• Վարդանանց տոնը` Անարատ Հղության քույրերի տանը

    Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց


    2026թ. փետրվարի 12-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը, Գերհ. Ներսես. Ծ. Վրդ. Գալստյանը և Շիրակի համայնքներում ծառայող հայ կաթողիկէ քահանաները ներկա գտնվեցին Անարատ Հղության հայ միաբան քույրերի կազմակերպած ամենամյա միջոցառմանը` նվիրված Սրբոց Վարդանանց տոնին: Գեղեցիկ բեմադրությունը, համեմված Տիրամայր Հայաստանի երգչախմբի և մեներգիչների գեղեցիկ կատարումներով, կազմակերպված էր քույրերի և Տիրամայր Հայաստանի կենտրոնի անձնակազմի ջանքերով և նրանց սաների, ինչպես նաև արհեստի դպրոցի ուսանողների ուժերով:

     

    Անարատ Հղության հայ քույրերի Հայաստանի մեծավորուհի ք․ Նարինե Սիմոնյանն իր բացման խոսքում ասաց հետևյալը․

     

    <<Այսօր հավաքվել ենք, ես կասեի, այս Սուրբ օրվա առիթով մասնակցելու և վերհիշելու  Վարդանանց փառահեղ և ամենանվիրական հերոսամարտը։

    Վարդանանց ճակատամարտը լոկ պատմական իրադարձություն չէ, այլ մեր ինքնության, հավատի և մեր աննկուն կամքի խորհրդանիշն է։

    Այս միջոցառումը հարգանքի տուրք է Վարդանանց նահատակների և մերօրյա հերոսների հիշատակին, ովքեր իրենց արյամբ կերտեցին մեր ժողովրդի լինելիությունը։

    Հայ Եկեղեցու պատմության մեջ կարդում ենք․ «Ավարայրը քրիստոնյա աշխարհի առաջին ռազմական բախումն է, ուր միմյանց դեմ ելան լույսի և խավարի, կյանքի և մահվան, հավատի և հավատուրացության, Հայրենիքի և ստրկացման իրարամերժ գաղափարները։  Ավարայրի դաշտում էին ոչ միայն Հայոց ռազմական ուժը, այլ նաև մտքի ու հոգու, լույսի ու Ավետարանի, հողի ու Հայրենիքի մշակները»։

    Ստույգ է այն փաստը, որ անցել է 1575 տարի, սակայն 451 թվականի Տղմուտ գետի ափին տեղի ունեցած պատերազմի զենքերի շաչյունը և Սուրբ Վարդանի կոչը «Վա՛սն հաւատոյ և վա՛սն հայրենեաց» մինչ օրս ուժգին հնչում է մեր և բոլոր սփյուռքի հայորդիների սրտի և հոգու մեջ։

    Սուրբ Վարդանանց զորավարները և նորօրյա 4 և 44-օրյա պատերազմներին մասնակից բոլոր հերոսներն  աշխարհին ապացուցեցին, որ կան արժեքներ, որոնք թանկ են իրենց իսկ կյանքից և ոչ մի թշնամի չի կարող ծնկի բերել հոգու ազատությունը>>։

     

    Սրբազան Հայրը ներկաներին ուղղված իր խոսքում ասաց հետևյալը.

     

    «Գերհարգելի և գերապատիվ, արժաանապատիվ քահանաներ, առաքինազարդ քույրեր, քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Վարդանանց պատերազմից անցել են արդեն 1575 տարիներ, և հիշում ենք այնպես, կարծես երեկ պատահեց: Մեր շարականները, բանաստեղծությունները Վարդանանց մասին մեր շրթունքներին են տակավին և հնչում են մեր ականջներում: Վարդանանց 451-ի ճակատամարտը վերջին փուլն է հայ ինքնության գոյապայքարի: 150 տարվա մեջ դարավոր պատմություն ունեցող ազգը փոխեց իր ճակատագիրն ընդմիշտ: Խոսքս քրիստոնեության մասին է. 301-ին հայ ազգի ընդունեց քրիստոնեությունը` որպես պաշտոնական կրոն: Սա պետք է նկատել որպես մեր ազգի ջրով մկրտությունը: Շատ արագ առաքյալներն ու վարդապետները սկսեցին շրջել և մկրտել հայորդիներին: Մինչև 5-րդ դարի սկիզբը նրանք ահռելի դժվարությունների էին հանդիպում՝ հայերեն լեզուն չիմանալու պատճառո: Երբ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հայերեն այբուբենը գտավ և մշակեց աստվածային միջամտությամբ, սա եղավ մեր ժողովրդի մշակութային մկրտությունը: Կորյունը իր գրքում շատ գեղեցիկ մի խոսք ունի. Հիսուսից ներողություն է խնդրում` ասելով, թե մենք քեզ սխալ ենք հասկացել՝ մինչև այն պահը, երբ սկսեցիր խոսել հայերեն: Այբուբենի գյուտով թարգմանվեց Աստվածաշունչը և հայի համար ամեն բան փոխվեց: Մշակութային այս մկրտությունից մոտ հիսուն տասնամյակ հետո հայը ինքն իրեն գտավ Ավարայրի ճակամարտի շեմին: Պատասխան պետք է տային Հազկերտին՝ հավատարիմ իրենց հավատքի էությանը, բայց Հազկերտը չհասկացավ` ասելով, թե ձեր խոսքերն այդքան էլ համոզիչ չեն, լավ հպատակներ եք, քաջ զինվորներ եք, բայց ինչ-որ ունեք` ձեր հավատքը, այբուբենը, մեզ համար ընդունելի չէ: Ու այսպես տեղի ունեցավ Վարդանանց ճակատամարտը` անհամեմատ ուժերով: Բայց հայը հաղթանակած դուրս եկավ` ասելով հետևյալը. մենք միշտ հավատարիմ ենք մնալու մեր երեք մկրտություններին` մեր ջրի մկրտությանը, մեր մշակութային մկրտությանը և մեր արյան մկրտությանը, որն այսօր է տեղի ունենում: Այլևս թող ոչ մեկը չհանդգնի մոտենալ հային` սակարկելու հայի հավատքը և ինքնությունը: Վարդանանց ճակատամարտով մի բնաբան ստեղծվեց` «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց». այս երկուսից ոչ մեկը չի զիջվելու մյուսի համար, կա՛մ երկուսը միասին, կա՛մ կարմիր գույնը` արյունը: Կամ մեր կյանքը կզոհենք, կամ պետք է ապրենք առանց այդ զիջումների: Այս երեք մկրտությունները մենք չենք կարող երբեք զիջել` մեր արյամբ վճարելով այդ ամենի համար: Արյան մկրտությունը պետք է կրկնվեր ցեղասպանությամբ, մինչև մեր օրերում հանուն հայրենիքի զոհված զինվորները։ Այդ ամենից հետո, սակայն, մեկ բան մնաց անհպելի և անսակարկելի՝ հայրենիքը, հավատքը և մեր հայկական ինքնությունը։ Ինչ-որ կարող է մեզ հուզել, խրախուսել, այն է, որ մենք այդ մեծ ժառանգության կրողներն ու պահպանողներն ենք, սա նաև մեծ պատասխանատվություն է ստեղծում։ Մենք պետք է շարունակենք կրել այդ ժառանգությունը և փոխանցել մեր հաջորդ սերունդներին>>։

     

    Տ․ Հովսեփ Քհն․ Գալստյան

    Դիվան Առաջնորդության

    13 փետրվարի, 2026թ․

     

Օրացույց

Օրացույց