Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի
2026թ. մարտի 17-ին ի Տեր հանգչեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Երկրորդը: Վրաց Պատրիարքը ապրեց 93 տարի՝ լինելով ամենաերկար կառավարող գահակալը Վրաց Ուղղափառ Եկեղեցու ողջ պատմության մեջ՝ 1977թ. դեկտեմբերի 25-ից մինչև մահը՝ 2026թ. մարտի 17-ը՝ 49 տարի, գրեթե կես դար: Նրա հուղարկավորության եկեղեցական և պետական արարողությունը տեղի ունեցավ 2026թ. մարտի 22-ին՝ նախ՝ Սուրբ Պատարագով՝ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն Մայր Տաճարում և ապա՝ Սիոնի Մայր Տաճարում, Հույն, Ռուս Ուղղափառ, Կաթողիկէ, Հայ Առաքելական Եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչների, վրաց պետական այրերի, ներկայությամբ տասնյակ հազարավոր հավատացյալների:
Հուղարկավորության պաշտոնական արարողությանը ներկա գտնվեց նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը՝ ուղեկցությամբ Վրաստանի Ավագերեց Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի, Կաթողիկէ Եկեղեցու այլ բարձրաստիճան հոգևորականների պատվիրակության հետ միասին, որի կազմում էին Սուրբ Աթոռի Եկեղեցիների միության Վերատեսչության Նախագահ Կարդինալ Քուրթ Քոխը, Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Արքեպիսկոպոս Արհ. Տ. Անտե Յոզիչը՝ իր քարտուղար Ալիաքսանդր Ռահինիայի հետ միասին, և Կովկասի լատինածես կաթողիկէների Առաջնորդ Արքեպիսկոպոս Արհ. Տ. Ջուզեպպե Բազոտտոն: Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը կարճ ողջունատրության հանդիպում ունեցավ նաև Հույն Տիեզերական Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ:
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ներկա գտնվեց նաև պաշտոնական ճաշին, որին մասնակցում էին ՀՀ Նախագահ Վահագն Խաչատրյանը, Վրաստանի Նախագահը, Վարչապետը, Խորհրդարանի Նախագահը և բոլոր միջազգային եկեղեցական և պետական պատվիրակությունները: Այստեղ ընթերցվեցին բոլոր պաշտոնական ցավակցագրերը, որոնց մեջ նաև՝ Ն. Ս. Լևոն ԺԴ Պապի ցավակցագիրը, որն ընթերցեց Կարդինալ Քոխը, և Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի ցավակցագիրը, որտեղ ասվում է հետևայլը.
«Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին,
Թբիլիսի, 18 մարտի, 2026թ.
Խոր ցավով ընդունեցինք Համայն Վրաց Ժողովրդի Կաթողիկոս Պատրիարք Ն.Ս. Իլիա Երկրորդի մահվան լուրը: Իր պատրիարքական երկար տարիների ծառայության ընթացքում նա առանձնահատուկ նվիրումով առաջնորդեց Վրաց Եկեղեցին՝ իր ժողովրդի հետ միասին անցնելով պատմականորեն դժվարին ժամանակաշրջանը և հավատարմորեն պաշտպանելով քրիստոնեական հավատքը, որ լուսավորել է վրացական հողը դարեր շարունակ: Նրա հովվական ծառայությունը կմնա որպես Եկեղեցու նկատմամբ հավատարմության, սեփական ժողովրդի նկատմամբ սիրո և արևելյան քրիստոնեության հոգևոր ավանդության հանդեպ անխոնջ նվիրումի փայլուն վկայություն:
Այս վշտի պահին, ուզում եմ Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու անունից վստահեցնել իմ անկեղծ հոգևոր մտերմության և եղբայրական սրտակցության մեջ՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սինոդին, հոգևոր դասին, վանական համայնքներին և բոլոր հավատացյալներին:
Մենք աղոթում ենք, որպեսզի Տերն Իր Արքայության լույսի մեջ ընդունի բազմավաստակ Պատրիարքին և պարգևատրի նրան Եկեղեցու և վրաց ժողովրդի հանդեպ իր երկարատև ծառայության համար:
Կիսելով Վրաց Եկեղեցու վիշտը՝ վստահեցնում ենք, որ հիշում ենք նրան մեր աղոթքներում, որպեսզի Տերը խաղաղություն և մխիթարություն պարգևի բոլորին, ովքեր կիսում են նրա վախճանման ցավը:
Ի Տեր մեր Հիսուս Քրիստոս խոր միության զգացումով՝
Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյան
Առաջնորդ Կաթողիկէ Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
23 մարտի, 2026թ.





