Բաժիններ՝ Հոդվածներ
  • Գնահատելով հայի Խաչի Ճանապարհը

    Հայոց Ցեղասպանության 111-րդ հիշատակի համար


    Այս տարի Հայ Կաթողիկէ Եկեղեցին այլ հոգևոր տրամադրությամբ է հիշատակում Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերին: Պատճառը Արևմտյան Հայաստանի Մարտին քաղաքի Առաջնորդ Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասումն է, որ կատարվեց 2025թ. հոկտեմբերի 19-ին՝ Ն. Ս. Լևոն 14-րդ Սրբազան Պապի կողմից: Սա պատմական իրադարձություն էր, որ բոլորովին նոր` տիեզերական մասշտաբի լույսի ներքո դրեց ոչ միայն Սուրբ Իգնատիոոս Մալոյանին, այլև` հայոց դարավոր վերքը, հայ ժողովրդի հավատքի համար կրած չարչարանքները, հայի՛ Գողգոթան, հայի ցավը և հույսը, հայի դառնությունը և ելքը մեռած վիճակից, հայի պայքարը և ձեռքբերումները: Այդ պատմական օրը Կաթողիկէ Եկեղեցին` ի դեմս Սուրբ Պետրոսի հաջորդի և նրա հետ հաղորդության մեջ գտնվող եպիսկոպոսների, վերահաստատեց իր սերն ու գնահատանքը մեր հայ ժողովրդի արժանի զավակի քրիստոսանվեր հավատքի և սրբության հանդեպ` դրանով իսկ վերստին արտահայտելով իր գնահատանքը մեր ժողովրդի դարավոր քրիստոնեական ինքնության և սրբերի նկատմամբ, ինչը Լևոն 14-րդից առաջ կատարել են նաև նրա բազմաթիվ նախորդները` մանավանդ, Լևոն 13-րդը ապա Բենեդիկտոս 15-րդը, Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը և Ֆրանցիսկոսը:

     

    Մալոյանը համալրեց հազարավոր հայ նահատակների շարքը, ովքեր իրենց կյանքը ապրեցին սրբերի նման՝ ամուր հավատքով բարձրանալով մինչև Գողգոթայի գագաթը, խաչը ելան Հիսուսի հետ միասին, մեռան, բզկտվեցին, լլկվեցին, բայց հարություն առան մեր ազգի և Ընդհանրական Եկեղեցու պատմական հիշողության մեջ և միշտ ներկա են Աստծո Արքայության մեջ՝ սեփական արյան հեղմամբ փաստելով իրենց նվիրումը Եկեղեցուն և Աստծուն: Հայ ժողովուրդն իր նահատակության պատմությամբ, իր ամուր և աննկուն հավատքի, հոգևոր մաքառումի պատմությամբ, իր հարուստ հոգևոր և մշակութային ինքնությամբ ուրույն տեղ ունի Տեր Հիսուս Քրիստոսի Կաթողիկէ՝ Ընդհանրական, Եկեղեցու պատմական հիշողության մեջ, կենդանի՜ հիշողության մեջ, որ գիտի ժամանակին գնահատել ու բարձրացնել իր սրբակեաց զավակների անունը և պատիվը՝ նրանց դարձնելով օրինակ՝ ամբողջ Եկեղեցու համար: Սրբադասման օրվանից՝ 2025-ի հոկտեմբերի 19-ից, Իգնատիոս Մալոյանը՝ հայ սուրբը հիշատակվում է ոչ միայն Հայ Կաթողիկէ Եկեղեցու ծիսական օրացույցում, այլև՝ մյուս կաթողիկէ եկեղեցիների օրացույցերում՝ հունիսի 11-ին՝ իր նահատակության օրը, երբ նահատակվեց իր 417 եղբայրների և քույրերի հետ միասին, որոնց մեջ կային ոչ միայն Մարտինի հայ կաթողիկէներ իրենց քահանաների հետ միասին, այլև՝ ասորի և լատին հոգևորականներ, քաղդեացիներ և բողոքականներ: Նրանք միասին էին և պատմաբանների կողմից կոչվեցին «Մալոյանի քարավանը»: Նրանց դեպի նահատակություն էր առաջնորդում հայը՝ Մալոյանը՝ հայրական անհուն սիրով և հոգածությամբ, որ վերջին անգամ անապատում նրանց համար մատուցեց Սուրբ Պատարագ, նրանք բոլորը միասին հաղորդվեցին Քրիստոսի Մարմնին և Արյանը: Տեսե՛ք հայի առաջնորդությունը, հայի՛ սրբության և աննկուն հավատքի օրինակը. նույնիսկ նահատակության մեջ հայը կարող է առաջնորդել: Սա գնահատված է Կաթողիկէ Եկեղեցու համաշխարհային հոգևոր ժառանգության մեջ: Եվ սա էական նշանակություն ունի մեր հոգևոր ինքնագնահատականի համար՝ այն գիտակցությամբ, թե որքա՜ն սիրված ենք մենք Քրիստոսի և Իր Եկեղեցու կողմից:

