• Ամազոնի ավազանի հարցերով սինոդի եզրափակիչ փաստաթղթի հիմնական դրույթները

    Ուսումնասիրվում է Ամազոնիայում ամուսնացյալ քահանայության թույլտվության հարցը


    Շաբաթ օրը ներկայացվեց Ամազոնի հարցերով Եպիսկոպոսական Սինոդոսի եզրափակիչ փաստաթուղթը: Տեքստը կոչ է անում դարձի գալ. հովվական, էկոլոգիական, մշակութային և ժողովական չափանիշներով: Դարձի գալու ինտեգրված մոտեցումը ներառում է համեստ ու զսպված ապրելակերպ ինչպիսին, օրինակ, եղել է Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզացու կենսաձևը:

     

    Փաստաթուղթը չի լռում այն բազմաթիվ վերքերի և բռնությունների մասին, որոնցից տառապում է Ամազոնիան, և հատկապես շեշտվում է տեղի բնակչության հարկադրված գաղթը: Առաջարկվում է ստեղծել հատուկ միսիոներական խմբեր, որոնք ծայրամասերում ապրող հնդկացիների հետ կտանեն հովվական աշխատանքներ՝ նպաստելով նրանց ինտեգրմանը:

     

    Եզրափակիչ փաստաթղթում շեշտադրվում է Եկեղեցու միսիոներական բնույթը: Առաքելությունը ինչ-որ օժանդակ գործողություն չէ: Անհրաժեշտ է «հովվական այցելություններից» անցնել մշտական ներկայության և դրա համար աշխարհի բոլոր միաբանություններին առաջարկվում է բացել նվազագույնը մեկ միսիոներական կենտրոն Ամազոնիայի բնակավայրերում:

     

    Մեծ ուշադրություն է դարձվում դեռ չծնված երեխայի կյանքի պաշտպանությանը՝ հղիությունից մինչև ծնունդ, որպես արարչագործության անքակտելի մաս: Փաստաթուղթը հիշեցնում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է քրիստոնեական հավատքի պահանջ: Եկեղեցին պարտավոր է բացահայտել Ամազոնիայի արդյունահանող արդյունաբերության կործանարար հետևանքները: Առաջարկվում է բնորոշել «էկոլոգիական մեղքը»՝ որպես շրջակա միջավայրի նկատմամբ պարտականությունների չկատարում:

     

    Ամազոնիայում անհրաժեշտ է իրականացնել ինկուլտուրացիա, այսինքն՝ Ավետարանը կյանքի կոչել տեղաբնիկների մշակույթում: Անհրաժեշտ է գնահատել, խթանել և մաքրել ժողովրդի բարեպաշտության տեղական դրսևորումները, որպեսզի դրանք առաջնորդեն դեպի հանդիպում՝ Հիսուս Քրիստոսի հետ: Ավետարանի հռչակումը չի նշանակում քանդել, այլ՝ աճեցնել և ամրացնել Աստծո Խոսքի սերմը՝ semina Verbi, որն արդեն կա այդ մշակույթներում:

     

    Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ամազոնիայում աշխարհականների ծառայությանը: Առաջարկվում է Եկեղեցում տղամարդկանց ու կանանց ծառայությունը բաշխել հավասարաչափ, ինչպես նաև վերանայել Ministeria quaedam առաքելական ուղերձը, որպեսզի հատուկ պատրաստված կանայք ևս եկեղեցիներում լինեն դպիրներ և սպասավորներ: Նշվում է, որ Սինոդոսում քննարկվել է կանանց մնայուն սարկավագության հարցը, և առաջարկվել է այս թեմայի քննարկումը շարունակել կանանց սարկավագությունն ուսումնասիրող հանձնաժողովում, որը հիմնադրել է Ֆրանցիսկոս Քահանայապետը՝ 2016թ.:

     

    Ինչ վերաբերում է ամուսնացյալ տղամարդկանց հնարավոր քահանայական ձեռնադրությանը, ապա Եզրափակիչ փաստաթղթում ասվում է, որ իրավունք ունեն դիտարկվելու  «միայն համայնքի կողմից հարգված ու արժանի տղամարդիկ, ովքեր անցել են արգասաբեր մնայուն սարկավագության ուղի  և ստացել են  համապատասխան պատրաստություն՝ երեց ձեռնադրվելու համար»: Սա նախատեսված է միայն Ամազոնիայի հեռավոր շրջանների համար: Փաստաթղթում ասվում է, որ ժողովի որոշ անդամների կողմից  առաջարկվել է այս հարցին մոտենալ համընդհանրացման տեսանկյունից:

     

    Եզրափակիչ փաստաթղթում խոսվում է, հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք է ուսումնասիրի «ամազոնյան ծեսի» մշակման հնարավոր ուղիները: Այն հետագայում կավելացվի Ընդհանրական Եկեղեցու գոյություն ունեցող քսաներեք ծեսերին:

     

    Փաստաթղթի վերջնամասում աղոթք է բարձրացվում Ամազոնիայի Աստվածամոր համար, որտեղ Սուրբ Կույսին երկրպագում են տարբեր տիտղոսներով:

     

    Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց