• Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի զատկական քարոզը Գյումրիի Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ եկեղեցում

    «Այսօր ես հաղթեցի մահվանը»


     

    Քրիստոս հարյավ ի մեռելոց,

    Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

     

    Իսկապե՛ս, oրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Այսօր Քրիստոս, հարություն առնելով ու մեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ, նայելով կրեց այս բոլոր չարչարանքները՝ խաչը, մահը քո՛ համար, քո՛ փրկության համար: «Այսօր ես հաղթեցի մահվանը», – և սա է ձեր առաքելությունը և, եթե հավատարիմ մնաք ինձ, ապա բնավ չպիտի մահանաք և այս կյանքից պիտի անցնեք դեպի նոր կյանք, դեպի հավիտենական կյանք: Բայց մեկ ելք կա, որը մեծապես մտահոգում է Քրիստոսին՝ այն, որ ինքը ինքնակամ իր խաչը կրեց և խաչի վրա մահացավ, հաղթեց մահվանը և հարություն առավ:

     

    Սակայն մենք չեն վայելում այդ հարությունը, քանի որ մենք շարունակում ենք խոցել այդ Սուրբ Մարմինը Քրիստոսի այն մեխերով, որոնցով ինքը խաչի վրա գամվեց և այդ մեխերը, որոնք մենք խոցում ենք նրա մարմնի մեջ՝ մեր մեղքերն են, մեր մեղանչական կյանքը: Շատ անգամ կարծում ենք, թե մենք սիրում ենք, բայց դավաճանում ենք Նրա Հարությանը: Կարող ենք ընկնել մեղքի մեջ, բայց այնտեղ մնալը ապերախտություն է՝ հանդեպ այն գերազանց սիրո, որ Քրիստոս մեզ տվեց Իր կյանքով: Մենք ուրախանում ենք այսօր Քրիստոսի Հարությամբ, բայց արդյո՞ք մենք գոնե մի պահ կանգ առնում ենք մտածելու և զղջալու այն բոլոր հանցանքների համար, որ գործում ենք Քրիստոսի դեմ: Մի բան ջանացեք հիշե՛լ ձեր կյանքում, որ պետք է կարողանաք նայել Խաչյալի աչքերի մեջ և կարողանաք ասել, – ո՛չ ես չեմ մեղանչում, ես սիրում եմ Քեզ, – եթե կարողանանք սա ասել, ապա Աստծո օրհնությունը անպայման մեզ հետ է: Քրիստոսի Հարությունը մեզ համար՝ որպես հավատացյալներ, պետք է լինի մի զինանշան, և այդ զինանշանը մեզ պետք է օգնի, որպեսզի կարողանանք տոկալ դժվարությունների դիմաց, հաղթահարել և առաջ գնալ՝ Քրիստոսի՛ն հավատալով: Գիտեք, սիրելինե՛րս, կարծում եմ, որ անհրաժեշտ է մի պահ մեր խիղճը զննելու, որովհետև երբ բաժանումներ ենք ստեղծում՝ մեղանչում ենք, խաչում ենք Քրիստոսին, և երբ մենք հպարտանում ենք մի բանով, որը չունենք և մեզ չի պատկանում, ապա մեղանչում ենք և դարձյալ խաչում ենք Քրիստոսին: Երբ քննադատում կամ դատապարտում ենք միմյանց արդարացիորեն կամ անարդարացիորեն, ապա մեղանչում ենք Քրիստոսի դեմ և դարձյալ խաչում ենք Նրան: Երբ մենք մեր անձնասիրության մեջ մխրճված՝ չենք կարող բացվել դեպի մեր եղբայրներն ու քույրերը՝ մեղանչում ենք Քրիստոսի դեմ և դարձյալ ու դարձյալ խաչում ենք Քրիստոսին:

     

    Դուք ինքներդ ձեզ դրեք Քրիստոսի տեղը. երբ անհուն սեր եք տալիս ձեր շրջապատի մարդկանց, ձեր ընտանիքին, ձեր զավակներին և տեսնում եք նրանց մեջ ապերախտություն, դավաճանություն, ոխակալություն, ապա արդյո՞ք ուրախ կլինեք, աչդյո՞ք ծնողները մխիթարված կլինեն իրենց զավակներով:

     

    Մեր զավակներն այս աշխարհում մերը չեն, իսկ մենք բոլորս պատկանում ենք Քրիստոսին և պետք է վերադառնանք դեպի Իրեն: Քանի որ Նա մեզ սիրեց, մեր փրկության, երջանկության, հավիտենական կյանքի համար և Հայր Աստծո հետ մեր հաշտության համար Իր կյանքն ու արյունը քամեց այս աշխարհի մեջ…սակայն, հանկարծ, մենք դավաճանում ենք… Ա՛յս է կոչս սիրելի՛ հավատացյալներ, Հարության տոնի առիթով, որպեսզի մենք կարողանանք վերականգնվել և վերականգնել մեր հոգևոր կյանքը, ազնվություն ունենանք Քրիստոսի հանդեպ, մտերմություն ունենանք Քրիստոսի հետ:

     

Օրացույց

Օրացույց