     

    Ուզում եմ մի քանի պատմական տեղեկություններ հաղորդել՝ հասկանալու համար հայ ժողովրդի հավաքական ցավի մեջ հայ կաթողիկէի չափաբաժինը: Ըստ գերմանացի պատմաբան Michael Hesemann-ի եզրակացությունների, Թուրքիայում երիտթուրքական կառավարության զոհ դարձավ հայ կաթողիկէ բնակչության մոտ 87 տոկոսը, որը սարսափելի թիվ է և նույնիսկ ավելին է, քան՝ հայ առաքելական բնակչության զոհերը` տոկոսային համեմատությամբ: Հայ կաթողիկէների նկատմամբ երիտթուրքական կառավարությունը ավելի դաժան էր վարվում, քանի որ մտածում էին, թե կաթողիկէ հայերն ավելի սերտ կապեր ունեն թուրքական կառավարության թշնամի եվրոպական պետությունների հետ կամ նույնիսկ այդ պետությունների գործակալներ են: Բայց դա զրպարտություն էր և հեռու ճշմարտությունից:
    Փաստ է, որ այդ ժամանակվա Հռոմի Սրբազան Պապ Բենեդիկտոս 15-րդն իր դեսպանի միջոցով ջանում էր կանխել հայերի կոտորածները, նրա ջանքերն ուղղված էին ողջ հայության փրկությանը: Պապական դեսպան Դոլչեն, ով տիրապետում էր հստակ տեղեկատվության, հորդորում էր սուլթանի Մեծ Վեզիրին դադարեցնել հայերի զանգվածային սպանությունները: Նույն նվիրակը, մեծ արգելքներ հաղթահարելով, Մեհմեդ 5-րդին փոխանցեց Բենեդիկտոս 15-րդ Պապի նամակը, որով Քահանայապետը խնդրում էր սուլթանին՝ գթասիրտ լինել հայերի նկատմամբ: Ավելին, պապական նվիրակն աշխատում էր նաև Թուրքիայի դաշնակիցների հետ՝ խնդրելով նրանց միջնորդել՝ հայերի ջարդերը դադարեցնելու համար: Այս բոլորը ի զուր անցան և ավելի են սրեցին հայերի վիճակը Թուրքիայում: Բայց այդ ժամանակ, երբ այլ պետությունների ղեկավարները մեծ հաշվով չէին միջամտում հայերի ցեղասպանությունը կանխելուն, ըստ պատմաբանների, Պապն էր միայն, որ հակադարձում էր և իր դեմ էր գրգռում Մեհմեդ 5-րդ Սուլթանի ատելությունը: «Հայոց ցեղասպանության դեմ բողոքը, մարդասիրական օգնությունը, ջանքերը ապարդյուն են, ամբողջովին անօգուտ, եթե միջազգային հանրությունը չճանաչի Հայաստանի անկախությունը», գրում էր Բենեդիկտոս 15-րդ Պապը` խոսելով դառն իրականության մասին, երբ հայ ժողովուրդը չուներ պետություն և անպաշտպան էր` թողնված լինելով ամբողջովին Օսմանյան կայսրության քմահաճույքի տիրույթներում: Բենեդիկտոս 15-րդ Սրբազանի Պապի ջանքերի և հայոց ցեղասպանության սարսափելի մանրամասնությունների մասին աշխարհում ամենամեծ քանակությամբ արխիվային տեղեկությունները և փաստաթղթերը պահվում են Վատիկանում` որպես հայ ժողովրդի խաչակրության և տառապանքի հուշակոթողներ, Եկեղեցու պատմական հիշողության գրավական: Հռոմի Սուրբ Աթոռի բոլոր գահակալ պապերը մշտապես խոսել են հայ ժողովրդի նահատակության մասին` որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչի չարչարանքներին մասնակցության հոգևոր ժառանգություն, որն աստվածային օրհնություններ է բերել մեր ժողովրդին:

     

