• Տոն հիշատակության Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտի

    Որ զերկնաւոր թագաւորութեանդ քո զօրինակ ցուցեր ի յերկրի. հաստատելով զաթոռ թագաւորութեան Տրդատի թագաւորին յարդարութիւն եւ յիրաւունս. բարեպաշտութեամբ սորա Քրիստոս խնայեա՛ ի մեզ


    2018թ. հունիսի 25-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցին հիշատակում է Սբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ արքայադստեր տոնը:

     

    Մեծն Տրդատը՝ լուսավորյալ լուսավորիչը Հայաստանի, քաջազոր և բարեհաղթ  թագավորն  հայոց, որ տիրեց սրով և խաչով, սերում էր Արշակունիներից և որդին էր Խոսրով Ա-ի: Երբ վերջինս սպանվեց՝ դեռ մանուկ էին ինքն ու իր Խոսրովիդուխտ քույրը: Արտավազդ Մանդակունին, մտածելով, որ միգուցե վտանգվի ամբողջ արքունական տունը՝ Տրդատին փախցնում է Կեսարիա: Այնտեղ իր պատանեկությունն անցնելուց հետո գնաց Հռոմ, ուր Դիոկղետիանոս կայսեր հովանու ներքո ապրեց որոշ ժամանակ և ողջ արքունիքի ու մեծամեծների ուշադրությունը գրավեց իր հսկայական ուժի մեծագործություններով: Հետո Հռոմի արտոնությամբ վերադառնալով Հայաստան, ստացավ իր հայրենի գահի ժառանգությունը. այդ ժամանակ էր, որ իր մոտ վերադարձրեց նաև իր Խոսրովիդուխտ քրոջը, որին Օտա նախարարը Անի ամրոց էր տարել և պահել: Այնուհետև ամուսնացավ Ալանաց թագավորի դստեր՝ Աշխեն տիկնոջ հետ:

     

    Քանի որ այդ ժամանակ քրիստոնեությունը ծածուկ տարածված էր Հայաստանում, և Հռիփսիմյանց և ուրիշ կույսերի քարոզությամբ նույնիսկ արքունական տան մեջ հետևորդներ ուներ, հավանական է, որ Աշխենն ու Խոսրովիդուխտը ևս այդ կերպ գրավված էին Ավետարանի դատով: Այդ իսկ պատճառով, երբ Տրդատը Հռիփսիմեին և մյուս կույսերին նահատակելուց հետո՝ հավանաբար խղճատանջությունից, մտավոր խանգարման ախտանշաններ ցույց տվեց, Խոսրովիդուխտի թելադրմամբ էր, որ Լուսավորչին իր Խոր Վիրապի արգելարանից հանելով՝ կարգադրվեց ազատ թողնել: Այդ ժամանակ Ս. Գրիգորն իր աղոթքով նախ բժշկեց թագավորին և ամբողջ արքայական ընտանիքը, որից հետո բոլորը՝ բանակը և ողջ ազգը, ի պաշտոնե ընդունեցին քրիստոնեությունը:

     

    Հռիփսիմյանց վկայարանը պատրաստելու համար Տրդատն իր տիկնոջ և քրոջ հետ մասնակցեց դրանց հիմքերը փորելու գործին, ապա, երբ Ս. Գրիգորը եպիսկոպոս ձեռնադրված վերադառնում էր Կեսարիայից՝ Տրդատն ընտանեոք հանդերձ և նախարարների հետ միասին մինչև Բագրևանդ ընդառաջ գնալով՝ Եփրատի մեջ բոլորը մկրտվեցին Ավետարանի լույսով, համաձայն վկայաբանական ավանդության՝ թագավորը Հովհաննես կոչվեց Լուսավորչի կողմից:

    Էջմիածնի կառուցման ժամանակ ևս Տրդատն անձամբ աջակից և հովանավոր եղավ գործի իրականացմանը, և, երբ Լուսավորիչը Հայաստանի բոլոր կողմերում քրիստոնեությունը տարածելու և Եկեղեցին կազմակերպելու ու պայծառացնելու գործը ձեռնարկեց՝ Տրդատը միշտ գործակից և պաշտպան եղավ նրան:

     

    Ծերության օրերին, ինչպես ավանդվում է, առանձնանում է Սեպուհ լեռը և Լուսավորչի միայնանոցի մեջ ճգնավորական կյանք վարելուց հետո, իննսուն տարեկան հասակում (330թ.) նահատակվեց թունավորմամբ, հավանաբար, զոհ գնալով հակաքրիստոնյա ոգով տոգորված նախարարների հեթանոսական վրեժխնդրությանը, և թաղվեց Թորդանում՝ Լուսավորչի հանգստարանում: Նրանից առաջ մահացել էր Աշխեն թագուհին, որը վաղուց ճգնավորական կյանքով էր ապրում Գառնու ամրոցում՝ Խոսրովիդուխտ օրիորդի հետ, որը նույնպես այնտեղ կնքեց բարեպաշտությամբ զարդարված իր կյանքը:

     

     

    Աղբյուր՝ Սուրբք եւ Տօնք Հայաստանեայց Եկեղեցւոյ

Օրացույց

Օրացույց