• Ֆրանցիսկոս Պապի տեսաուղերձը աղքատների Համաշխարհային 3-րդ օրվա կապակցությամբ

    Աստված կամենում է այս աշխարհը փրկել ամենաաղքատ ու մերժված մարդկանց օգնությամբ


    Աղքատների Համաշխարհային 3-րդ օրվա կապակցությամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը հատուկ տեսաուղերձով դիմեց Լուրդի սրբավայրի ուխտավորներին: Որպես ուխտագնացության կազմակերպիչ հանդես եկավ ֆրանսիական «Եղբայր» կաթողիկէ կազմակերպությունը, որը հոգ է տանում անօթևանների ու կարիքավորների մասին:

     

    Սրբազան Քահանայապետը նշում է, որ այս սուրբ վայրում Սուրբ Կույս Մարիամը ողջունում և ընդունում է իր զավակներին. հենց Լուրդում է Նա երևացել աղքատ հովիվ Բեռնադետին, և դա բարի լուր է բոլոր նրանց համար, ովքեր իրենց համարում են աղքատ ու փոքր: «Աստված փոքրիկներին հայտնեց այն, ինչը թաքցնում էր իմաստուններից», Աստված մեզանից յուրաքանչյուրին ցանկանում է բացահայտել իր բարի ներկայությունը, ընդգծում է Սրբազան Քահանայապետը.

     

    «Դուք պե՛տք եք ինձ, ձեզանից յուրաքանչյուրը: Դուք կանգնած եք Խաչի տակ, գուցե դուք միայնակ եք, մերժված, լքված, անօթևան, ստիպված եք լքել ձեր ընտանիքը կամ երկիրը, գուցե, դուք դարձել եք ալկոհոլի, մարմնավաճառության, հիվանդության զոհ: Հիշե՛ք, որ Աստված ձեզ սիրում է, Նա հենց ձե՛ր աղոթքն է լսում»:

     

    Այս աշխարհը տառապում է, և աղքատների աղոթքը խորապես դիպչում է Աստծո սրտին, նշում է Ֆրանցիսկոս Պապը:

    «Դուք՝ խոնարհներդ, աղքատներդ, խոցելիներդ, հանդիսանում եք Եկեղեցու գանձը: Դուք Հռոմի Քահանայապետի սրտում եք, Սուրբ Կույսի սրտում եք, Աստծո սրտում եք: Ամեն անգամ, երբ ոտնահարում, նվաստացում և վիրավորում են ձեր կյանքը, իրականում ոտնահարում, նվաստացնում ու վիրավորում են Հիսուսի՛ն»:

     

    Սրբազան Քահանայապետն ուխտագնացության մասնակիցներին դիմում է մխիթարանքի խոսքերով՝ աղքատներին վստահեցնելով իր սիրո մասին և հորդորելով «վերադառնալ դեպի ակունքները»: Այս ճանապարհին Ֆրանցիսկոս Քահանայապետը երկու խորհուրդ է տալիս, և դրանցից առաջինը վերաբերում է աղոթքին. «Ձեր սրտում ընդունեցե՛ք Սուրբ Կույս Մարիամին, դուք կարող եք լիովին վստահել Նրան: Նա Եկեղեցու լայնորեն բացված դուռն է: Ամբողջությամբ ընդունելով Սուրբ Հոգուն՝ Նա մեզ բերում է դեպի Հիսուսը: Աղոթեցե՛ք, աղաչե՛ք Աստծուն, խնդրեցե՛ք Նրան մտնել մեր կյանք. «Աստվա՛ծ, ինձ մոտ սիրով արի, որպեսզի ես էլ սիրեմ քեզ այնպես, ինչպես որ Դու ես ինձ սիրում»: Խնդրեք Աստծուն, որպեսզի Նրա բարեգթությունը տարածվի ամբողջ աշխարհում»:

     

    Այնուհետև Ֆրանցիսկոս Քահանայապետն աղքատներին կոչ է անում ապրել Սուրբ  Խորհուրդների շնորհներով.

     

    «Ցանկանու՞մ եք քրիստոնյա դառնալ: Խնդրեցե՛ք մկրտություն: Ես հրավիրում եմ ձեզ բացահայտել Խոստովանության, ներման խորհուրդը, որով Աստված ցուցաբերում է իր քնքշությունն ու ազատում է մեզ: Ապրեցե՛ք Սուրբ Հաղորդությամբ՝ ընդունելով Աստծուն ձեր մարմնում ու հոգում: Նա ձեզ կպարգևի հավատ ու ուրախություն:

     

    Ապրեցե՛ք Հիվանդների օծման սուրբ խորհրդով, որ շատ արժեքավոր է նրանց համար, ովքեր վիրավոր են  բանականությամբ կամ մարմնով: Ապրեցե՛ք բարիք գործելով. ոչ ոք այդքան աղքատ չէ, որ ուրիշին տալու բան չունենա: Եկե՛ք խնդրենք Սուրբ Հոգուն՝ Սիրո Հոգուն, որ ոգեշնչի մեզ կատարել բարի գործեր, որպեսզի մենք դառնանք ողորմած՝ նրանց նկատմամբ, ովքեր մեր կողքին են»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ սերը կփրկի աշխարհը և Աստված կամենում է այս աշխարհը փրկել ամենաաղքատ ու մերժված մարդկանց օգնությամբ.

     

    «Երբ դուք վերադառնաք տուն, չմնաք այնպիսին, ինչպիսին էիք այստեղ գալուց առաջ: Վերադարձե՛ք հույսով, եղե՛ք Աստծո սիրո վկաները՝ ձեր շրջապատում: Պատմե՛ք աշխարհին, որ ձեր գանձը հանդիսանում է Տեր Հիսուսը: Գնացե՛ք Սուրբ Կույսի հետ, որպեսզի Նա ձեզ դարձնի Աստծո քնքշության առաքյալները: Ֆրանցիսկոս Պապը սիրում ու վստահում է ձեզ: Օրհնում եմ ձեզ բոլորիդ և թո՛ղ Սուրբ Հոգին նորացնի ձեզ Իր սիրով: Ամեն»:

     

    Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց