• Սրբազան Հոր հանդիպումը ամուսնացյալ քահանաների հետ` իրիցկինների հետ միասին

    Առիթ մտերմության և խորհրդածելու հովվական առաքելության մասին։


    2026թ. փետրվարի 12-ին` Վարդանանց տոնին, Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանին Ծայրագույն Վարդապետի աստիճանի շնորհման Սուրբ Պատարագից հետո Առաջնորդ Հայրը առանձին հանդիպում ունեցավ ամուսնացյալ քահանաների և նրանց իրիցկինների հետ: Նման հանդիպում առաջին անգամն էր, Առաջնորդն ուզում էր ծանոթանալ իրիցկանանց հետ` նաև հնարավորություն ընձեռել նրանց շփվելու միմյանց հետ և առավել մտերիմ հարաբերություններ հաստատելու:
    Սրբազան Հայրն իր Սուրբ Պատարագի քարոզում նրանց ուղղված խոսքում ասաց.

     

    «Միշտ իմ այցելությունների ժամանակ սիրով հյուրընկալել եք ինձ: Հասկացել եմ, թե ինչպիսի դժվարություններով եք անցնում: Սերմանում եք Աստծո Խոսքը, որը բուսնում է տեղ-տեղ, տալիս է պտուղ` մեկին վաթսուն, մեկին` իննսուն, ինչպես ասում է Տերը: Տեսնում եմ, որ ոչինչ չեք խնայում ձեր համայնքների համար, և ջանքը, քարոզը, ժողովները, նախաձեռնությունները, կարծես, պատասխանում են ձեզ լռությամբ: Քաջ եղե՜ք, մի՜ հուսահատվեք, սերմերը ցանելը ժամանակ է պահանջում: Աստծո Խոսքը սերմանելու մեջ երբեմն արդյունքը գալիս է մեր մահից հետո, երբ մեր շիրիմների մոտ հավաքված հավատացյալ ժողովորդը պիտի ասի, թե այս քահանան իսկապես Աստծո մարդն էր: Ոչ մի արտասուք, որ հոսում է ձեր աչքերից դժվարության պահին, Աստծո մոտ անտեղի չի անցնում: Սիրելի՜ երեցկանայք, հավատավոր կանայք եք, որ մշտապես ինձ ընդունել եք ձեր հարկերի տակ ջերմությամբ և առատաձեռնությամբ: Լավ իմացեք, որ հավատարիմ մնալով Եկեղեցու առաքելությանը և ձեր քահանա ամուսիններին, կնմանվեք անհայտ զինվորի` հանուն Աստծո Արքայության քարոզության: Ձեր բոլորի վարձքը թող կատարվի»:

    Առանձին հանդիպման ժամանակ Սրբազանը մեկ առ մեկ ծանոթացավ երեցկանանց հետ` խոսք տալով նրանց և լսելով նրանց պատկերացումները իրենց ամուսիններին հովվական առաքելության մեջ օգտակար լինելու մասին, թե ինչպես են ապրում իրենց հոգևոր կյանքը, ինչպես են հոգևոր դաստիարակություն տալիս իրենց զավակներին: Երեցկանայք ուրախությամբ խոստովանեցին, որ հաճելի էր այդ հանդիպումը` որպես իր տեսակով առաջինը, որտեղ կարևորվում է նաև երեցկանանց դերը` հովվական ծառայության մեջ:
    Տեղի ունեցավ միասնական սիրո ճաշ և ջերմ զրույց:
    Սրբազանը խոստացավ ամեն տարի Ղևոնդյանց տոնին շարունակել այս հանդիպումները` քահանաների և երեցկանանց հետ:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության
    12 փետրվարի, 2026թ.

Օրացույց

Օրացույց