• Ռենովաբիսի տնօրենի և գերմանացի աստվածաբանների ու լրագրողների այցը Երևանի Առաջնորդարան

    Համագործակցության՝ քրիստոնեական արժեքների հիման վրա


    2026թ. ապրիլի 8-ի երեկոյան Երևանի Առաջնորդարանում Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հյուրընկալեց գերմանացի հյուրերի մի պատվիրակություն, որը գլխավորում էր Ռենովաբիս բարեգործական կազմակերպության տնօրեն պրոֆեսոր Հայր Թոմաս Շվարցը և որի կազմում էին Ռենովաբիսի աշխատակիցներ, աստվածաբաններ, լրագրողներ: Նրանց ուղեկցում էին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ժամանակավոր պաշտոնակատար պրն. Պարգև Բարսեղյանը, պատվիրակության այցելության հայաստանյան կազմակերպիչներ աստվածաբանության դոկտոր Հարություն Հարությունյանը, Համայնքային զարգացման ՀԿ ծրագրի ղեկավար դկտ. Հայարփի Աղախանյանը և Արևագալ Տուր ընկերության տնօրեն Հակոբ Գրիգորյանը: Տեղի ունեցավ ընթրիք և ծանոթության զրույց: Պատվիրակության անդամներին միավորում էր Ռենովաբիս կազմակերպության կողմից 2026-ին իրականացվող մի արշավ, որը կոչվում է «Աճել միասին, որպեսզի Եվրոպան մնա մարդկային»: Հյուրերը եկել էին ծանոթանալու հայկական միջավայրին, Հայ Կաթողիկէ և Հայ Առաքելական Եկեղեցիների պաշտամունքային կյանքին, հասարակական հատվածում Ռենովաբիսի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերի արդյունքներին, որոնք հատկապես կապված են Արցախից տեղահանված հայության սոցիալական պայմանների բարելավմանը՝ Վայոց Ձորի մարզում: Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը համառոտ ներկայացրեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմությունը և առաքելությունը, տեղի հասարակության մտայնությունը հոգևորի և բարեսիրության նկատմամբ, նաև առանձին հարցազրույցներ տվեց գերմանացի լրագրողներին: Պատվիրակությունը Հայաստանում իր այցելությունը կավարտի ապրիլի 13-ին:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    9 ապրիլի, 2026թ.

Օրացույց

Օրացույց