
«Սիրեաց զիւրսն, ի սպառ սիրեաց զնոսա», Հվհ. 13,1
2026թ. մարտի 16-19-ը Երևանի Առաջնորդարանում տեղի ունեցան հոգևոր կրթության օրեր՝ ողջ հոգևոր դասի համար՝ առաջնորդությամբ Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի և օրհնությամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի: Հոգևոր կրթության բնաբանն էր՝ «Սիրեաց զիւրսն, ի սպառ սիրեաց զնոսա», Հվհ. 13,1: Գերհ. Հ. Պետրոս Եսայանը բացատրեց, որ ընտրել է այս բնաբանը, քանի որ քահանայական ծառայության և առաքելության շարժիչ ուժը և նպատակը սերն է, սիրել Քրիստոսին և մարդկանց՝ ի սեր Քրիստոսի: Երեք օրերի ընթացքում օրական երկու բանախոսությունների ընթացքում, առաջնորդվելով Ն. Ս. Բենեդիկտոս 16-րդ Սրբազան Պապի «Հիսուս Նազովրեցի» եռահատոր աստվածաբանական մեկնողական աշխատասիրությամբ, խոսեց հետևյալ թեմաների շուրջ.
1.Ղազարու հարությունը, որով բացվում է Ավագ Շաբաթը,
2.Հիսուսի փառավորման ժամը՝ ըստ Հովհաննեսի Ավետարանի,
3.Հիսուսի քահանայապետական աղոթքը, Հվհ. 17,
4.Քրիստոսի չարչարանքները և մահը,
5.Քրիստոսի Հարությունը և երևումները Մարիամ Մագդաղենացուն՝ ըստ Հվհ. 20, և աշակերտներին՝ Էմմավուսի ճանապարհին, Ղկ. 24,
6.Հարուցյալ Քրիստոսի երևումը աշակերտներին՝ Տիբերիայի լճի ափին, Հվհ. 21:
Բանախոսություններին հաջորդում էին լուռ խորհրդածության պահերը, որոնց ընթացքում քահանաներն առանձին խորհրդածում էին քննարկված ավետարանական հատվածների և Եբրայեցիներին ուղղված նամակի տեքստերի շուրջ` որպես լրացուցիչ խորհրդածության նյութ: Աղոթական կյանքը ևս շատ հարուստ էր՝ ամեն օր Արևագալի ժամերգությամբ, Սուրբ Պատարագի մատուցմամբ, Ճաշու ժամերով, Երեկոյան և Խաղաղական ժամերգություններով, Սուրբ Հաղորդության երկրպագությամբ և Ճանապարհ Խաչի ջերմեռանդությամբ:
Վերջին օրը՝ մարտի 19-ի երեկոյան, հոգևորականները կիսվեցին եռօրյա հոգևոր կրթության վերաբերյալ իրենց իրենց տպավորություններով: Նրանք ասացին, թե բանախոսությունները հնարավորություն տվեցին նորովի մտածելու ավետարանական պատմությունների, Տիրոջ չարչարանքների և Հարության խորհուրդների մասին, քահանայի ինքնանվիրման և սրբացման առաքելության մասին: Կարևորվեց և այն, որ հոգևոր կրթությունը միավորում է քահանաներին և հնարավորություն ստեղծում միասնաբար մտածելու ընդհանուր առաքելության մասին, միասին աղոթելու նույն նպատակների համար: Սրբազանի համար կարևոր էր մանավանդ հետևյալ կետը. պատասխանատվություն ստանձնել միմյանց համար՝ որպես հայրեր, քանի որ քահանաները միայն եղբայրներ չեն, այլև՝ հայրեր միմյանց և ժողովրդի համար:
Մարտի 19-ի երեկոյան քահանաները հանդիպում ունեցան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, Էսթերոքս ընկերության տնօրեն Արմեն Ադամյանի հետ, ով խոսեց արհեստական բանականությամբ ստեղծված ծրագրային հնարավորությունների մասին՝ որպես ավետարանելու կարևոր ժամանակակից գործիքներ: Առանձին ներկայացրեց նաև Առաջնորդարանի թարմացված հեռախոսային հավելվածի հնարավորությունները: Հավելվածը կոչվում է Ordinariate և արտացոլում է Առաջնորդության կայքի բաժինները և շատ այլ օգտակար տեղեկատվություն:
Մարտի 20-ին տեղի ունեցան աշխատանքային ժողովներ: Նախ առանձին ժողովներ տեղի ունեցան Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ավագերեցությունների կազմերով, որտեղ վերլուծեցին Առաջնորդի կողմից դրված նոր պահանջները և ծառայության սկզբունքները, ապա տեղի ունեցավ Ավագերեցների ժողովը, որին հաջորդեց Քահանայական ընդհանուր ժողովը:
Քահանայական ժողովի ընթացքում.
