• Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանի շնորհավորանքի խոսքը՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակի առթիվ

    Դիվան 12/026, արտ. նմկ.
    7 փետրվարի, 2026թ.


    ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔ` ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀՈՐ ԾՆՆԴՅԱՆ 350-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

     

    Արհիապատիվ, Գերհարգելի, Գերապատիվ հայրեր, միաբան եղբայրներ,

     

    Սույն նամակով ուզում եմ Ձեզ փոխանցել ջերմագին եղբայրական շնորհավորանքներս Մխիթար Սեբաստացի Աբբահոր ծննդյան 350-ամյա հոբելյանի բերկրալից առթիվ: Հնարավոր չէ մի փոքրիկ նամակում արտահայտել այն մեծ հիացմունքը և հարգանքը, որ ես մշտապես տածել եմ Մխիթար Աբբահոր վիթխարի ժառանգության հանդեպ, որ վերջին երեք հարյուրամյակների ընթացքում մեծապես պայմանավորել է քրիստոնեական աստվածաբանության հայացման, հայեցի ընկալման, հայագիտության, լեզվաբանության, թարգամանական արվեստի, մշակութաբանության, գրականության, պատմագիտության, փիլիսոփայության, ճարտարագիտության զարգացման, հայ իրականության մեջ առհասարական գիտական մտածողության ձևավորման, հայկական մշակույթի գոհարների պահպանության, մշակութային բարձրարվեստի, հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացման ընթացքը և ինքնին գոյության հնարավորությունը` այն էլ մի փոքրիկ կղզյակի վրա, որ երկրորդ Հայաստանն է: Պետք է փաստել, որ Մխիթար Աբբահայրը իր աշակերտների հետ վերջին երեք հարյուր տարիների ընթացքում հայապահպանության և հայ եկեղեցական կյանքի ծաղկման գործում կարողացան անել ավելին, քան հնարավոր եղավ անել մայր հայրենիքի հողի վրա հայ ոսկե դարից հետո` մինչև այսօր: Ինձ համար` որպես եկեղեցական, հատկապես, առանձնակի գնահատանքի արժանի է հայ վանականության ավանդույթների պահպանությունը և զարգացումը, որ հնարավոր եղավ Կաթողիկէ Եկեղեցու ծոցում` Սրբազան Քահանայապետների հայրական հոգածության ներքո և Մխիթար Աբբահոր նվիրյալ կյանքի անկոտրում ջանքերով ու աղոթքներով:
    Ի նկատի ունենալով ներկայում հայ հասարակության մեջ հայ եկեղեցականի կերպարին սպառնացող վտանգները, որոնք ընդհուպ մոտենում են եկեղեցական համայնքների գոյությունը հարցականի տակ դնելուն և հայ հասարակության մեջ սրբության հանդեպ հավատքի կորստյանը, առավել շեշտված ձևով կարևոր է դառնում Մխիթար Սեբաստացու` հայի սրբության համար պայքարող տեսակով հոգևորականի տիպարի կենդանի ներկայությունը մեր մտքերում և հոգևոր ծառայության մեջ` որպես սրբապատկեր, նրան ունենալով որպես բարեխոս և առաջնորդող աստղ` մեր տագնապներով լի հայ իրականության մեջ, բայց` խաղաղ և խոստումնալից երկնակամարում: Մխիթարը դեռ երիտասարդ տարիներից անզիջում պայքար էր մղում խավարամտության, կեղծիքի, տգիտության, եկեղեցական-վանական կյանքի բոլոր բասացական երևույթների դեմ, որոնք սպառնում էին հայ քրիստոնեության և Հայ Եկեղեցու սրբազան ավանդության գոյությանը: Այս պայքարում, շատերի կողմից չհասկացված մնալով և հալածվելով, Մխիթարը մենակ չէր, բազումողորմ Աստված նրան ուղարկեց լուսավոր աշակերտներ, բացեց դռներ, որոնք հասարակ մահկանացուների համար անմատչելի էին թվում, բայց ոչ` Աստծո համար և Մխիթարի անզիջում, անխոնջ, աստվածամուխ հոգու համար, որ կարողացավ մեկիկ-մեկիկ իրականացնել իր աստվածատուր երազանքները` ի փառս Աստծո և ի հպատրություն հայ ազգի:

     

    Այսօր մենք կարիքն ունենք Մխիթար Աբբահոր բարեխոսության և նրա նման հոգևորականների` միասին պայքարելու համար այդ նույն երևույթների դեմ, որոնք կային երեկ, կան և այսօր: Մեր օրերում մենք կարիքն ունենք Մխիթարի լայնախոհության և հոգևոր նրբանկատության, որպեսզի հաղթահարենք մեր մեջ բույն դրած հատվածականության, պառակտումների, եսասիրության, հեշտասիրության ցավալի փաստերը և մեր Հայ Կաթողիկէ Եկեղեցու նավն առաջնորդենք այն նույն ազգաշեն և եկեղեցաշեն ճանապարհով, որով առաջ էր գնում Մխիթարի աշակերտների աստղաբույլը` հավատարիմ մեկ ընդհանրական հայ Եկեղեցի ունենալու տեսլականին:
    Վստահեցնում եմ ձեզ մշտական աղոթքներիս մեջ` Աստծո Ծառա Մխիթար Աբբահոր երանացման դատի հաջողությամբ պսակման և, վերջապես, այս մեծ հայի սրբադասման համար, որպեսզի ըստ արժանվույն համալրի հայ սրբերի երկնային աստղաբույլը:
    Սիրելի՜ միաբաններ, թող Տիրամայրը շարունակի հոգ տանել ձեր Աբբահոր հավատքի ժառանգության մասին և իր մայրական բարեխոսությամբ հարստացնի այն նոր մշակներով, նոր ձեռքբերումներով, միաբան հոգով և ազգին ծառայելու հովվական առավել մեծ առաքելագործ ավյունով:

     

    Աղոթքի միաբանությամբ և եղբայրական սրտակցությամբ`

     

     

    ✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
    եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

    Տօն ծննդեան Մխիթար Սեբաստացի Աբբահօր,
    Գիւմրի, Առաջնորդական նստավայր կաթողիկէ հայոց

Օրացույց

Օրացույց