    Հայ ժողովրդի չարչարանաց ճանապարհի եկեղեցական համընդհանուր գնահատանքի և ընկալման սքանչելի արտահայտություն է Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի խոսքը` ուղղված հայ ժողովրդին Հռոմում 1987թ. նոյեմբերի 21-ին` Սուրբ Կույսի Ընծայման տոնին, տեղի ունեցած հայածես Սուրբ Պատարագի ժամանակ. «Տառապանքի ու մարտիրոսության ձեր պատմությունը մի թանկագին գոհար է, որի համար հպարտ է տիեզերական Եկեղեցին: Մարդկության Փրկչի` Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը ձեզ ներշնչել է մի զմայլելի քաջություն ձեր պատմության ընթացքում, որ հաճախ շատ նման է եղել Խաչի ճանապարհին, որի վրա դուք քայլել եք վճռակամությամբ` ձեր ազգային ինքնությունը պահպանելու հանձնառությամբ` թե՜ որպես ժողովուրդ, թե՜ որպես հավատացյալ: Քրիստոնեական հանրությունը չի կարող հրաժարվել այն մեծարժեք նպաստից, որն ընծայում է ձեր հավատքի ժառանգությունը: Ուրեմն, իմացե՜ք, որ Եկեղեցին միշտ գնահատում է ձեզ և միշտ թիկունք է կանգնում` որպես հավատարիմ, սիրազեղ մայր` ցանկանալով, որ ձեր ձայնը շարունակի հնչել անփոփոխ զորությամբ» (Պապի ուղերձի հայերեն թարգմանությունը կատարել է Հայաստանի հայ կաթողիկէ առաջին Առաջնորդ Արհ. Տ. Ներսես Տեր-Ներսեսյանը):
    Նույն Սբ. Հովհաննես Պողոս 2-րդ Պապը մի գեղեցիկ գիրք ունի, որ կոչվում է «Փրկարար տառապանք» (Salvifici doloris): Այդտեղ նա խոսում է մեր Տիրոջ տառապանքների փրկարար նշանակության մասին` մեզ հրավիրելով մասնակցել Տիրոջ տառապանքներին մեր կյանքի փոքր կամ մեծ խաչակրություններով, հավատքով և հույսով կրելով դրանք` որպես Քրիստոսի հետ միության ճանապարհ, որպես Քրիստոսի փրկարար առաքելությանը մեր մասնակցության արտահայտություն` ի քավություն և ի թողություն մեղաց: Այս տառապանքի և զրկանքների ճանապարհը հավատքով անցնելն է, որ այսօր աստվածային օրհնություններ է բերում մեր ժողովրդին, որովհետև չկա կյանք` առանց մահվան, չկա հարություն` առանց գերեզմանի, չկա հաղթություն` առանց տառապանքի:

     

    Մեր ժողովրդի կենսունակության և հաղթանակի վառ արտահայտություններից է Հայաստանի հյուսիսային հատվածի և Ջավախքի հայկական համայնքների ձևավորումը 1830-ական թվականներին. 1829թ. Ադրիանապոլսի ռուս-թուրքական դաշնագրից հետո Թուրքիայի տարածքում մնացած հայկական գյուղերի բնակչությունը Ալաշկերտից, Էրզրումից, Կարինից, փախչելով թուրքական սուլթանների վայրագություններից, գաղթեցին և հիմնեցին այս գյուղերը` կարողանալով խուսափել 1915-18 թվականների ցեղասպանությունից, բայց կրելով 1920-ի թուրքական ներխուժման ծանր հետևանքները: Այս համայնքներում եկեղեցիներ կառուցվեցին, որովհետև հավատքով փրկված ժողովուրդ է ապրում այստեղ, Խաչի զորությանը հավատացող, խաչակիր տառապած ժողովու՜րդ է ապրում այս համայնքներում` հավատարիմ մնալով իր պատմական եկեղեցական և ազգային ժառանգությանը: «Դարերի և սերունդների ընթացքում ակնհայտ է դարձել, որ տառապանքի մեջ թաքնված է հատուկ մի ուժ, հատուկ մի շնորհ, որ մարդուն ներքուստ մոտեցնում է Քրիստոսին», գրում է Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապը (Փրկարար տառապանք, 26):

     

    Չարը միշտ ջանալու է խլել մեզանից ամենակարևորը` մեր հավատքը, ինչպես ջանաց այն խլել մեր նահատակներից: Բայց չարը դա անում է ոչ միայն օտար զավթիչների և բռնապետների միջոցով, ինչպես հայ ժողովրդի դարավոր պատմության ընթացքում դա արել են պարսիկները, արաբները, մոնղոլները, թուրքերը, ազերիները, այլ չարը դա անում է նաև ծածուկ ձևով` ներսից մեր մեջ գցելով հավատքի ժառանգության և հավատքի ապրումի նկատմամբ անտարբերության, սառնության որոմները, մեր ուշադրությունը անընդհատ շեղելով ամենակարևոր ճշմարտություններից և ձգտումներից և ուղղելով դեպի զուտ նյութականը, մարմնավորը, մեզ գցելով հուսահատության և ներքին խռովքի մեջ, որպեսզի մեզանից խլի հույսը, նոր կյանք սկսելու հույսը, հարության հույսը: Հույսը միակ բանն է, որ առաջ է մղում մարդուն, որպեսզի շարունակի ապրել և զարգանալ:
    Եթե այսօր աշխարհը` Ընդհանրական Եկեղեցին գնահատում է մեր տառապանքը և հոգևոր պատմությունը, ապա մենք ինքներս ավելիով պետք է արժևորենք այս նահատակության պատմությունը` ո՜չ որպես պարտության և ողբի պատմություն, այլ` որպես Քրիստոսի հետ մեր նմանության և միության պատմություն, որի վերջում միշտ Հարությունն է և Կյանքը:

     

    24 ապրիլի, 2026թ.

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Ժողովրդապետ Աշոցքի հայ կաթողիկէների

Օրացույց

Օրացույց