1.Ժողովրդապետները զեկուցեցին ժողովրդապետություններում կատարված աշխատանքների, վիճակագրական հարցարանների լրացման, ֆինանսական հաշվետվությունների, գույքագրումների, նախորդ ժողովի ընթացքում քահանաներին ներկայացված պահանջների կատարման վերաբերյալ, ապա ներկայացրեցին ժողովրդապետությունների կարիքները և նախատեսվող ծրագրերը,
2.Ապա Տ. Հովսեփը զեկուցեց 2027-ի Երիտասարդների համաշխարհային օրերի կազմակերպչական հարցերի մասին՝ առաջարկելով ստեղծել կազմակերպչական հանձնախումբ: Ձևավորվեց հանձնախումբ, որը բաղկացած է 9 անձերից՝ երկու հոգևորականների և յոթ երիտասարդների անդամակցությամբ, ովքեր նաև կկազմակերպեն հաջորդ տարի ուխտագնացության մեկնող երիտասարդների հոգևոր պատրաստությունը: Հանձնախմբի Համակարգող նշանակվեց Տ. Կոմիտաս քհն. Դավեյանը, որ նաև անվանվեց երիտասարդական միության՝ ՀԿԵՄ-ի հոգևոր պատասխանատու և միաժամանակ՝ Ընտանիքների հոգևոր առաջնորդության ծրագրերի պատասխանատու, որի համար ևս կձևավորվի առանձին հանձնախումբ:
3.Քրիստոնեականի դասավանդման աջակցման հանձնախմբի համակարգող Տ. Հովսեփ Գալստյանը զեկուցեց հանձնախմբի մինչ օրս կատարված աշխատանքների և ծրագրերի մասին: Մասնավորապես հայտնեց, որ կրոնուսույցների պատրաստությունը, որը մեկնարկել է 3 տարի առաջ, շարունակվում է առցանց եղանակով, մասնակցում է 17 անձ: Համագործակցության և շարունակական հոգևոր վերապատրաստության նպատակով գործընկերային հարաբերություններ են ձևավորվել Միացյալ Նահանգների Սթյուբենվիլի ֆրանցիսկյան համալսարանի Կրոնուսուցման ինստիտուտի հետ, որը կօգնի նոր մեթոդներ զարգացնել կրոնուսույցների պատրաստության համար:
4.Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը զեկուցեց նորաստեղծ Ծիսական հանձնախմբի ծրագրերի վերաբերյալ, որոնք ներառում են ծիսական գրականության տպագրություն, ծիսական հարցերի ընդհանուր ուղեցույցի մշակում և ընթացիկ խորհրդատվություն՝ հայ կաթողիկէ ծեսը հավուր պատշաճի հարգելու և պահպանելու տեսլականով:
5.Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ընդհանուր ձևով նկարագրեց Առաջնորդության հովվական առաքելության մարտահրավերները, լուծելիք խնդիրները և ֆինանսատնտեսական վիճակը, ինչպես նաև մարտահրավերներին հասցեական և արհեստավարժ ձևով ավելի արդյունավետ լուծումներ տալու նպատակով ձևավորվելիք «Հովվական ընդհանուր խորհրդի» և «Ֆինանսական և նյութական ռեսուրների կառավարման հանձնախմբի» վերաբերյալ: Քահանաները, առաջին անգամ լինելով, լսեցին նաև Առաջնորդության գլխավոր հաշվապահի զեկույցը՝ տարեկան ֆինանսական ծախսերի վերաբերյալ: Այս գործելաոճը կօգնի սինոդական ոգով միասնաբար աշխատելու և ճիշտ լուծումներ գտնելու համար՝ որոշումների կայացման գործընթացում խորհրդատվական մակարդակում ընդգրկելով թե՛ հոգևորականներին, թե՛ արհեստավարժ հավատացյալ անձանց՝ ի բարօրություն Եկեղեցու և Առաջնորդության:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ հայոց
23 մարտի, 2026թ.




