչը այս պատմության ավարտին հայտնում է, որ մոգերը «երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը»: Այս իմաստունները՝ «հեռավոր երկրներից գալով, անցնելով դժվարին ճանապարհ, երկարատև փնտրտուքներից հետո, որոնց անկասկած ուղեկցել է հոգնածությունը և բազմաթիվ խոչընդոտներ, գտնում են Նրան, ում ցանկանում էին ճանաչել»: Սակայն նպատակին հասնելով և Մանուկ Հիսուսի ու Նրա Մոր առջև երկրպագելուց հետո, նրանք անմիջապես վերադարձան իրենց երկիր: Հիսուս նրանց Իր մոտ չի պահում, Նա թույլ է տալիս նրանց վերադառնալ իրենց երկներ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Այսպես բացահայտվում է Աստծո գործունեությունը պատմության մեջ: Աստծո հետ հանդիպումը մեզ չի դարձնում Նրա գերիները, այլ ազատում է, մեզ չի սահմանափակում, այլ խրախուսում է նորից ճանապարհ ընկնել ու վերադարձնում է մեզ մեր կյանքի ծանոթ, սովորական վայրերը: Վայրերը նույն են, սակայն Հիսուս Քրիստոսի հետ հանդիպումից հետո մե՛նք ենք արդեն ուրիշ դառնում»:

     

    Մատթեոս ավետարանիչն ընդգծում է, որ մոգերը իրենց երկիր վերադարձան «այլ ճանապարհով». նրանք փոխեցին իրենց ճանապարհը՝ Հերովդեսից խուսափելու համար: Այս արտահայտությունը, ասաց Ֆրանցիսկոս Պապը, ավելի լայն ըմբռնում ունի. «Հանդիպելով Աստծուն կամ նորից վերածնվելով Նրանով՝ այս Սուրբ Ծննդյան տոներից հետո մենք այլևս չենք կարող քայլել նույն ճանապարհներով»: Անընդհատության ու նորույթի միջև գոյություն ունի իմաստուն դինամիկ հաջորդականություն. մենք վերադառնում ենք «մեր երկիր», բայց «այլ ճանապարհով», շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է փոխվենք, վերափոխենք մեր կենսաուժը, նույնիսկ եթե մնում ենք մեզ ծանոթ միջավայրում, մենք կոչված ենք փոխելու մեզ շրջապատող իրականության մասին դատողություններ անելու մեր չափանիշները: Սա է տարբերությունը իրական Աստծո ու այնպիսի պատրանքային կուռքերի միջև, ինչպիսիք են փողը, իշխանությունը, հաջողությունը: Սա է Աստծո և մոգերի, գուշակների, կախարդների միջև տարբերությունը, ովքեր մեզ են պարտադրում այս կուռքերը: Տարբերությունն այն է, որ կուռքերը մեզ կապում են իրենք իրենց հետ՝ դարձնելով կռապաշտ, և մենք տիրում ենք նրանց: Ճշմարիտն Աստված մեզ չի պահում և թույլ չի տալիս պահել Իրեն. Նա բացում է ազատության և նորության ուղիներ»:

     

    Չնայած որ մոգերը այլևս ոչինչ չեն իմանա Բեթղեհեմում ծնված թագավորի մասին, նրանք միշտ իրենց սրտերում կպահեն այն նորույթը, որը ի հայտ է եկել Հիսուսի հետ հանդիպումից հետո: Այս նորույթը պետք է պահպանեն բոլոր քրիստոնյաները:

     

    Իր խորհրդածության ավարտին դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին և ուխտավորներին՝ Ֆրանցիսկոս Քահանայապետն ասաց.

     

    «Թող մեզ օգնի Սուրբ Կույս Մարիամը դառնալու Հիսուս Քրիստոսի վկաները այնտեղ, որտեղ մենք կանք՝ Նրա սիրով վերափոխված նոր կյանքի միջոցով»:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց