• ՀԿԵՄ Մեծ Պահոց հոգևոր կրթություն. առաջին անգամ՝ հայ կաթողիկէ երիտասարդների համար

    Սրբությունը ճանապարհ է


    Այս տարի, առաջին անգամը լինելով, 2026թ. մարտի 25-29-ը Երևանի հայ կաթողիկէ Առաջնորդարանի մասնաշենքերում կազմակերպվեց Հայ Կաթողիկէ Երիտասարդական Միության Մեծ Պահոց 5-օրյա հոգևոր կրթություն, որն ավարտվեց Ծաղկազարդի տոնով, որ նաև Կաթողիկէ Երիտասարդության Համաշխարհային օրն է: Թեև դասերի և աշխատանքային օրերի ընթացքում կային կազմակերպելը բավական բարդ էր, բայց Աստծո մի գեղեցիկ շնորհ էր, որ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներից կարողացան մասնակցել 62 երիտասարդներ՝ 4 հոգևոր հայրերի հետ միասին և Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի օրհնությամբ և մասնակցությամբ: Հոգևոր կրթության ընդհանուր թեման էր՝ «Սրբությունը՝ մեր օրերում. յուրաքանչյուրս կոչված ենք սրբության»՝ առաջնորդվելով Աստծո հետևյալ հիմնարար կոչով. «Սուրբ եղե՛ք դուք, որովհետև ես սուրբ եմ», Ղևտ. 11:44:

     

    25 մարտի, չորեքշաբթի, Տոն Ավետման Սուրբ Կույս Մարիամի

     

    Հոգևոր կրթությունը խորհրդանշական ձևով բացվեց Սուրբ Կույս Մարիամի Ավետման տոնին նվիրված Սուրբ Պատարագով, որը մատուցեց ՀԿԵՄ նորանշանակ Հոգևոր պատասխանատու, Երևանի ժողովրդապետ Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը՝ համապատարագությամբ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի, ով օգնում է ՀԿԵՄ կազմակերպչական հարցերում: «Սա մի հանդիպում է ոչ միայն միմյանց միջև, այլ՝ նախևառաջ, Աստծո հետ, ով սիրառատ հայացքով նայում է մեզնից յուրաքանչյուրին- ասաց Տեր Կոմիտասը,- չվախենա՛ք լսելու Աստծո ձայնը, թույլ տվե՛ք, որ այն հպվի ձեր սրտերին, Նա ձեզ ասելու բան ունի, երբեմն մի փոքրիկ աստվածային լույսի շողն էլ է հերիք՝ ձեր ճանապարհը հստակեցնելու համար, ուստի բացե՛նք մեր սրտերն անկեղծությամբ և ազատությամբ այս հոգևոր կրթության օրերին»: Տեր Կոմիտասը երիտասարդների համար նախաձեռնված այս աննախադեպ հանդիպումը հանձնեց Տիրամոր մայրական հոգատար խնամքին՝ Աստծուն առավել լավ ճանաչելու և սիրելու համար: ՀԿԵՄ Հոգևոր պատասխանատուն երիտասարդներին բացատրեց մի կարևոր ճշմարտություն, որ Ավետման պատմության օրինակով նախ Աստված Ի՛նքն է վստահում մարդուն և կանչում է նրան կարևոր տեղ ունենալու Իր ծրագրում:

     

    Առաջին օրվա բանախոսությունը՝ «Դու պատահականություն չես» թեմայով, վարեց ՀԿԵՄ անդամ Արմեն Ադամյանը, ով նաև Մարիամի Լեգեոնի անդամ է և Երևանի համայնքի երկարամյա նվիրյալ հավատացյլաներից, ՏՏ ոլորտի Էսթերոքս ընկերության տնօրենը: Նա խոսեց հետևյալի մասին.

    -մարդը ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ, սակայն՝ յուրաքանչյուրիս յուրովի և առանձնահատուկ ծրագրով ու առաքելությամբ, հետևաբար, Աստված մեզ ճանաչում է «դեռ մեզ արգանդում չստեղծած», Երմ. 1:5,

    -քրիստոնեայի գխավոր առաքելությունը ծառայելն է՝ Քրիստոսի օրինակով, միայն այդպե՛ս կարելի է հասնել սրբության,

    -սեփական ազատությունը կարելի է լիարժեք ապրել՝ միայն ուրիշներին ծառայելով,

    -Սուրբ Գրքի ամենօրյա ընթերցումը՝ որպես հոգևոր աճի հիմք,

    -աղոթել հաճախակի և աղոթել մանավանդ սեփական բառերով,

    -տարածված առօրեական մեղքեր և երիտասարդին անհրաժեշտ առաքինություններ:

    Բանախոսությունից հետո տեղի ունեցավ Սուրբ Հաղորդության երկրպագություն և Վարդարանի աղոթք:

     

    26 մարտի, հինգշաբթի

     

    Հոգևոր կրթության երկրորդ օրը՝ մարտի 26-ը, սկսվեց Սուրբ Պատարագով, որը մատուցեց Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը՝ փոքրիկ քարոզով, իսկ Տ. Անտոն Քհն. Անտոնյանն ընդունեց երիտասարդներին խոստովանությունները:

    Երկրորդ բանախոսությունը ներկայացրեց Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը՝ «Ի՞նչ է նշանակում «սուրբ» բառը և կարո՞ղ ենք արդյոք լինել սուրբ» թեմայով՝ ներշնչված Ն.Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի «Ցնծացե՛ք և ուրախացեք» նամակի բովանդակությամբ: Բանախոսության նպատակն էր Սուրբ Գրքի, եկեղեցական փաստաթղթերի և սրբերի օրինակով բացատրել, որ յուրաքանչյուր մարդ արարած կոչված է սրբության և կարո՛ղ է սուրբ լինել, նույնիսկ, այսօր և անկախ իր կյանքի տվյալ պահի հանգամանքներից և զբաղմունքից: Մեկուկես ժամ տևած բանախոսությունից հետո կազմակերպվեց խմբային քննարկում՝ 7 խմբերով, որոնք ջանացին պատասխանել հետևյալ հարցերին.

    1.Ի՞նչ են նշանակում «սուրբ» և «սրբություն» բառերը ինձ համար:

    2.Ովքե՞ր են սրբերը. արդյո՞ք նրանք մեզ նման մարդիկ էին:

    3.Կարող է արդյո՞ք որևէ մարդ լինել սուրբ՝ 21-րդ դարում: Ովքե՞ր կարող են, ովքե՞ր՝ ոչ:

    4.Կարո՞ղ եմ արդյո՞ք ե՛ս լինել սուրբ:

    5.Ի՞նչն է ինձ խանգարում լինել սուրբ:

    Օրվա երկրորդ կեսը նվիրվեց Սուրբ Գրքի միասնական և առանձնական ուսումնասիրությանը: Նախ խմբային ձևով խորհրդածեցին և քննարկեցին Ղուկաս, 5:1-11 հատվածը, որտեղ Հիսուսը կանչում է Սիմոնին, ապա առանձին լուռ խորհրդածություն կատարեցին Ղուկաս 19: 1-10՝ Զակքեոսի դարձը, հատվածի շուրջ՝ Սուրբ Հաղորդության երկրպագության և Վարդարանի աղոթքից հետո:

     

    27 մարտի, ուրբաթ

     

    Մարտի 27-ի բանախոսությունը վարեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը՝ «Երիտասարդությունը Եկեղեցու սուրբ առաքելության ներկան և ապագան է. երիտասարդական ավյունը և նվիրումը՝ Քրիստոսին և Եկեղեցուն» թեմայով:

    Սրբազանը նախ հարցրեց, թե ինչպես է անցնում Սուրբ Գրքի հատվածների շուրջ այսպիսի ձևաչափերով խորհրդածությունը, որը երիտասարդների առաջին փորձառությունն է: Նրանք խոսեցին իրենց հուզմունքի մասին՝ ավետարանական որոշ դրվագներն ընթերցելու ընթացքում: Սրբազանը բացատրեց, որ Աստծո շնո՛րհն է առաջացրել այդ հուզումը երիտասարդների հոգում:

    Նա խոսեց նախ երկու տեսակի իրադարձությունների մասին, որոնք պատահում են մեզ հետ՝ պատահականություններ՝ առանց մեզ համար խորքային ապրումների և եղելություններ, որոնք կարող են խոր հետք թողնել մեր հոգեկան աշխարհի վրա: Եղելությունները կարող են լինել դրական և բացասական: Օրինակ, Սուրբ Գիրք ընթերցելը երիտասարդների համար եղել է դրական խորքային մի եղելություն: Բայց կան նաև բացասական եղելություններ. օրինակ՝ արհեստական բանականության կողմից համացանցի միջոցով մեզ մատուցված տեղեկատվությունը մեզ աստիճանաբար կարող է տանել դեպի այնպիսի ազդեցիկ տեղեկատվություն, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ մեր վարքագծի և մտածողության վրա: Ինչպե՞ս կողմնորոշվել այս ամբողջ տեխնիկական հնարավորությունների համատեքստում, որ մեզ առաջարկում է ժամանանակակից աշխարհը: Այս ամենը ազդում է նաև մեր սրբության վրա:

    Այսօրվա աշխարհի առաջարկած միջոցները խանգարում են իսկապես հոգևոր ապրումի զարգացմանը, որի հետևանքում կրոնական սովորությունները, պաշտամունքային կյանքը դատարկվում է հոգևոր ապրումից: Նա առաջարկեց նաև զանազանել զուտ մակերեսային կրոնական գործողությունները՝ խոր հոգևոր ապրումով կրոնական կյանքից՝ կոչ անելով լինել հոգևո՛ր երիտասարդներ, ովքեր խորապես գիտակցում և ապրում են իրենց կրոնական կյանքը:

    «Մեր հույսը ձեր վրա է՝ որպես Եկեղեցու հույսը, դուք եք, որ պետք է փոփոխություններ բերեք ձեր համայնքներում: Ձեր ծնողները, պապիկները, տատիկները մեղավոր չեն այսօր, որ Եկեղեցուց հեռու են, որովհետև նրանք այնքան են հալածվել կոմունիստական ժամանակաշրջանում իրենց հավատքի համար, որ կենդանի սրբեր են: Իրենց սրբության ճանապարհը այդ հալածաքներն էին, իսկ ձեր սրբության ճանապարհը այսօրվա աշխարհի գայթակղությունների միջով է անցնում. եթե ձեզանից մեկը հետաքրքվում է հոգևոր կյանքով և կարողանում է մոտիվացնել մեկ ուրիշին և այդպես՝ մի քանիսին և շատերին, դա՛ է ձեր սրբությունը: Ձեր կյանքում տեղի ունեցած եղելությունների հոգևոր ուղերձներով է, որ կարող եք ազդել ուրիշների վրա: Ձեր հոգևոր ապրումները, օրինակ՝ ուխտագնացությունների, հոգևոր կրթությունների ժամանակ ապրած ձեր հուզումնե՛րն են, որ կարող են ազդել ձեր տարեկիցների և համայնքի վրա», ասաց Սրբազան Հայրը:

    Այլ հայրական հորդորներ.

    -աղոթք և լռություն. պետք է աղոթքի ժամանակ սովորենք լռել, որպեսզի Աստված խոսի մեր սրտերում,

    -հարկավոր է կանգ առնել յուրաքանչյուր սուրբգրային դրվագի, բառի և արտահայտության վրա, որտեղ կան ճշմարտություններ, որոնք չեն սահմանափակվում ժամանակի և տարածության մեջ,

    -ունենալ հստակ ծրագիր՝ կյանքի գործողությունների համար,

    -լիակատար վստահություն՝ Աստծո նկատմամբ: Աստված ինձ երբեք չի թողնի,

    -լինել միշտ ուրախ. տխուր քրիստոնյան միշտ հակառակ վկայություն է տալիս քրիստոնեության մասին,

    -մտածել այսպես. ես Եկեղեցու մեկ մասնիկն եմ, հետևաբար, մեկի վարքն ազդում է բոլորի վարքագծի վրա,

    -աշխատե՛ք մի կարևոր առաքելություն հանձն առնել Եկեղեցու բարօրության համար,

    -այս ամենի հանրագումա՛րն է  սրբությունը,

    -սրբությունը ճանապարհ է:

    Բանախոսությունից հետո երիտասարդները դարձյալ խմբերով քննարկեցին և պատասխաններ տվեցին հետևյալ հարցերին.

    1.կրոնական զուտ արտաքին բարեպաշտության տարբերությունը՝ հոգևոր ապրումից,

    2.պատահար և եղելություն. տարբերությունը՝ հոգևոր համատեքստում,

    3.ի՞նչ կարող ենք անել ավելին՝ մեր համայնքի և Եկեղեցու համար,

    4.մտահոգիչ երևույթներ՝ համայնքներում:

    Սուրբ Գրքից խմբային քննարկման համար ընտրված էին Հովհաննես 15:46-27 համարները՝ Տիրոջ խոսքերը: Իսկ առանձին խորհրդածության համար հանձնարարվեցին Ղուկաս 10:1-20 համարները՝ Հիսուսն ուղարկում է յոթանասուներկու աշակերտներին:

    Երեկոյան տեղի ունեցավ Ճանապարհ Խաչի ջերմեռանդությունը՝ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի առաջնորդությամբ և Սբ. Յոզեմարիա Էսքրիվայի խորհրդածությունների հիման վրա:

    Աղոթքից հետո երիտասարդները հյուրընկալեցին ֆրանսիական L’Oeuvres d’Orient կազմակերպության Գլխավոր Տնօրեն Մոնս. Հյուգ դը Ուոլեմոնին և կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչներ Լյուք և Բլոնդին Բուրրոներին, ովքեր ուրախությամբ ծանոթացան յուրահատուկ երիտասարդական հավաքի մանրամասներին և պատմեցին իրենց մասին:

     

    28 մարտի, շաբաթ

     

    Առավոտյան Սուրբ Պատարագը մատուցեց Հայաստանի Ավագերեց Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը:

    Չորրորդ բանախոսությունը՝ «Ամենօրյա սրբություն, ինչպե՞ս ապրել Աստծուն հաճելի կյանք» թեմայով ներկայացրեց Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը՝ առաջարկելով խորհրդածել հետևյալի շուրջ.

    -մարդու միայնությունն անընդունելի է Աստծո կողմից. առաջին բանը, որ Ծննդոց գրքում գտնում ենք, որ լավ չէ, դա Ադամի միայնությունն է, այսինքն մարդու լիարժեք կյանքի և հետևաբար սրբության համար, անհրաժեշտ են մարդկային հարաբերություններ, հաղորդակցություն,

    -հաճախ մենք ուզում ենք, որ Հիսուսը միջամտի մեր կյանքում և կանխի շատ ոճրագործություններ, մարդկային հարաբերությունների շեղումներ: Բայց Աստված մեր տվել է մարդկային ազատությունը: Ես նախընտրում եմ, որ Աստված չմիջամտի մեր կյանքում, որպեսզի ես մնամ մարդ՝ իմ ազատության մեջ, բայց ես կարիքն ունեմ Աստծո օգնության՝ իմ մարդկային հարաբերություններում:

    -«Այս է Աստծո կամքը՝ ձեր սրբությունը», Ա Թես. 4,1, հետևաբար, սրբանալը յուրաքանչյուրիս առաքելությունն է:

    -Մենք կարող ենք զբաղվել տարբեր բաներով, բայց ամենակարևորը սրբությունն է:

    -Սրբությունը՝ մեր հիմնարար պարտականությունները պատշաճ ձևով կատարելն է:

    -Հոգևոր կյանքը, սրբությունը մշտական անկումների և վերելքների մի ճանապարհ է, պայքար: Հարկ է միշտ առաջնորդվել Աստծով:

    -Մեր սրբությունը մարդկային շփումների մեջ է զարգանում:

    -Յուրաքանչյուրի սրբության ճանապարհն անցնում է յուրահատուկ ձևով, մեր կյանքի ուրույն պարագաներում: Սրբությունը փոքր բաներ անելն է՝ մեծ սիրով, ինչպես ասում էր Մայր Թերեզան:

    -Սբ. Պողոսը Տիմոթեոսին գրում է. «Թող ոչ ոք չարհամարհի քո երիտասարդությունը», Ա Տիմ. 4:12», դուք ոչ միայն ապագան եք, դուք նաև այսօ՛րն եք և չափազանց կարևոր՝ Եկեղեցու հոգևոր առողջության համար:

    Սրբությունը սիրելու արվեստն է՝ հետևյալ 10 քայլերով.

    սիրել բոլորին,

    սիրել անհատապես. Հիսուսը յուրաքանչյուրին կանչում էր իր անունով,

    սիրել դիմացինին՝ ինչպես սիրում ես ինքդ քեզ,

    սիրել առաջի՛նը, կատարել առաջին քայլը, Հիսուս առաջի՛նը սիրեց մեզ,

    կիսել դիմացինի ապրումները, հույզերը,

    սիրել՝ նշանակում է ծառայել,

    սիրել՝ նշանակում է ներել,

    սիրել՝ նշանակում է նաև ներողություն խնդրել,

    սիրել՝ նշանակում է դիմացինի մեջ տեսնել Քրիստոսին,

    սիրել՝ նշանակում է ինքնազոհաբերվել՝ Քրիստոսի օրինակով:

    Տեր Կոմիտասն իր բանախոսությունն ավարտեց Միշել Քուասթի աղոթքով, որում ասվում է.

    «Մեր կյանքը իր թերություններով հանդերձ թող լինի մի սրինգ՝ Աստծո ձեռքերում, որով Աստված կկարողանա մի գեղեցիկ բան նվագել մարդկության համար»:

    Երիտասարդները խմբերով քննարկեցին հետևյալ հարցերը.

    1.Ի՞նչ է նշանակում սիրել առօրյայում:

    2.Ինչպե՞ս կարելի է մարդկային շփումները դարձնել սրբության ճանապարհ:

    3.Արդյո՞ք տարբերությունը հարստություն է:

    4.Կարո՞ղ եմ դիմացինի մեջ տեսնել Աստծո պատկերը:

     

    Խմբային քննարկման համար առաջարկված հատվածն էր՝ Մատթեոս 25:31-46՝ Ահեղ դատաստանը կամ դատաստան ըստ սիրո:

    Երեկոյան տեղի ունեցավ ժամերգություն, որի ընթացքում բացվեց վարագույրը՝ ի նշան Քառասնորդաց Պահքի ավարտի: Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը ընթերցեց Ղազարոսի հարության ավետարանական պատմությունը և քարոզեց նույն թեմայով: Նա ուշադրություն հրավիրեց հետևյալ իրողությունների վրա. Հիսուսն արտասվեց, երբ ասացին, որ Ղազարոսը արդեն չորս օր է՝ ինչ մահացել է, Հիսուսի արտասվելը ամբողջ մարդկության համար է, որ բռնված է մեղքի և մահվան գերության մեջ: Եվ Ղազարոսին հարություն տալով՝ Հիսուսը նշան է տալիս, որ բոլորին է կանչում դուրս գալու մեղքի և հոգևոր մահվան վիճակից, և անվանապես յուրաքանչյուրին ասում է. «Դուրս արի՛»: Հիսուսի համար բոլորս ղազարոսներ ենք, որոնց Ինքը մշտապես կանչում է դեպի Կյանք՝ Իր Եկեղեցու միջոցով, որ կոչված է ազատագրելու մեղքի մեջ գերված մարդկությանը և քանդելու մեղքի կապանքները, ինչպես հարություն առած Ղազարոսին ազատեցին մարմնի պատանքներից: «Սիրելի՛ երիտասարդներ, դուք բացառիկ հնարավորություն ունեցաք այս օրերին՝ հոգևոր ապրում ունենալու և ազատագրվելու ձեր վատ սովորություններից, աշխարհային կապանքներից»:

     

    ՀԿԵՄ ժողովը

     

    Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ ՀԿԵՄ Վարչական խորհրդի ժողովը, որին մասնակցեցին հոգևոր կրթության բոլոր մասնակիցները՝ քննարկելու համար ընթացիկ և առաջիկա անելիքները: Ժողովը վարում էր ՀԿԵՄ Նախագահ Նաիրի Հաջյանը՝ առաջնորդությամբ ՀԿԵՄ Հոգևոր պատասխանատու Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի և Տ. Հովսեփի:

    Բացման խոսքից հետո ՀԿԵՄ քարտուղար Վեներա Պետրոսյանը ընթերցեց Հիմնադիր համագումարի արձանագրությունը, որը ստորագրելուց հետո ՀԿԵՄ փոխնախագահ Կատյա Հակոբյանը և սոցիալական մեդիայի պատասխանատու Նաիրա Ղազարյանը  ներկայացրեցին առաջին եռամսյակի ընթացքում ՀԿԵՄ-ի կատարած աշխատանքները.

    -ստեղծվել է ՀԿԵՄ համացանցային կայքը,

    -փոխվել է պաշտոնական լոգոյի տեսքը՝ իմաստային հավելումներով,

    -ամեն ամիս տեղի են ունեցել ՀԿԵՄ Վարչական խորհրդի առցանց և դեմառդեմ ժողովներ, որտեղ քննարկել են ընդհանուր և համայնքնային գործողությունները, ծրագրերը,

    -ներկայացրեցին մի քանի համայնքներում երիտասարդների կողմից կամավոր սկզբունքով կատարվող աշխատանքները, ՀԿԵՄ ստեղծմամբ դրանցում կատարված դրական փոփոխությունները. ակտիվ հոգևոր երիտասարդական կյանք է ծաղկում հատկապես Երևանի համայնքում, որտեղ գտնվում են հայ կաթողիկէ ուսանողության մեծ մասը՝ այն միջուկը, որը կոչված է առաջնորդելու ողջ ՀԿԵՄ-ը՝ ապահովելով յուրաքանչյուր գործունյա երիտասարդների մասնակցությունը իր համայնքի երիտասարդկան և ծխական կյանքում: Երևանում և մյուս առավել ակտիվ համայնքներում երիտասարդները կազմակերպում են հոգևոր և մշակությաին տոնական միջոցառումներ, ուխտագնացություններ, կրոնի դասեր՝ երեխաների համար, Սուրբ Գրքի ուսումնասիրության հանդիպումներ, խաղեր և այլն՝ իրենց համայնքների հոգևոր հովիվների հետ միասին:

    Ժողովի ընթացքում ամփոփեցին այս 5-օրյա հոգևոր կրթությունը: Ահա՛ երիտասարդների մի քանի կարծիքները.

    -սկսեցի ավելի շատ սիրել Հիսուսին,

    -առաջին անգամ սկսեցի այլ հայացքով նայել Սուրբ Գրքի ընթերցմանը և սկսեցի սիրել Աստծո Խոսքը,

    -այս օրերին իսկապես ապրեցի հոգևոր կյանքով,

    -ընկերական նոր հարաբերություններ հաստատեցի շատերի հետ,

    -չէի սպասում, որ այսքան լուրջ ուշադրություն կլինի Աստվածաշնչի նկատմամբ այսպիսի մասշտաբային հետաքրքրության պայմաններում,

    -կարծում եմ, կարևոր է, որ գնանք մեր համայնքներում և վկայություններ տանք մեր այս մի քանի օրերի մասին,

    -ես տեսա, որ մենք շատ տարբեր կարծիքներ ունեինք Սուրբ Գրքի շուրջ խորհրդածելիս, բայց միավորված էինք մեկ նպատակի շուրջ:

    Քննարկվեցին կազմակերպչական հարցեր առաջիկա ընդհանուր միջոցառումների վերաբերյալ, որոնք հետևյալն են.

    Ամառային վրանային ճամբար Տաշիրում` օգոստոսի 4-7, 2026թ.,

    -Հոգևոր կրթության օրեր` Ծաղկաձորի քույրերի տանը, 5-9 հոկտեմբերի, 2026թ.,

    -Երիտասարդության համաշխարհային օրեր – հուլիս-օգոստոս, 2027, Սեուլ, Հարավային Կորեա:

    Այս վերջին երիտասարդական ուխտագնացության նախապատրատության և իրականացման համար ստեղծվեց 9 անդամներից բաղկացած հանձնախումբ, որտեղ ընդգրկվեցին Տ. Կոմիտասը, Տ. Հովսեփը և ՀԿԵՄ ղեկավար կազմի 7 երիտասարդներ: Հանձնախմբի առաջին հանդիպումը նախատեսվեց առաջիկա մայիսի 4-ին: Հաջորդ տարի տեղի ունենալիք այս համաշխարհային միջոցառմանը նախատեսվում է մասնակցել երիտասարդական ավելի մեծ խմբով, որտեղ ընդգրկված կլինեն հոգևոր կյանքում ակտիվ երիտասարդներ՝ ամբողջ Առաջնորդության տարածքից, ինչպես նախորդ տարիներին: Այս տարվա մայիսին արդեն կսկվեն նրանց հոգևոր պատրաստության առցանց հանդիպումները՝ ԵՀՕ-2027-ի համար նախատեսված թեմաներով:

     

    29 մարտի, Ծաղկազարդ և Երիտասարդության համաշխարհային օր

     

    Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը՝ առընթերակայությամբ  Արժ․ Տ․ Կոմիտաս Քհն․ Դավեյանի։ Իր քարոզի ժամանակ Սրբազանն Հայրը, երիտասարդներին դիմելով՝ ասաց․

    «Այս հոգևոր կրթության օրերին հնարավորություն ունեցանք շփվելու միմյանց հետ ջերմությամբ, կիսվեցինք միմյանց հետ։ Սա հրաշալի փորձառություն էր։ Մի քանի ամիս առաջ միասին հիմնադրեցինք Հայ Կաթողիկէ Երիտասարդաց Միության։ Հիմա տեսնում ենք, որ այս նորահիմն ընտանիքը սկսում է մեծանալ, ծիլեր արձակել։ Այսպես, մեր երիտասարդները դառնում են մեկ սիրտ, մեկ հոգի։ Տարբեր համայնքներում բնակվող երիտասարդները բարեկամացան իրար հետ՝ կրճատելով հեռավորությունները։ ՀԿԵՄ-ը կամուրջ ստեղծեց նախկինում կղզիացած երիտասարդական խմբերի միջև։ Այս օրերիքն դուք ունեցաք նաև խիտ հոգևոր ապրումի պահեր, երբ մտածեցիք Սուրբ Գրքի պատմությունների վրա՝ Զակքեոսի մասին, որ ուզում էր Հիսուսին տեսնել, Սիմոնի կոչումը, և դրանք միայն տեղեկատվություն չէին, այլ յուրաքանչյուրդ զգացիք, որ ծարավ և կարոտ ունեիք Հիսուսի հանդեպ և հարցրեցիք. «Ի՞նչ է ուզում Հիսուսը, որ անեմ, կամ չանեմ»: Ձեր առանձին խորհրդածությունների ժամանակ զգացիք, որ շատ փոքր եք, և Հիսուսին չպիտի կարողանաք տեսնել՝ Զակքեոսի նման, ուզեցիք մագլցել մի ծառ, որ կարողանաք տեսնել Հիսուսին: Եվ Հիսուսը մի ձևով ձեզ ասաց, որ այսօր պետք է ձեզ մոտ գա շատ պարզ պայմաններում և գիտի յուրաքանչյուրիդ անունը»:

    Սրբազան Հայրը երիտասարդներին շնորհակալություն հայտնեց իրենց ներկայության համար և պատվիրեց իրենց հոգևոր ապրումը, որ ունեցան այս օրերին, փոխանցել իրենց համայնքների տարեկից երիտասարդներին և հիշել, որ իրենք հույսի կրող են և Եկեղեցու հույսն են, որպեսզի շարունակեն քրիստոսավանդ առաքելությունը:

    Սուրբ Պատարագից, ապա նաև Ուռօրհնէքի ու Անդաստանօրհնէքի արարողություններից հետո ՀԿԵՄ երիտասարդները գեղեցիկ և խանդավառ միջոցառումով փաստեցին իրենց սրտերում բաբախող կենսախինդ հույսը և հավատքը ապագայի հանդեպ, երգ ու պար և ուրախության պահեր, հոգևոր ապրումի կիսումներ և ի վերջո հուզումնալից հրաժեշտ՝ շուտով դարձյալ հանդիպելու անհամբեր սպասումով:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    31 մարտի, 2026թ.

     

     

Օրացույց

Օրացույց